Հարց է, թե, ժողովրդի կարծիքով, ով ում ճանաչելու կամ չճանաչելու իրավունք ունի
Thu, 30 Jul 2026 22:30:44 +0400

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն, իր ասելով, չի ճանաչում Գարեգին Բ կաթողիկոսին: Գուցե ճանաչում է հայոց երկրորդ կաթողիկոսին՝ Արամ Ա-ին: Տեղյակ չեմ՝ ինքը դրա մասին ոչինչ չի ասել: Բայց Արամ Ա-ն չի կարող հրավիրվել ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի բացմանը: Վերջինս չի մասնակցում է նույնիսկ Լիբանանի խորհրդարանի բացմանը. նման ավանդույթ այնտեղ առկա չէ: Մնում է միայն Գարեգին Բ կաթողիկոսը: Իսկ եթե Փաշինյանը չի ճանաչում նրան որպես կաթողիկոսի, ապա այլ կաթողիկոս հայոց եկեղեցին չունի: Ինչը նշանակում է, որ կա՛մ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է բացի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և օրհնի պատգամավորներին, կա՛մ դա չպետք է անի ուրիշ մեկը: Եվ եթե Փաշինյանը փորձի օգոստոսի 2-ին որևէ տիրադավ «սրբազանի» հրավիրել կենդանի կաթողիկոսի փոխարեն, ապա ողջ ընդդիմությունը մեկ մարդու նման պետք է լքի դահլիճը: Այլապես կստացվի, որ ընդդիմադիր պատգամավորները լեգիտիմացնում են ընտրակեղծիքներով «վերընտրված» քաղաքական ուժի հերթական սատանայական գործողությունը:
Հիմա գանք Գարեգին Բ կաթողիկոսին «չճանաչելու» հիմնավորվածությանը: Հայոց եկեղեցին և նրա գլխին կանգնած կաթողիկոսը հասարակությունում դիտարկվում են որպես մեկ ամբողջություն: Որքան էլ դրա դեմ պատերազմի վարչապետի աթոռից կառչած անձը: Ու եկեղեցին բարեփոխելու անվան ներքո որպես «բարենորոգիչ» ներկայացնի առավել այլասերված «հոգևոր» անձանց: Դա՝ մեկ: Երկրորդ, հանրային կարծիքի բոլոր հետազոտություններում հայոց եկեղեցին հայոց բանակի հետ միասին միշտ զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները պետական և հասարակական կառույցների շարքում: Նույնիսկ «ազգակործան պատուհասի» (ըստ ՀՀ առաջին նախագահի) վարչապետության օրոք այն փոփոխության չի ենթարկվել:
Դա արձանագրված է նույնիկ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հարցումներում՝ չնայած այն հանգամանքին, չգիտես որ «հրաշքով» եկեղեցու վարկանիշը կարող էր ընկնել մինչև 54 տոկոս: Քանի որ իրականում այն միշտ բարձր էր 70 տոկոսից՝ երբեմն հասնելով մինչև 80 տոկոսի: Ինչն արձանագրվել էր ԷմՓիՋի ՍՊԸ-ի (Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչություն) պարբերական հարցումներում: Ի դեպ, եկեղեցու նկատմամբ հասարակության վստահությունը չէր հաջողվել կոտրել մշտական հիմունքներով նույնիսկ 2018-ից այս կողմ կաթողիկոսի դեմ կազմակերպված արշավների միջոցով: Չնայած որոշակի տատանումներ, այնուամենայնիվ, եղել են:
Վերցնենք մեկ այլ կազմակերպության՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի վերջին՝ 2025 թ.-ի սոցհարցման տվյալները: Ըստ այդմ, հայոց եկեղեցին վայելել է հանրային բարձր վստահություն՝ շուրջ 60-65 տոկոս, մինչդեռ ՀՀ կառավարության և վարչապետի ինստիտուտի նկատմամբ վստահությունը/գոհունակությունը զգալիորեն ցածր էր՝ մոտ 27-30 տոկոս։ 2025-2026-ին եկեղեցու նկատմամբ վստահության ավելի բարձր մակարդակն է արձանագրվել ԷմՓիՋի ՍՊԸ-ի կողմից. այն կազմել է 62.5-77.7 տոկոս: Նույնիսկ IRI-ի դեպքում այն կազմել է 55-60 տոկոս: Ավելին, ըստ IRI-ի 2026-ի հարցման (տվյալներն ԱԲ-ից), կառավարության և վարչապետի աշխատակազմի ցուցանիշը կազմել է 24-29 տոկոս, վարչապետի անձնական վստահությունը՝ 27-29 տոկոս:
Իսկ հիմա եկեղեցու նկատմամբ վստահության ցուցանիշը համեմատե՛ք ՀՀ վարչապետի ու նրա ձևավորած կառավարության ու գրասենյակի վստահության ցուցանիշի հետ: Էլ չասած հունիսի 7-ին հսկայական՝ ծավալով ու խորությամբ, ընտրախախտումների միջոցով ընտրված խորհրդարանի մասին: Այս դեպքում ոչ թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրավունք ուներ ասելու, թե չի ճանաչում Գարեգին Բ անունով կաթողիկոսի, այլ պետք է տեղի ունենար ճիշտ հակառակը: Չնայած նման բան կաթողիկոսը հաստատ չէր ասի: Այնպես որ հարց է, թե, ժողովրդի կարծիքով, ով ում ճանաչելու կամ չճանաչելու իրավունք ունի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր