Կիրակի , 2 Օգոստոսի 2026

«Ճ» կարգի երկիրը ՌԴ-ին թշնամանալու իրավունք չունի

«Ճ» կարգի երկիրը ՌԴ-ին թշնամանալու իրավունք չունի

Fri, 31 Jul 2026 18:15:31 +0400


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անընդհատ բողոքում է, թե ՀՀ-ն ինչ էր արել Ռուսսատանին, որ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց կամ ռուսական խաղաղապահ ուժերը չմիջամտեցին Արցախում տեղի ունեցող դեպքերին՝ նախքան 2022-ի հոկտեմբերը: Դրանց բազմիցս եմ անդրադարձել, բայց քանի որ դա անընդհատ է կրկնում, ստիպված եմ նորից հիշեցնել նման վերաբերմունքի պատճառները: Հատկապես որ ինքը խնդիր ունի հիշողության հետ, բազմիցս է խոստովանել, թե չի հիշում, որ նման բան ասած լինի:

Նախ հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ինչի պատասխանատուն ևս ինքն է՝ որքան էլ պնդի, թե ինքը պատասխանատու է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առումով միայն: Բազմաթիվ գրքերի ընթերցանությամբ անընդհատ ինքնափիառվող վարչապետն իշխանության իններորդ տարում չի գիտակցում, որ ավելի լայն՝ հայ-ռուսական հարաբերությունները ձևավորվում են հենց պետական մակարդակում կատարվող շփումների հիման վրա: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի և թե Հայաստանի դեպքում գործ ունենք առնվազն ավտորիտար կառավարման համակարգերի հետ: Որի դեպքում թե՛ շփումներն ինքնին և թե՛ դրանց նախապատրաստական աշխատանքը կարող է կատարվել միայն իշխանությունների հավանության պարագայում: Իսկ անցյալում առկա հարաբերություններն էլ կարող են հասցվել նվազագույնի: Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին:

Իսկ հիմա այն մասին, թե ինչու էր Հայաստանի ռազմավարական գործընկերն իրեն հեռու պահում մեր խնդիրներից: Սկսենք, ինչպես ասվում է, հենց սկզբից: Իսկ սկզբում հեղափոխական էյֆորիայի ներքո կատարված հայտարարությունն էր: Ինչը Մոսկվայի աչքում «գունավոր հեղափոխություն» էր, որը կարմիր լաթի դեր էր կատարում: «Մոսկվայում թող համակերպվեն մեր երկրում կատարվող փոփոխություններին»,- ասում էր «դուխով» Նիկոլը: Իսկ Մոսկվայում հաստատ համակերպվելու ցանկություն չունեին: Ինչի վկայությունն ուկրաինական երկրորդ (2014 թ.) «Մայդանից» հետո հանրաքվեով Ղրիմի անջատումն ու միացումն էր Ռուսաստանին: Որի առումով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը հայտարարել էր, թե հանուն դրա չի պատերազմելու եղբայրակից ուկրաինացիների դեմ:

Հայաստանյան «գունավոր հեղափոխությունը» Մոսկվայի աչքում իր էությունը բացահայտեց՝ երբ դեռևս «դուխով» Նիկոլի հրամանով և ՀՀ օրենքների հերն անիծելով սկսվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապես Յուրի Խաչատուրովի դեմ հալածանքը: Բազմիցս է ասվել, որ պարզ չէ, թե ինչ կլիներ որևէ «ճ» կարգի եվրոպական երկրի հետ, որի իշխանությունը տվյալ պահի ՆԱՏՕ-ական գլխավոր քարտուղար՝ իր քաղաքացու հետ վարվեր այնպես, ինչպես Նիկոլը վարվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Համենայն դեպս, ԱՄՆ-ից այդ պետության ղեկավարի ճակատը չէին համբուրի:

Բերենք նաև 2020 թվականի ամռանը հայկական մամուլում հայտնված ռուսական մի նախագծի պատմությունը: Դրանում ներկայացվում էր (դա ինքս եմ կարդացել) երևակայական պատերազմի ընթացքը: Որի կողմերից մեկը Հայաստանն էր, մյուսը՝ երևակայական թշնամին: Որի տակ պարզորոշ հասկացվում էր Ադրբեջանը: Պատերազմական ընթացքի վերաբերյալ այդ նախագծում (դա հոդված չէր) ներկայացվում էին թշնամու գործողությունները: Եվ, բնականաբար, այն, թե ինչ և ինչպես կարող էր պատասխանել դրանց Հայաստանը: Մեկ-երկու ամիս անց ծագած պատերազմը վկայեց, որ այն նկարագրում էր հենց այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից հետո: Իսկ պատերազմի ընթացքն էլ վկայեց, որ ՀՀ ԶՈՒ «չշշկռվելիք գերագույնը» բացարձակ բանի տեղ չէր դրել ռուսական նախազգուշացումն ու ռազմական խորհուրդները:

Եթե դրան էլ գումարենք 2019-ին, իբրև թե արարողակարգային խնդրով պայմանավորված, ՌԴ նախագահին Զվարթնոցում չդիմավորելը, ապա պարզ կլինի 2022-ին Պուտինի վերաբերմունքը թե՛ Փաշինյանի և թե՛ ընդհանրապես Հայաստանի նկատմամբ: Ինչ մնում է «իբրև թե» արտահայտությանը, ապա դա հիմնավորվեց թե՛ ճանապարհ դնելուց Նիկոլի օդանավակայան գնալով և թե՛ երկու տարի անց Պուտինին Զվարթնոցում դիմավորելով՝ չնայած առկա էր արարողակարգային նույն երևույթը: Խոսքն այն արարողակարգի մասին է, որ ոչ թե պետական երկկողմ, այլ բազմակողմ պաշտոնական (աշխատանքային) այցի (վեհաժողովի) շրջանակներում հյուրերի դիմավորելու նպատակով պարտադիր չէ երկրի ղեկավարի՝ օդանավակայան գնալը:

Ինչևէ, ասվածը և այն, ինչ վստահաբար մնացել է վարագույրի հետևում և հայտնի չէ լայն զանգվածներին, հանգեցրել են այն վերաբերմունքին, որին արժանացել էր մեր ժողովուրդը 2018-ի գարնանային արկածախնդրության հետևանքով: Ինչը պետք էր հաշվի առնել՝ գիտակցելով, որ Հայաստանն է կախված Ռուսաստանից և ոչ թե հակառակը: Ինչ մնում է Ռուսաստանի հետ էքսկլյուզիվ կամ ոչ այդպիսի հարաբերություններին, ապա առանձնացումը պետք է կատարվեր աստիճանաբար, առանց, ասենք, եվրաինտեգրման անիմաստ ու անհեթեթ օրենքի ընդունման: Եվ առանց Ռուսաստանին այսօր թշնամի Եվրամիության հետ աննախադեպ մերձեցման: Նույնիսկ Ֆրանսիսյի ու Գերմանիայի նման երկրներն են Պուտինին մերժելուց հետո փորձում նրա հետ երկխոսություն սկսել: Էլ ո՜ւր մնաց, որ Հայաստանի նման «ճ» կարգի երկիրը թշնամանա Ռուսաստանի հետ՝ կործանարար այդ քաղաքականությունն արդարացնելով ոչ էքսկլյուզիվության գաղափարով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող

Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող Sat, 01 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով