Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները կողմ են արտահայտվել ազատազրկման որոշմանը
Sat, 28 Nov 2026 16:20:52 +0400
Ինչպես հայտնի է, Մասիսի ՏԻՄ ընտրություններից շաբաթներ առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։
Մեզ հետ զրույցում Համբարձումյանի շահերի պաշտպան Գայանե Պապոյանը հայտնեց, որ քիչ առաջ է խոսել Դավիթ Համբարձումյանի հետ, հիմա էլ գնում է հանդիպման․ «Ոչինչ չի փոխվել, շատ բարձր, նորմալ տրամադրություն ունի»։
Խոսելով Վճռաբեկ դատարանում որոշմանը կողմ կամ դեմ քվերակած անդամների մասին՝ փաստաբանն ընդգծեց․ «Մեզ հայտնի չէ, որ ինչ որ մեկը դեմ է, հրապարակված է որոշումը իրենց կայքում, մենք այդպես ենք ծանոթացել, այսինքն փաստացի մենք որոշումը չունենք, բայց այնտեղ նշված է իրենց կազմի դատավորների տվյալները, այսինքն բոլորը կողմ են քվեարկել»։
Հարցին՝ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո ի՞նչ քայլեր են պատրաստվում անել, ՄԻԵԴ դիմելու որոշում ունե՞ն՝ Պապոյանը պատասխանեց․ «Քիչ հետո հայտարարությամբ հանդես կգամ, այս պահին ոչինչ չեմ կարող ասել, հիմա գնում ենք հանդիպման մեր պաշտպանական խմբով, որպեսզի հասկանանք հետագա քայլերը, այնուհետեւ հայտարարությամբ հանդես կգանք»։
Նշենք, որ ընդամենը 2 շաբաթից Մասիս խոշորացված համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ եւ Դավիթ Համբարձումյանը մեծ աջակցություն ունի այս համայնքում։
Հիշեցնենք, որ ըստ որոշման՝ Դավիթ Մհերի Համբարձումյանի նկատմամբ նշանակված՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել մինչդատական վարույթի ընթացքում անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 14 (տասնչորս) օրը, ինչպես նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 (յոթ) ամիս 28 (քսանութ) օրը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով Դավիթ Մհերի Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։