Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Այս նամակով ցույց ենք տվել, որ հայաստանյան հանրությունը քնած չէ

«Հրապարակ». Այս նամակով ցույց ենք տվել, որ հայաստանյան հանրությունը քնած չէ

Wed, 12 Aug 2026 11:45:34 +0400


«100+ հայ կանայք» նախաձեռնությունը նախորդ շաբաթ հրապարակել էր «Հանրային կոչ՝ կոտրել լռության շղթան» խորագրով բաց հայտարարությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Հայաստանում, նախաձեռնության գնահատմամբ, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում առկա մտահոգիչ զարգացումների վրա։

Մեկ շաբաթ առաջ նախաձեռնությունը, որը միավորում է կին գիտնականների, մշակույթի գործիչների, ձեռներեցների եւ տարբեր ոլորտների քաղաքացիական առաջնորդների, պաշտոնական դիմում-բողոք էր ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կառույցներին։ Դիմումն ուղղված էր ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին։

Դիմումում ներկայացվել էին նախաձեռնության մտահոգությունները՝ կապված դատական իշխանության անկախության, օրենքի գերակայության, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության, խոսքի եւ ակադեմիական ազատությունների, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ՝ հանրային կյանքի ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետ։

Նախաձեռնության անդամներից մեկից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանից, «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ շարժառիթով էին արել վերոնշյալ կոչը միջազգային հանրությանը: Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի թեման նույնպես կին ընդդիմադիր գործիչների ուշադրության կենտրոնում է, արդյո՞ք այն եւս նպաստել է նման հայտարարությամբ հանդես գալուն, թե՞ ոչ:

Կոստանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է, որ Արեգնազ Մանուկյանի մասին բավականին քիչ է խոսվում, եւ հիմնականում եթե խոսում են, խոսում են կանայք: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա այն Հայաստանի հետընտրական զարգացումներին, մասնավորապես` բռնաճնշումներին է վերաբերում:

Ընտրությունների օրվանից սկսած, տեղի են ունեցել տեսանելի խախտումներ, քվեներ են գողացվել` ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ ամենի նախադրյալները ստեղծել էր Նիկոլ Փաշինյանը` հաշվարկը չավարտված՝ որոշ հայտարարություններ անելով: 100-ից ավելի կանայք ստորագրել են այս նամակի տակ, իրենց համաձայնությունը տալով, որ այն ուղարկվի միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում գտնվող որոշ դեսպանատների, խնդրելով հանդիպում տվյալ հաստատությունների ներկայացուցիչների հետ` դեմառդեմ, որպեսզի իրավիճակը ներկայացնենք ավելի կոնկրետ: Այս պահի դրությամբ չկա արձագանք եւ, հավանաբար, չի էլ լինի: Երբ նամակն ուղարկում էինք, չէինք էլ ակնկալում, որ այն անմիջապես արձագանք է ունենալու, սակայն մենք այս նամակով ցույց ենք տալիս, որ հայաստանյան հանրությունը քնած չէ եւ արձագանքում է ապօրինություններին: Նամակի տակ ստորագրած կանայք ոչ միայն Հայաստանից են, այլեւ՝ ողջ աշխարհից: Ներառված են տարբեր կանայք, ովքեր տարբեր ոլորտներում ունեն արձանագրած հաջողություններ: Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանին, ապա պետք է նշեմ, որ կալանքը, որպես խափանման միջոց, նրա պարագայում անթույլատրելի էր, սակայն մենք պետք է առաջնորդվենք այն մտայնությամբ, որ ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված գործերն ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ, հետեւաբար, բոլոր հնարավոր միջոցները կիրառվում են: Կալանքը սովորաբար կիրառում են բացառիկ դեպքերում, երբ կա հիմնավորում: Արեգնազն ունի անչափահաս երեխա, եւ չկա որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է նա կալանքի տակ մնա: Ինչո՞վ, ինչպե՞ս պետք է նա խանգարեր գործի քննությանը կամ ինչո՞ւ պետք է լքեր երկիրը: Կալանքն օգտագործում են որպես պատժիչ միջոց, կա ակնհայտ կանխակալ վերաբերմունք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում Tue, 11 Aug 2026 15:00:04 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով