Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում
Sat, 01 Aug 2026 17:45:58 +0400

Ենթադրում էի, որ Հայաստանը որպես «ճ» կարգի երկիր ներկայացնելը («Հրապարակում»-ում իմ նախորդ հոդվածը) ոմանց կարող է դուր չգալ, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան: Չէի պատկերացնում, որ մարդ կարող է այնքան կտրված լինել այսօրվա իրականությունից, որ չպատկերացնի, թե ինչպիսի երկրում է ապրում ինքը: Եվ երբ այդ, առնվազն, անգրագիտությանը միահյուսվում է հոխորտալից, բայց իրականում կեղծ հայրենասիրությունը, մնում է թողնես ու փախչես այս աշխարհից: Այս աշխարհից և ոչ թե երկրից, որովհետև ինքդ քեզնից ու քո արմատներից փախչել չես կարող: Չես կարող նաև այն պատճառով, որ դրսում, ուզես թե չուզես, շփվելու ես ադրբեջանցիների հետ: Որոնց մի ժամանակ վերևից ես նայել, իսկ այսօր ամեն պատեհ և ոչ պատեհ առիթով արհամարհվելու ես:
Նախորդ հոդվածը Ռուսաստանի նկատմամբ երբեմնի «դուխով» Նիկոլի, իսկ այնուհետև «խեղճ հարիֆի», ինչի հեղինակը ես չեմ, այլ Նիկոլի երբեմնի «սիրելի» ժողովուրդը, վերաբերմունքի ու դրան արձագանքի մասին էր: Այս մեկը նվիրեմ մեզ ու մեր նկատմամբ թշնամի հարևանի վերաբերմունքին: 2019-ի անվտանգության հարցերով Մյունխենյան գագաթնաժողովում հայությունը հիացած էր դեռևս «դուխով» Նիկոլի կողմից Իլհամին տեղը դնելու վարքագծով: Հատկապես Տիգրան Մեծի հիշատակումով: Ավելին, 2020-ի ամռանը Տավուշի դիրքային մարտերի հաջողությունից հետո սկսված պատերազմն ընթանում էր «հաղթելու ենք» կարգախոսի ներքո: Երբ երբ ծագեցին առաջին կասկածները՝ Միրզոյան Արոն խորհուրդ էր տալիս «չշշկռվել գերագույնի առումով»:
Պարտությունից հետո ամեն ինչ շրջվեց գլխիվայր: Դրանից 1-1,5 տարի առաջ Տիգրան Մեծով հիացողը 44-օրյայի պարտությունն ընդունեց հպարտությամբ. դա ես չեմ ասում, ինքն է ասել: Ու ինքն այլևս իրեն վատ չէր զգում, երբ իրեն անվանարկում էին «թուրք» բառով: Վերջինս բացարձակ լռության մատնեց թշնամի երկրից և դրա ղեկավարի կողմից իրեն և մեր ժողովրդին հասցված ստորացումները: Ռուսատյացությամբ տարված՝ Թուրքիայի նախագահի հետ նկարվեց՝ նրա գրած գիրքը կրծքին սեղմած: Այն անձի, ով մինչ այդ օկուպացված Շուշիում հայտարարել էր, որ պետք է մինչև վերջ հասցնել Թալեաթի գործը: Այսինքն՝ հայության կոտորածի գործը: Բայց որքան հիշում եմ, միայն ինձ նմաններն այդ ժամանակ ընդվզեցին մեր արժանապատվությանը հասցված հարվածների դեմ:
Ու երբ այդ անձին ոմանք «հզոր վարչապետ» են անվանում, իսկ կեղծ հայրենասերները լռում են, մտածում ես, թե «էս ուր եմ ընկել, Տեր Աստված»: Որովհետև ինչպե՞ս կարող է թշնամու կողմից ստորացված վարչապետը լինել հզոր: Որիշ հարց, որ ինքն իրեն հզոր է զգում սեփական երկրի ժողովրդի դեմ պատերազմում: Որովհետև դրա համար իրական հզորություն պետք չէ, այլ իրեն ծառայող իրավապահների ինստիտուտ: Իսկ իրավապահները միշտ են ծառայել գործող իշխանությանը: Դա դեռևս նախկինների ժամանակ է ասել ոստիկանության հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ավելացնելով, որ եթե այդ օրերի ընդդիմությունը մի օր գա իշխանության, ապա իրենք կծառայեն նորերին: Ինչը և տեղի ունեցավ 2018-ի մայիսից այս կողմ:
