Մեր յուրաքանչյուր քայլի նպատակը Սամվել Կարապետյանին վարչապետ տեսնելն է
Mon, 10 Aug 2026 11:29:22 +0400

ԱԺ ամբիոնից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, անդրադառնալով Արամ Վարդևանյանի՝ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրմանը, նշել է, որ թեկնածության առաջադրումը կատարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումների պահանջներին համապատասխան։
Ղազարյանի խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն՝ նման թեկնածություն առաջադրելը խմբակցությունների համար ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։
Միևնույն ժամանակ, պատգամավորը շեշտել է, որ պետական պաշտոններից իրեն առանձնապես հետաքրքրում է միայն վարչապետի պաշտոնը։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» բոլոր գործողություններն ու քաղաքական քայլերը միտված են մեկ նպատակի՝ հասնել նրան, որ Սամվել Կարապետյանը զբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը։
ԱԺ ղեկավար պաշտոնների մասին խոսելիս Ղազարյանը նշել է, որ խորհրդարանի նախագահն ու նրա տեղակալները նույնպես պատգամավորներ են և նրանց պաշտոնը պետք է դիտարկել որպես հանրային ծառայություն։
Նրա գնահատմամբ՝ պաշտոն ստանձնելուց հետո այդ անձինք մյուս պատգամավորներից հիմնականում տարբերվում են իրենց տրամադրվող պայմաններով՝ ավելի բարձր աշխատավարձով, ընդարձակ աշխատասենյակներով և ծառայողական ավտոմեքենաներով։
Ղազարյանը նշել է, որ այդ հնարավորություններից որոշ պաշտոնյաներ սկսել են օգտվել պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Արամ Վարդևանյանի դիրքորոշումը՝ նշելով, որ վերջինս հայտարարել է՝ աշխատանքի է գալու սեփական մեքենայով կամ հանրային տրանսպորտով՝ հրաժարվելով ծառայողական մեքենայից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր