Մենք իրավունք չունենք ընտելանալու գռեհկությանը

Մենք իրավունք չունենք ընտելանալու գռեհկությանը

Fri, 07 Aug 2026 19:15:49 +0400


Երկրի վարչապետը հրապարակային հնչեցնում է՝ «բոմժ եմ սարքելու», «կզըցնելու եմ», «փռելու եմ ասֆալտին», «պատերով եմ տալու»: Սրանք բամբասանք չեն, գաղտնի ձայնագրություններ չեն, հակառակորդի հնարած մտքեր չեն։ Խոսքեր են, որ ամեն օր լսում է մեր երկրի քաղաքացին։ Կարծես երկրի առաջին դեմքը պարտավոր չէ խոսել մի լեզվով, որը վայել է առաջին դեմքին։ Իսկ խոսքը, որը նաեւ վարքագիծ է, մտնում է ընտանիք, դպրոց, աշխատավայր: Երբ ԱԺ դահլիճից վիրավորանքը ներկայացվում է որպես պայքարի միջոց, սպառնալիքը՝ վճռականություն, նվաստացումը՝ ուժ, մարդիկ սովորում են այդ լեզուն։ Սկզբում՝ սովորական, ապա՝ որպես թույլատրելի վարք։
Կոպիտ խոսքը միանգամից չի քանդում դարերի արժեքները։ Այն ամեն օր մաշում է հարգանքը, զսպվածությունը, փոխադարձ պատկառանքը։ Այն, ինչը սերունդներ շարունակ ձեւավորվել է ընտանիքի, մշակույթի միջոցով, կորցնում է ուժը։ Մարդը սովորում է այն, ինչ տեսնում եւ լսում է։ Փոփոխությունը չի մնում քաղաքական դաշտում, ներթափանցում է առօրյա կյանք։ Եվ հետո զարմանում ենք, թե ինչու ենք դարձել կոշտ, ինչու են մարդիկ ավելի քիչ լսում միմյանց, ինչու է անհամաձայնությունը վերածվում վիրավորանքի, վիրավորանքը՝ սպառնալիքի, սպառնալիքը՝ բռնության։

Իշխանության գռեհիկ խոսքն անմիջական կապ ունի հասարակության բարոյական մթնոլորտի հետ։ Մտահոգ մարդիկ ամեն օր բարձրաձայնում են իրենց անհանգստությունը՝ կոչ անելով կանգ առնել։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ահազանգում է․ «Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ-ում, երբ երկիրն անտեր էր… Կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ»։

Գրող, հրապարակախոս Պատրիկ Արտեմին արձանագրում է. «Նիկոլի շնորհիվ դավաճանությունը, հայրենիքն աճուրդի հանելը, հայրենասեր հայերին բանտ քշելը դարձել են երկրի ղեկավարին բնորոշ հատկանիշներ»։
Շատերն են ասել ու ասում են՝ Նիկոլ, ՔՊ, կանգ առեք: Բայց ո՞վ է լսողը: Տեղ հասնո՞ւմ են ահազանգերը։ Երբ վարչապետը նվաստացնում է շարքային քաղաքացուն, ընդդիմադիր գործչին, իր ընդդիմախոսին, մարդը մտածում է, որ նույնը կարելի է նաեւ իրեն։ Առաջանում է այն ճեղքը, որը չի երեւում «սահմանագծի» վրա եւ չի չափվում կիլոմետրերով, բայց օրեցօր լայնանում է մարդկանց միջեւ։ Հակառակ կարծիք ունեցողը դադարում է ընկալվել որպես այլ տեսակետ ունեցող ՀՀ քաղաքացի։ Նա վերածվում է հակառակորդի, հետո՝ թշնամու։ Իսկ թշնամուն չեն լսում, լռեցնում են։ Այդժամ խոսքն այլեւս կամուրջ չէ, այլ՝ մահակ:

Սովոր ենք ազգային անվտանգությունը պատկերացնել սահմանով, բանակով։ Բայց կա եւս մեկ սահման, որի վրա զինվոր չի կանգնում։ Այն սկսվում է այնտեղ, որտեղ իշխանությունը որոշում է` հարգե՞լ ընդդիմախոսին, թե՞ նվաստացնել։ Այնտեղ, որտեղ պաշտոնյան ընտրում է փաստարկի ուժը, ոչ թե՝ վիրավորանքի։ Այդ սահմանը քարտեզի վրա չես գտնի։ Այն անտեսանելի է, բայց անմիջականորեն կապված է պետության ամրության հետ։ Երբ հասարակության անդամների մեջ միմյանց հանդեպ վստահություն չկա, վտանգվում է ոչ միայն մարդկային հարաբերությունների որակը, այլեւ պետության ներքին ամրությունը։ Մեծերից մեկն է ասել. «Պետությունները թուլանում են ոչ միայն այն օրը, երբ կորցնում են տարածք, այլեւ այն ժամանակ, երբ քաղաքացիները կորցնում են միմյանց հանդեպ վստահությունը»։

Մարդիկ շարունակում են ապրել առօրյայով։ Երեխաները գնում են դպրոց, հիմնարկները գործում են, դրոշը ծածանվում է։ Բայց պակասել է միմյանց նկատմամբ հարգանքը, պետության հիմքում արդեն ճեղք է գոյացել։ Ամեն օր պետք է մտածենք, թե ինչպիսի միջավայր ենք ստեղծում խաղաղ օրերին։ Իշխանության պատասխանատվությունն առանձնահատուկ է։ Որքան մեծ է ուժը, այնքան մեծ է ինքնազսպման պահանջը։ Երկրի ղեկավարը կարող է մեկ բառով նվազեցնել լարվածությունը կամ խորացնել։ Մեր երկրի ղեկավարը երկրորդ ուղին է ընտրել «հաստատակամորեն»: Բայց մենք իրավունք չունենք ընտելանալու գռեհկությանը միայն այն պատճառով, որ այն մեզ մատուցվում է ամեն Աստծո օր։ Չի կարելի լռությամբ սովորական դարձնել այն, ինչը քայքայում է փոխադարձ հարգանքը, պետության ու հասարակության հիմքերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400 Հայաստան կատարած…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը Sat, 07 Nov 2026 11:15:35 +0400 Հայկական…

18 րոպե ago

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից Sat, 07 Nov 2026 11:00:38 +0400 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա…

33 րոպե ago

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Sat, 07 Nov 2026 10:55:51 +0400 Քաղաքական դիրքավորումների…

38 րոպե ago

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել Sat, 07 Nov 2026 10:53:15…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին Sat, 07 Nov 2026 10:45:07 +0400 Կառավարության նոյեմբերի 5-ի…

49 րոպե ago