Որպեսզի պարզ լինի, թե որ դեպքում չէր կարելի Հայաստանը համարել «ճ» կարգի երկիր՝ ներկայացնեմ Տիգրան Մեծի զավակի՝ հայոց արքա Արտավազդ Բ-ի պատմությունը: Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի կողմից մ.թ.ա. 34 թվականին Հայաստան ներխուժումից հետո վերջինս հավատաց Անտոնիոսի խոսքին և խաբեությամբ, իր ընտանիքով հանդերձ, շղթայակապ տեղափոխվեց Ալեքսանդրիա (Եգիպտոս): Հռոմեական հաղթահանդեսին արքայական ընտանիքը պետք է խոնարհվեր Անտոնիոսի սիրուհի և միաժամանակ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի առջև՝ անցնելով սրերի տակով: Արքան մերժեց և 3 տարի անց ընտանիքով գլխատվեց: Իսկ դրանից մեկ տարի անց էլ՝ մ.թ.ա. 30 թ.-ին, ինքնասպանություն գործեցին Անտոնիոսն ու Կլեոպատրան՝ պարտվելով հռոմեական մեկ ալ զորավարին՝ Օկտավիանոսին:
Տեղեկանք ԱԲ-ից. Արտավազդի և նրա ընտանիքի վեհ կեցվածքը՝ երբ նա նախընտրեց մահը, քան կյանքը՝ ստրկության ու անարգանքի մեջ, հիացրել է նույնիսկ հռոմեացիներին: Պատմիչներ Վելեոս Պատերկուլոսը և Դիոն Կասիոսը խոստովանել են, որ հայ թագավորական ընտանիքը դրսևորեց հոգու արտակարգ արիություն: Արտավազդի այս կեցվածքը թույլ չտվեց, որ հայ ժողովուրդը բարոյալքվի: (Այն, ինչ Նիկոլի ջանքերով հիմա է կատարվում՝ Վ.Ս.): Հայրենիքում մնացած նրա որդին՝ Արտաշես Բ-ն, հոր և ընտանիքի օրինակով ոգեշնչված, կազմակերպեց հզոր ապստամբություն, ջախջախեց Հայաստանում գտնվող հռոմեական լեգեոններին, ազատագրեց երկիրը և բազմեց հայկական գահին:
Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այսօր: Տեսնում ենք, որ այսքան արհավիրքներից հետո 730 հազար մարդ կրկին ընտրում է պարտության խորհրդանիշ անձին: Տեսնում ենք, որ թշնամու պահանջները լռելյայն կատարելով՝ այդ անձը ձեռ է առնում մեզ բոլորիս՝ ասելով, որ եթե համաձայն չենք իր հետ, մեզ թույլ է տալիս հեղափոխություն անել: Իսկ երբ նրան մերժող մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ենթարկվում են աննորմալ բռնաճնշումների: Իսկ միևնույն ժամանակ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում հայկական մեկ մարտական դիրք հասնելու կամ հերթափոխ իրականացնելու համար հայ զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի անմիջական կողքով։ Դա ես չեմ հնարել, դա նախարար Պապիկյանն է խոստովանել: Պատկերացրեք 2021-ից այս կողմ 18-20-ամյա մեր տղաների հոգեբանական վիճակը թշնամու վերահսկողության ներքո գտնվող այդ տարածքով անցնելիս: Ինչն իբրև թե կարգավորվելու է սահմանազատման և սահմանագծման շրջանակներում: Ինչպիսի՞ անուն կարելի է դնել այս դեպքում, դուք ասեք. եթե, իհարկե, իրական հայրենասեր եք և ոչ թե ձևական:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր