Գորիսում «Եհովայի վկաները» հաստատվել են քաղաքի սրտում՝ Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ
Sat, 28 Nov 2026 15:15:12 +0400
Գորիսի կենտրոնում՝ Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և ոստիկանության բաժանմունքի անմիջական հարևանությամբ, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը տարածք է գործարկել։ Շենքի վրա արդեն փակցված են կազմակերպության անվանումն ու հասցեն։
Այս իրողությունը լուրջ դժգոհություն և անհանգստություն է առաջացրել տեղի հավատացյալ բնակչության շրջանում։ Մարդկանց հատկապես վրդովվեցնում է այն փաստը, որ նման կառույց է տեղակայվել մի վայրում, որը համայնքի համար ունի ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու պատմական կարևոր նշանակություն։
Բնակիչների խոսքով՝ Առաքելական եկեղեցու դավանանքից արմատապես տարբերվող և Քրիստոսի աստվածությունը չընդունող այս ուսմունքի ակտիվ քարոզչությունը կարող է շփոթության մեջ գցել հատկապես երիտասարդներին ու հոգևոր գիտելիքներին դեռևս լիարժեք չտիրապետող քաղաքացիներին։
Խնդիրն առավել զգայուն է դառնում այն համատեքստում, որ խոսքը Սյունիքի մասին է՝ Հայաստանի ռազմավարական, սահմանային և անվտանգային կարևորագույն հենասյան։ Սյունիքը սոսկ աշխարհագրական տարածք չէ. այն մեր ազգային ինքնության, քրիստոնեական ժառանգության և դիմադրողականության առանցքային ամրոցներից է։
Հետևաբար, օրինաչափ հարց է առաջանում. արդյո՞ք պատկան մարմինները գնահատել են նման կառույցի գործունեության հնարավոր ազդեցությունը համայնքի հոգևոր ու հասարակական մթնոլորտի վրա, և որքանո՞վ են հաշվի առնվել տեղի բնակիչների տրամադրություններն ու սահմանամերձ տարածաշրջանի առանձնահատկությունները։
Անշուշտ, Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է օրենքով, սակայն իրավական կարգավորումները չեն նշանակում, որ հասարակությունը պետք է անտարբեր մնա սեփական հոգևոր արժեքներին ու եկեղեցական ժառանգությանը վերաբերող հարցերում։
Սյունիքը մեր երկրի ոչ միայն ֆիզիկական, այլև հավատքի ու ինքնության սահմանագիծն է։ Այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է գտնվի հանրային ուշադրության կենտրոնում, իսկ պատասխանատու կառույցները պարտավոր են հաշվի նստել քաղաքացիների մտահոգությունների հետ։