Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների քարոզը
Fri, 31 Jul 2026 16:15:33 +0400

Երեկ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» թեմային՝ տարածելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող տեսանյութ։
Ռեպորտաժում ներկայացվում է Պրահայում անցկացված միջոցառում, որի թեման, ըստ ադրբեջանական կողմի, եղել է «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրությունը»։
Տեսանյութում կրկին շրջանառվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ առաջ մղվող կեղծ պատմական թեզերը, որոնք ուղղված են Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական հավակնությունների հիմնավորմանը։
Այն, որ նման բովանդակությամբ ռեպորտաժ է պատրաստում հենց Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը, ևս մեկ անգամ վկայում է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող օրակարգը ոչ թե առանձին շրջանակների նախաձեռնություն է, այլ պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն։
Մինչդեռ Հայաստանում գործող իշխանությունը ոչ միայն պատշաճ գնահատականի չի արժանացնում այս վտանգավոր քարոզչությունը, այլև շարունակում է այն անհիմն կերպով համեմատել Արցախի խնդրի հետ։ Արդյունքում՝ նման մոտեցումը փաստացի նպաստում է Ադրբեջանի տարածքային նկրտումների օրակարգի լեգիտիմացմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր