Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2026

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը

Sun, 09 Aug 2026 23:45:56 +0400


Ազգային Ժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Գաբրիելյան Սիսակն անդրադարձել է մի շարք հարցերի և այդ թվում՝ հայրենասիրության չափանիշներին: Էական չէ, թե ինչ է ասել ինքը: Էականն այն է, թե ինչպես է ընկալվում այն գործող իշխանության տեսակետից: Այն է՝ Արարատի փոխարեն Արագած, Արցախյան ազատամարտի հերոսների փոխարեն հարկատու «հերոսներ», Արցախով Հայաստանի փոխարեն իրենց առաջնորդի կրծքին փակցված կրծքանշանի տեսքով և այլն:

Ինչևէ, հաշվի առնելով Գաբրիելյանի՝ նախկինում կարծես թե ադեկվատ լրագրող լինելը, ներկայացնեմ մեկ դրվագ այդ անձի պատգամավորական գործունեությունից: Փորձելով արդարացնել ֆեյսբուքյան լայքի պատճառով պետական համակարգում աշխատանքից ազատելու՝ նիկոլական աննորմալ պրակտիկան, Սիսակը համեմատության եզրեր գտավ Աղվան Վարդանյանին 2018-ին դաշնակցությունից հեռացնելու երևույթի հետ:

Կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողը պետք է որ տեղյակ լինի դաշնակցական հիմնական սկզբունքից: Այն է՝ երբեք դեմ չգնալ կուսակցության ղեկավարության որդեգրած քաղաքական գծին: Ինչը կարող է 21-րդ դարում նորմալ չդիտվել, սակայն այն պայմանավորված է մեր ժողովրդի պատմությամբ: Եվ այդ պատմության մեջ ՀՅԴ-ի խաղացած դերով: 2018-ի մայիսի 1-ին ԱԺ-ում չմասնակցելով վարչապետի պաշտոնում հօգուտ «դուխով» Նիկոլի քվեարկությանը՝ Վարդանյանը գիտակցորեն դեմ գնաց կուսակցության որոշմանը: Եվ պատժվեց՝ հեռացվելով կուսակցության շարքերից:

Բայց կյանքը շատ արագ ցույց տվեց, որ ճշմարտությունն իր կողմից էր և ոչ թե կուսակցության: Չնայած կուսակցության դիրքորոշումն էլ արդարացված էր այն հանգամանքով, որ 2018-ի գարնանը Նիկոլի թիկունքին կանգնած էր համարյա ողջ ժողովուրդը: Ու դաշնակցությունը չէր կարող դեմ գնալ նույն ժողովրդին, որի ծոցից ծնվել էր ինքը: Այնպես որ անհատապես ճիշտ քայլ արեց Աղվան Վրադանյանը՝ դեմ գնալով կուսակցական որոշմանը: Բայց միաժամանակ արդարացված էր նաև կուսակցության պատասխան քայլը:

Ուրիշ հարց, որ օրերս սխալ թույլ տվեց նաև Աղվան Վարդանյանը՝ սկզբում հայտարարելով, որ իշխանության վերարտադրության դեպքում չի վերցնելու մանդատը: Իսկ հետո փոխեց որոշումը և վերցրեց այն՝ հիմնավորելով, թե ինքը պետք է ընդդիմությանը: Ի դեպ, նույն մտածողությամբ 2018-ին դրժեց իր խոսքը ՀՀ երրորդ նախագահը՝ ասելով, թե ինքը պետք է լուծի Ղարաբաղյան խնդիրը: Կարծես թե Հայաստանում չկար մեկ ուրիշը, ով կարող էր լուծել այն: Նույն տրամբանությամբ նույն սխալը թույլ տվեց Վադանյանը: Ի դեպ, թե ինչպես լուծվեց Արցախյան հարցը՝ հայտնի է ողջ աշխարհին:

Ինչևէ, Գաբրիելյան Սիսակը, ենթադրաբար, ասվածը չի գիտակցել, որովհետև եթե գիտակցեր, ապա ֆեյսբուքյան լայքի պատճառով պետական աշխատանքից որևէ մեկի ազատումը չէր համեմատի Վարդանյանի դեպքի հետ: Ու այդ աննորմալ երևույթն արդարացնելու փոխարեն գոնե կլռեր՝ ասելով, թե չի պատասխանում: Դա այն պրակտիկան է, ինչը հաճախ է կիրառվում իրենց շրջանակում՝ նույնիսկ իրենց առաջնորդի կողմից: Բայց նման արձագանք տալու համար պետք է ամպերից իջնել գետին, սակայն դա ընդունված չէ ՔՊ-ական շրջանակում: Այն անձանց, ովքեր 2021 թվականից այս կողմ մնացին խայտառակ պարտության պատասխանատու և մեղավոր անձի հիմնադրած կուսակցությունում:

Չեմ կարող չանդրադառնալ մեկ այլ նախկին լրագրող, ՔՊ-ականներից Հովհաննիսյան Արթուրին: Վերջինս օրերս փորձեց դաս տալ ընդդիմադիր պատգամավորներին՝ նրանց գործունեության արդյունավետության չափանիշ համարելով ժողովրդի բարեկեցության բարձրացումը 1 կամ թեկուզ թեկուզ 0,1 տոկոսով: Այդ երիտասարդին ասեմ, որ խորհրդարանական ընդդիմության գործառույթի մեջ չի մտնում ժողովրդի բարեկեցության բարձրացումը թեկուզ 0,01 տոկոսով: Այն գործող իշխանության գործունեության մեջ սխալներ գտնելն է ու դրանք քննադատելը՝ պատրաստվելով հաջորդ ընտրություններին:

Ինչպես նաև հնարավորության դեպքում այնպիսի նախաձեռնություններով հանդես գալը, որ չի կարող անել կամ ցանկություն չունի անելու իշխող խմբակցությունը: Հասկանալի է, որ բարեկեցության բարձրացումն անհրաժեշտ է հենց իշխող խմբակցությանը: Հենց միայն հաշվի առնելով, որ դրսում ոչ թե միջնադար է, այլ 21-րդ դարը: Չնայած, որպես ՔՊ-ական, Հովհաննիսյան Արթուրը կարող էր նաև տեղյակ չլինել այդ երևույթի մասին: Ինչը, կարծում եմ, նորմալ է նիկոլական Հայաստանի պարագայում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տղաներին հանգիստ թողեք․ նրանց հիշատակը շահարկելու փոխարեն՝ գոնե մի անգամ լռեք

Տղաներին հանգիստ թողեք․ նրանց հիշատակը շահարկելու փոխարեն՝ գոնե մի անգամ լռեք Sun, 09 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով