Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի

Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի

Tue, 21 Jul 2026 12:09:41 +0400


Արենիում ակտիվ աշխատանքներ են իրականացվում առաջին քարայրային թանգարանի ստեղծման ուղղությամբ:
Viva-ի և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի համագործակցության նպատակը հեռանկարային է:
Գործընկեր կազմակերպությունները ձգտում են մինչև տարեվերջ հնագույն քաղաքակրթության և գինեգործության
օրրանը հանրությանն ու աշխարհին ներկայացնել նոր ձևաչափով՝ քարայրային թանգարանի տեսքով: Դա թույլ կտա
պահպանել հնագիտական բացառիկ ժառանգությունը և նպաստել Վայոց ձորի զբոսաշրջության, կրթության,
գիտության ու տնտեսության զարգացմանը: Ավելին, թանգարանի ստեղծումը կարող է նպաստել, որ «Արենի-1
քարայրը» դառնա նաև եզակի գիտակրթական կենտրոն ամբողջ Հարավային Կովկասում:

Համաշխարհային նշանակության հնագիտական կենտրոնում արդեն ավարտվում են պահարանների և ցուցափեղկերի տեղադրման աշխատանքները: Զուգահեռաբար լուծվում են թանգարանի լուսավորության, կահավորման հայեցակարգի և անվտանգության ապահովման հարցերը: Հայտնաբերված գունազարդ կարասն արդեն իր տեղն ունի:

Նախապատրաստվել է նաև դրա անիմացիոն ցուցադրությունը: Հիմնադրամն արդեն յոթ տարի հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում: Հետազոտվող շերտերում պահպանվել է մարդկության ձևավորման վաղ փուլերից
մինչև մեր օրերի բացառիկ պատմություն: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենիի քարայրի, այլև Արփա
գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։

«Քարայրային թանգարան ստեղծելու միտքը բավականին ռիսկային էր, որովհետև չկա նման փորձ: Մի բան է
համարձակ գաղափար ունենալը, մեկ այլ՝ այն նյութականացնելը: Այդպես է նաև հնագիտության մեջ: Մի իրավիճակ
է, երբ նոր հուշարձան ես պեղում և չգիտես՝ ինչ ակնկալել, մեկ այլ՝ երբ շարունակում ես տարիներ առաջ սկսած
աշխատանքդ: Viva-ն հավատաց մեր նախաձեռնության կարևորությանը, գնաց ռիսկի և աջակցեց մեզ: Ռիսկեր
իհարկե կան, սակայն թանգարանի ստեղծման ընթացքը ցույց է տալիս, որ մեր հույսերը կարդարանան և կունենանք
շատ լավ արդյունք», – ասել է «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:

««Արենի-1» քարայրը ոչ միայն Հայաստանի եզակի հնագիտական հուշարձաններից է, այլև համաշխարհային
նշանակության ժառանգություն, որը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու մարդկային
քաղաքակրթության, մշակույթի և գինեգործության ակունքները։ Viva-ի համար մեծ պատիվ է մասնակցել մի
նախագծի, որը միավորում է գիտությունը, կրթությունը, ազգային ժառանգության պահպանությունն ու մարզային
զբոսաշրջության զարգացումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում առաջին քարայրային թանգարանի ստեղծումը հնարավորություն կտա արժանավայել ներկայացնելու այս անգնահատելի գտածոները աշխարհին, փոխանցելու դրանց նշանակությունը գալիք սերունդներին և նոր խթան հաղորդելու Վայոց ձորի մարզի զարգացմանը։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն անցյալի պահպանման, այլև մեր երկրի ապագայի կերտման գործում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Նյութական ու հոգևոր մշակույթների կապը ներկայացնող Արենի-1 քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ
ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող հազարավոր գտածոներ: Դրանք փոխում են մարդկության վաղ պատմության մասին եղած պատկերացումները: Թանգարանային ցուցադրության նմուշ դառնալու համար գտածոները
Հնագիտության և ազգագրության ինստիտուտում անցնում են վերականգնման երկարատև գործընթաց։ Այս
աշխատանքը պահանջում է համբերատար, զգույշ, բծախնդիր և պատասխանատու մոտեցում, որպեսզի մեր երկրի
հնագիտական ժառանգությունը և համամարդկային նշանակության գտածոներն արժանավայել կերպով ներկայացվեն
աշխարհին:
Քարայրային թանգարանն ունենալու է երկու դահլիճ: Viva-ի աջակցությամբ թանգարանը կկահավորվի ու նաև
կհագեցվի անվտանգության անհրաժեշտ համակարգով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում դա

«Հրապարակ». Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում դա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով