Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից
Fri, 14 Aug 2026 16:19:50 +0400

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենան օգոստոսյան խորհրդակցություններ, որոնք կվարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 17-ին՝ Երևանից: Օգոստոսի 18-ին խորհրդակցությունները կանցկացվեն Շիրակի, օգոստոսի 19-ին՝ Լոռու, օգոստոսի 20-ին՝ Տավուշի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Հաջորդիվ՝ օգոստոսի 24-ին, խորհրդակցությունները կշարունակվեն Արագածոտնի, օգոստոսի 25-ին՝ Արարատի և Արմավիրի, իսկ օգոստոսի 26-ին՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:
Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ քննարկել անելիքները, սպասվող նորությունները և այլն:
Խորհրդակցություններին համընթաց կկազմակերպվի կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր