Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Գորիսում «Եհովայի վկաները» հաստատվել են քաղաքի սրտում՝ Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ

Գորիսում «Եհովայի վկաները» հաստատվել են քաղաքի սրտում՝ Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ

Sat, 28 Nov 2026 15:15:12 +0400


Գորիսի կենտրոնում՝ Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և ոստիկանության բաժանմունքի անմիջական հարևանությամբ, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը տարածք է գործարկել։ Շենքի վրա արդեն փակցված են կազմակերպության անվանումն ու հասցեն։

​Այս իրողությունը լուրջ դժգոհություն և անհանգստություն է առաջացրել տեղի հավատացյալ բնակչության շրջանում։ Մարդկանց հատկապես վրդովվեցնում է այն փաստը, որ նման կառույց է տեղակայվել մի վայրում, որը համայնքի համար ունի ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու պատմական կարևոր նշանակություն։

​Բնակիչների խոսքով՝ Առաքելական եկեղեցու դավանանքից արմատապես տարբերվող և Քրիստոսի աստվածությունը չընդունող այս ուսմունքի ակտիվ քարոզչությունը կարող է շփոթության մեջ գցել հատկապես երիտասարդներին ու հոգևոր գիտելիքներին դեռևս լիարժեք չտիրապետող քաղաքացիներին։

​Խնդիրն առավել զգայուն է դառնում այն համատեքստում, որ խոսքը Սյունիքի մասին է՝ Հայաստանի ռազմավարական, սահմանային և անվտանգային կարևորագույն հենասյան։ Սյունիքը սոսկ աշխարհագրական տարածք չէ. այն մեր ազգային ինքնության, քրիստոնեական ժառանգության և դիմադրողականության առանցքային ամրոցներից է։

​Հետևաբար, օրինաչափ հարց է առաջանում. արդյո՞ք պատկան մարմինները գնահատել են նման կառույցի գործունեության հնարավոր ազդեցությունը համայնքի հոգևոր ու հասարակական մթնոլորտի վրա, և որքանո՞վ են հաշվի առնվել տեղի բնակիչների տրամադրություններն ու սահմանամերձ տարածաշրջանի առանձնահատկությունները։

​Անշուշտ, Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է օրենքով, սակայն իրավական կարգավորումները չեն նշանակում, որ հասարակությունը պետք է անտարբեր մնա սեփական հոգևոր արժեքներին ու եկեղեցական ժառանգությանը վերաբերող հարցերում։

​Սյունիքը մեր երկրի ոչ միայն ֆիզիկական, այլև հավատքի ու ինքնության սահմանագիծն է։ Այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է գտնվի հանրային ուշադրության կենտրոնում, իսկ պատասխանատու կառույցները պարտավոր են հաշվի նստել քաղաքացիների մտահոգությունների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ

Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Sun, 22 Nov 2026 12:35:05 +0400 Այսօր կիրակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով