Մենակ պաշտոնը չէ, ֆեյսբուքի էջն էլ է փակել…
Tue, 21 Jul 2026 13:45:31 +0400

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որն իր ֆեյսբուքյան էջում 128 հազար հետևորդ ուներ, որոշել է անցնել «թվային արձակուրդի»՝ էջը փակել է ու անցնել ընդհատակ։ Ստացվում է՝ ոչ միայն պաշտոնական դուռն է փակվել, այլև՝ սոցիալական ցանցի դարպասները։
Թվում է՝ հաշվարկը պարզ է․ եթե պաշտոնը թողնում ես, պետք է նաև թողնես մեկնաբանությունների բաժինը։ Հանկարծ մի հետևորդ չհամարձակվի գրել․ «Պարոն Հարությունյան, իսկ ի՞նչ եղավ, ինչո՞ւ հեռացաք»։ Չէ՞ որ նման հարցերը երբեմն ավելի ծանր են լինում, քան ամենաերկար պաշտոնական զեկույցները։
Միգուցե վախեցել է ոչ թե հարցերից, այլ պատասխանների «վտանգավորությունից»․ մեկ էլ հանկարծ ներվերը չդիմանան, մի անկեղծ բան գրի, հետո ստիպված լինեն փակել ոչ միայն էջը, այլև տան դուռը։
128 հազար հետևորդը միանգամից վերածվել է 128 հազար հնարավոր հարցի։ Իսկ երբ հարցերը շատանում են, պարզվում է՝ ամենաարդյունավետ կառավարման նոր մեթոդը ոչ թե պատասխանելն է, այլ՝ «էջը ժամանակավորապես անհասանելի» դարձնելը։
Մնում է սպասել՝ գուցե հաջորդ քայլը լինի նաև ամբողջական «օֆլայն ռեժիմի» անցնելը․ հեռախոսը՝ անջատված, դուռը՝ փակ, իսկ անունը՝ միայն կառավարության հին ցուցակներում։
Մի խոսքով՝ պաշտոնից հեռանալը մի բան է, բայց 128 հազար հետևորդի աչքից թաքնվելը՝ արդեն անձնական անվտանգության օպերացիա է։ Հրաժարականից հետո ամենամեծ վտանգը խոսելը, լեզուն շարժելն է։ 128 հազար հետևորդի կրակակետերից պատսպարվել է պետք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր