ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնում քննարկվել են Հայաստանի առաջնահերթությունները. Դեսպան Նարեկ Մկրտչյանի այցը Hudson Institute
Wed, 12 Aug 2026 13:44:32 +0400

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Վաշինգտոնի ազդեցիկ քաղաքագիտական և հետազոտական կենտրոններից մեկը՝ Hudson Institute (Հադսոնի ինստիտուտ)։
Այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը ծավալուն զրույց է ունեցել ինստիտուտի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի (Michael Doran) հետ։
Քննարկման առանցքում են եղել.
• Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգային հարցերը,
• Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումները,
• Տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը կարևորել է ԱՄՆ առաջատար «վերլուծական կենտրոնների» հետ ակտիվ երկխոսությունը, ինչը հնարավորություն է տալիս ամերիկյան փորձագիտական և քաղաքական շրջանակներին ներկայացնել Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները։
1961 թվականին հիմնադրված Hudson Institute-ը Վաշինգտոնում գործող ԱՄՆ ամենահեղինակավոր անկախ վերլուծական կենտրոններից մեկն է։ Ինստիտուտն ունի զգալի ազդեցություն ԱՄՆ արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների ձևավորման վրա։ Այն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի և որոշում կայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նշենք, որ Նարեկ Մկրտչյանը 2025 թվականի օգոստոսի 27-ից զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Մինչ դիվանագիտական առաքելությունը ստանձնելը, նա զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ ակտիվորեն ներգրավված լինելով նաև միջազգային ու երկկողմ համագործակցության ծրագրերում։
ՀԳ Հիշեցնենք, որ այս լուսանկարները, որտեղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն առանց գուլպաների է, օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց՝ որպես դիվանագիտական էթիկայի խախտում։ Այնուամենայնիվ, դեսպանատունը հարկ է համարել տարածել հաղորդագրություն՝ կից լուսանկարներով։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր