Նարեկը նախկին չէ և ոչ էլ թալանչի
Thu, 23 Jul 2026 18:45:43 +0400

Նարեկ Կարապետյանը նախկին չէ, և նա ոչինչ չի թալանել: Նրա հորեղբայր, գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը ոչ միայն չի թալանել, այլև, ընդհակառակը, 1 միլիարդ դոլարից ավելի փող է ներդրել Հայաստանում: Նրա շնորհիվ մենք ազատվել ենք «լույսի մարդ» կոչված գլխացավանքից: Նրա շնորհիվ մենք ազատվել ենք հովհարային անջատումների գլխացավանքից: Նրա շնորհիվ մենք երկար ժամանակ լույսի համար վճարում ենք նույն գումարը՝ ինչ 2022-ին: Սակայն եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, ապա մենք կվճարեինք մի փոքր ավելի պակաս: Կամ այնքան, որքան վճարում էինք 2017-ին՝ համարյա թե ազգովի մերժված Սերժի օրոք:
Նիկոլի կողմից ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու ժամանակ իմացանք երկու բան: Նախ այն, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը բարձր աշխատավարձեր է ստանում: Բայց դա մեծ հաշվով նորություն չէր՝ բոլոր մեծ ընկերություններում էլ այդպես է: Բայց մենք մեկ այլ բան իմացանք, ինչը խիստ անսովոր էր. նրանց աշխատավարձերի համար վճարվող գումարը ներառված չի եղել հոսանքի սակագնում: 20-30 տարի առաջ, երբ զբաղվում էի տնտեսական թեմաներով լրագրությամբ, նման բան իմանալու դեպքում կասեի՝ հեքիաթ է: Ինչևէ, այն չի ներառվում նաև այսօր՝ երբ ՀԷՑ ՓԲԸ-ն ապօրինի եղանակով խլվել է ռուսահայ գործարարից: Եվ դա այն բանի շնորհիվ է, որ այդ գումարները վճարվում են Սամվել Կարապետյանի անձնական ունեցվածքից: Ու դա էլ հենց հերքում է Նիկոլի կողմից բազմիցս կրկնված այն մեղադրանքը՝ ուղղված գործարարին, թե ինչ-որ մանկապարտեզին հոսանքի ավելի մեծ ծախս է արձանագրվել, քան եղել է իրականում:
Դա ձեզ, «Հրապարակ»-ի հարգելի ընթերցողներ, ոչինչ չի՞ հիշեցնում: Չի՞ հիշեցնում խորհրդային գրողներ Իլֆի և Պետրովի հանրահայտ «Ոսկե հորթը» վեպի և համանուն էկրանավորման կերպարներից Շուրա Բալագանովին: Ով Օստապ Բենդերից 50 հազար ռուբլի ստանալով՝ տրամվայում, իր ասելով, զուտ «մեխանիկորեն» ձեռքը մտցնում է մի կնոջ գրպան և գողանում 3 ռուբլիով քսակը: Ճիշտ է, հենց տեղում բռնվում է, բայց դա արդեն էական չէ: Բայց այս օրինակը բնութագրում է ոչ թե Սամվել Կարապետյանին, ինչպես կթվար առաջին հայացքից: Այն բնութագրում է ռուսահայ գործարարին մեղադրանք ներկայացնողին՝ վկայելով, որ ինքը հեռու չի գնացել բալագանովյան բնույթի մտածողությունից: Ու չի պատկերացնում, որ մեկ այլ մարդ նման բան չէր անի:
Այնպես որ Սամվել Կարապետյանի եղբոր որդի Նարեկը ո՛չ նախկին է և ո՛չ էլ թալանչի: Իսկ դա ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի իշխանությանը: Որովհետև ինքը չի կարող Նարեկին կամ նրա հորեղբորը մեղադրել թալանչի լինելու մեջ: Որքան էլ փորձի ինչ-որ մանկապարտեզի դեպք ներկայացնի: Ու այդ պատճառով էլ նրան ոչինչ չի մնում, քան հնարովի մեղադրանքներ ներկայացնելուց: Նարեկին էլ իրեն ենթակա իրավապահների միջոցով ներկայացվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու հանգամանքը: Եվ դա այն երիտասարդին, որի վրայից կաթում է կրթվածություն: Մյուս մեղադրանքն էլ, բռնվե՛ք, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու արարքը, եթե այն կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Գործարար և բարերար հորեղբոր կողմից շահագործվող ՓԲԸ-ուից ստացված եկամուտները հանցավոր ճանապարհով ստացված գնահատելը:
Իսկ եթե իրեն հարցնեն, թե ինչու է քրեական գործ կարել տվել Նարեկի վրա, կպատասխանի, թե ինքն ի՞նչ կապ ունի դրա հետ: Իրականում, հասկանալի է, որ պատասխանատուն հենց ինքն է, որովհետև մեր երկրում կատարվող ապօրինությունները տեղի չէին ունենա, եթե չհանձնարարվեին իր կողմից: Ու կատարողներն էլ վստահ չլինեին, որ դրանց համար պատասխանատվության չեն ենթարկվի: Հենց դա է բռնապետությունը: Դա էլ վկայում է, որ ապրում ենք Փաշինյան Նիկոլի ձևավորած բռնապետության և ոչ թե «ժողովրդավարության բաստիոնի» պարագայում: Ինչից ազատվելու մի միջոց կա միայն. Հայաստանի վարչապետի պաշտոնն ազատել այն զբաղեցնող անձից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր