«Հրապարակ». Երկինք քարը նետված է, ուրիշի համար փոսը` փորված, ցանկապատը քանդվելու վրա է, օձի խայթոցն էլ չի ուշանա
Fri, 14 Aug 2026 12:45:35 +0400

Հայոց առաքելական սուրբ եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են իրենց պայքարը։ Այն ուղղորդվում է Ադրբեջանից ու Թուրքիայից եկող հրահանգներով եւ ունի քաղաքական դրդապատճառներ։ Հայ առաքելական եկեղեցին, լինելով ազգային եկեղեցի, կարող է առանցքային հակազդեցության կենտրոն դառնալ` ընդդեմ հակահայկական ընթացքի, ինչով էլ շատերը պայմանավորում են հակաեկեղեցական այս արշավը իշխանությունների կողմից։ «Հրապարակը» զրուցել է Գորիսի տարածաշրջանային հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ։
– Ամենայն հայոց կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ կանչվել են դատարան՝ հորինովի ու անտրամաբանական մեղադրանքով։ Այս արշավը, ըստ Ձեզ, ի՞նչ թաքնված կամ արտաքին նպատակներ ունի։
– Եկեղեցին միակ աստվածահաստատ ազգային-հոգեւոր ամրոցն է մնացել, որ սրանք չեն կարողացել գրավել ու ապականել։ Վեհափառի եւ սրբազան հայրերի դատավարությունը Եկեղեցին գրավելու արդեն երրորդ փորձն է։ Չարաբաստիկ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը, որը տապալվեց, Վեհարանի գրավումը, որն էլի տապալվեց, հիմա փորձում են դատական գործընթացի միջոցով արդյունքի հասնել։ Չգիտեմ, կկարողանա՞ն գտնել մահապարտ մի դատավորի, որն իրեն դժոխքի մատնելուց զատ, իր 7 սերունդը նզովքի տակ կդնի։ Սպասենք։ Պարսկական, արաբական, մոնղոլ-թաթարական, սելջուկ թուրքական արշավանքների փշրանքներն են սրանք։ Ինչ չեն կարողացել անել վերը նշվածները, հիմա փորձում են անել գենետիկ հետք թողած դրանց ժառանգները։
– Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ական թիմակիցներն ամեն առիթ օգտագործում են՝ հայտարարելու համար, որ Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չունենք։ Ինչո՞ւ են նման հայտարարություն անում, կարո՞ղ ենք ենթադրել, որ իրականում իրենք իրենց Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չեն համարում։
– Վեհափառի անունը լսելուն պես դիվահարվում են։ Վեհափառը, ինչպես նաեւ բոլոր քահանաներն ու եպիսկոպոսները Աստծո օծյալներն են։ Քրիստոս առաքյալներին ասաց. «Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն». Մաթեւոս 10; 40։ Մերժելով Աստծո օծյալին, փաստացի մերժում են Քրիստոսին, հետեւաբար՝ ենթակա են Աստծո դատաստանին, ինչի ականատեսը, անշուշտ, մենք կլինենք։ Աստվածաշնչում մի այդպիսի գեղեցիկ պատմություն կա. հրեաները Սավուղ անունով մի թագավոր ունեին, որին Աստված մերժել էր եւ Սամուել մարգարեի միջոցով հայտնել, որ Դավթին է ընտրել որպես թագավոր։ Այդ իմանալով՝ Սավուղն ուզում էր սպանել Դավթին։ Պատերազմի ժամանակ Սավուղը վիրավորվում է։ Իր ծառային կանչում է եւ հրամայում, որ իրեն սպանի, որպեսզի օտարազգիներին գերի չընկնի։ Ծառան սպանում է, գալիս է լուրը հայտնում Դավթին։ Լուրը լսելուն պես Դավիթը հրամայում է սպանել այդ ծառային՝ ասելով. «Դու ինչո՞ւ ես ձեռք բարձրացրել Աստուծո օծյալի վրա»։ Դե ինչ, նմանօրինակ մի իրադարձության ականատեսը կլինենք հաստատ։
– Փաշինյանը Վեհափառի ու Հայ եկեղեցու դեմ արշավն ամրագրել է նաեւ իր նախընտրական ծրագրում, ի՞նչ եք կարծում՝ այս արշավը միայն նմանատիպ դատական գործերով կսահմանափակվի, թե՞ էլ ավելի սուր ու վատ դրսեւորումներ կարող է ստանալ։
– Նախ, չեմ ուզում հավատալ, որ որեւէ դատավոր կմտնի այդ բանադրանք-նզովքի տակ, բայց սպասենք իրադարձությունների զարգացումներին։ Ինչ վերաբերում է ՔՊ-Քեմալական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում Վեհափառին հեռացնելուն, ապա կասեմ. Փաշազադեի, Ալիեւի, Էրդողանի աչքը լույս։ Ըստ օդում կախված լուրերի, նրանց հրամանով Եկեղեցու վրա են հարձակվում, Սահմանադրություն են ուզում փոխել, երկրի սահմաններն են օր-օրի փոքրանում… էլ չասեմ, որ թմրամոլությունը, խաղամոլությունն ու աղանդավորությունն են հովանավորում… Դե պիղծ տեղից մաքուր բան սպասելն էլ միամտություն կլինի։ Սողոմոն Իմաստունն ասում է. Երկինք քար նետողի գլխին կընկնի քարը, ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ, ցանկապատ քանդողին կխայթի օձը։ Այնպես որ, երկինք քարը նետված է, ուրիշի համար փոսը` փորված, маски сброшены, ցանկապատը քանդվելու վրա է, օձի խայթոցն էլ չի ուշանա։
– Փաշինյանը սեփական նախաձեռնությա՞մբ է սա անում, թե՞ «խորհուրդներ» է ստանում։
– Դուք սրա «Երկրի հակառակ կողմը» գիրքը կարդացե՞լ եք: Ամբողջն այլասերվածություն է, 15 տարեկան տղա, ապա արձան բռնաբարելուց մինչեւ «քած դատախազ» եւ այլն։ Ու դուք մտածում եք, որ այս կարգի այլասերված հոգու տեր մարդը մտահոգվա՞ծ է Եկեղեցու մասին, լո՞ւրջ։ Նա իսկապես մեր երկրի հակառակ կողմից եկավ նախորդի դավադրության արդյունքում։ Ըստ Ձեզ, աղանդավորների հոգեկործան քարոզները տարածողն իսկապե՞ս մտածում է Քրիստոսաէջք Եկեղեցու մասին։ Սրա նախորդը լալահառաչ ասում էր. «Ես սրան չեմ պարտվել, այլ ավելի հզոր ուժերի»։ Եթե նախորդը ուրիշին պարտվածի կամքով սրան բերեց իշխանության, պարզ չէ, որ սա, այ, հենց այդ ուժերից ստացած հրահանգներն է կատարում։
– Արդյո՞ք Վեհափառին ուղղված հանրային աջակցությունը որ այսօր կա, բավարար է, թե՞ Դուք ավելին էիք ակնկալում։
– Հայ մարդը չի կարող չարձագանքել, չմտահոգվել, որովհետեւ այդ ամենն ուղիղ հարվածում է հենց հայի ինքնությանը, հոգուն, էությանը, հայի երկրին, իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ հայրենիք, հավատք, սրբություն ունեցող հայ մարդը չի՞ մտահոգվի։ Ասացվածքն ասում է. «Ժողովուրդն առյուծի պես է, որ զարթնեց, էլ չի քնի», իսկ արթնությունը այս անզգամների համար մի անսպասելի ժամի կլինի, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է. «Անզգամների կործանումն անսպասելի է լինում»։ «Չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը: Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւություն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին». Առակաց 1; 18-19:
– Սփյուռքը որեւէ դերակատարում կարո՞ղ է ունենալ։
– Կաթողիկոսն աշխարհասփյուռ բոլոր հայերի կաթողիկոսն է։ Սատանայի առաքյալների կողմից Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տեղի ունեցող այս հոգեցունց իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել սփյուռքի մեր հայրենակիցներին։ Վստահ եմ ու հավատում եմ, որ իրենց հնարավորի շրջանակներում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց խոսքը կասեն ու կգործեն։
– Մինչեւ ո՞ւր կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Վեհափառն իր խոսքում բազմիցս շեշտել է, որ իր կյանքի գնով էլ լինի, երբեք կաթողիկոսական գահից չի հրաժարվի։
– Ամենայն հայոց կաթողիկոսն օդում, ջրում, ցամաքում թե բանտում՝ կաթողիկոս է։ Թե դիվադավ էս երեւույթներն ինչքան հեռուն կգնան, չգիտեմ, բայց որ Վեհափառը պինդ մարդ է ու անսասան կանգնած, դա՝ հաստատ, եւ հենց այդ անսասանությունն էլ խոսում է Քրիստոսի Եկեղեցու հաղթանակի մասին։ Պարզապես զարմացած եմ Վեհափառի համբերության վրա, որ այդքանից հետո չի բանադրում դրան` յոթ պորտով մեծ տառապանքով դժոխք գնան։ Ես կանեի, մանավանդ՝ փորձն էլ ունեմ։ Շատ մեծահոգի է։ Միշտ հիշենք, որ մենք եկել ենք մի աշխարհ, որը մենք չենք ստեղծել, հետեւաբար, պետք է այս աշխարհը ստեղծողի կարգուկանոն-պատվիրանով ապրենք, հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի է՝ իր բոլոր ծանր ու դառը հետեւանքներով հանդերձ։ Ու միշտ հիշենք, որ դագաղը գրպաններ չունի, մեկ օր բոլորն են կանգնելու Աստուծո դատի առաջ։ Վերջում մի առակ պատմեմ․ մի մարդ անցնում է թանկարժեք ռեստորանի կողքով եւ տեսնում մի ցուցանակ, որի վրա գրված է. «Ուտում են հայրերը, վճարում են որդիները»։ Նա ուրախ մտնում է ներս, պատվիրում ամենաթանկարժեք ուտեստը, ուտում է եւ երբ պատրաստվում է դուրս գալ ռեստորանից, մոտենում է մատուցողը եւ ներկայացնում հաշիվը։ Մարդը ցույց է տալիս ցուցանակը։ Մատուցողը ժպտալով ասում է. «Դու քո հոր կերածի համար ես վճարում»։ Զուր չէ Աստվածաշունչն ասում. «Հայրերը կերան ազոխը (խակ պտուղը` Հ. Ա.), որդիների ատամներն արյունոտվեցին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր