Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Կրկին հունական Զևսի ու արևելյան եզի մասին

Կրկին հունական Զևսի ու արևելյան եզի մասին

Sat, 15 Aug 2026 18:45:54 +0400


Ուրախ եմ, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ի դեմս դրա ղեկավար Նարեկ Կարապետյանի պաշտպանել է Էդգար Ղազարյանին: Անկեղծ ասած, կասկածում էի, որ «սրիկայաբար» մակբայի օգտատործման խնդիրը կունենա նման ավարտ: Չնայած, եթե ընդդիմադիր հիմնական խմբակցության ղեկավարը չպաշտպաներ խմբակցության անդամին, ապա ի՞նչ գործ ուներ ընդհանրապես այդ խմբակցությունն ԱԺ-ում: Մեր երկիրը հաստատ կովկասյան Շվեյցարիա չէ, որքան էլ որ այդ միտքը դուր է գալիս հայությանը: Ու, ըստ այդմ, եթե ընդդիմադիր հիմնական խմբակցության ղեկավարն ընկրկեր, ապա այդ միավորումն այլևս անելիք չէր ունենա խորհրդարանում: Քանի որ առաջին նահանջին հանգիստ կհետևեր երկրորդը, իսկ այնուհետև երրորդը: Եվ խմբակցությունը կտրոհվեր՝ մի քանի մանդատ նվիրելով Նիկոլենց: Ինչի խիստ կարիքը, սահմանադրական մեծամասնություն կազմելու նպատակով, դրանք ունեն: Այնինչ, դա տեղի չունեցավ, ու վստահաբար կարող ենք արձանագրել, որ առաջին քաղաքական քննությունը Կարապետյանը հանձնեց բարեհաջող:

«Սրիկայաբար շահարկել» արտահայտության օգտագործման առումով ողջ այս պատմության մեջ ինձ հետաքրքրեց ոչ միայն ՔՊ-ականների, այլև նրանց աջակիցների վերաբերմունքը՝ արտահայտված մեկնաբանություններում: Փաստորեն, դա այնպիսի «գերգռեհիկ» մակբայ էր, որի համար մարդուն կարելի էր, օրինակ, վտարել Հայաստանից: Այդ մարդիկ երևի մոռացել են, թե ինչպիսի արտահայտություններ էր թույլ տալիս իրեն «хзор варчапет»-ը կամ թեկուզ «hzor varchapet»-ը: Ու երևի չեն նկատում երկակի չափանիշների կիրառման խնդիրը, ինչի դեմ վսահաբար կռիվ կտան մեկ այլ դեպքում: Ստացվում է, որ մեր երկրում այն, ինչ թույլատրված է Զևսին, թույլատրված չէ եզին: Ու դա նորմալ է, ու այդպես էլ պետք է լիներ:

Մի կողմից հասկանում ես, որ երկրի ղեկավարին, արևելյան մտածողությամբ պայմանավորված, թույլատրվում է շատ ավելին, քան թե սովորական բնակչին: Հենց բնակչին և ոչ թե քաղաքացուն, որովհետև մեզանում դեռևս գերակշռող մտածողության պարագայում բնակիչը չի ընկալվում որպես քաղաքացի: Ինչի դեպքում թե՛ շարքային քաղաքացին և թե՛ երկրի ղեկավարն ունեն օրենքով ամրագրված հավասար իրավունքներ: Այսինքն, եթե «սրիկայաբար» մակբայի օգտագործման համար ընդդիմադիր գործիչն արժանի է երկրից վտարվելուն, ապա երկրի ղեկավարն իր բառամթերքի համար պետք է կրկնակի վտարվի՝ եթե, իհարկե, դա հնարավոր լիներ: Որովհետև երկրի ղեկավարի խոսույթն արևելյան մտածողության պայմաններում վերածվում է կրկնօրինակման ենթակա երևույթի: Ու ոչ ընդունելի բառը կամ ընդհանրապես մերժելի վարքը վերածվում է նորմայի:

Ներկայացվածն, ինքնին, երկակի չափանիշների կիրառման մեկ այլ դեպք է: Երկրի ղեկավարը ոչ միայն ունի լիազորություններ, որ չունի շարքային քաղաքացին, այլև կրում է լրացուցիչ սահմանափակումներ, որ առկա չեն վերջինիս առումով: Դա, իհարկե, պետական համակարգի կազմակերպման և միաժամանակ մարդու իրավունքների խնդիր է, ինչի առումով մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ: Ինչը հեչ լավ չէ, հատկապես եթե այդ մեծամասնությունն իրեն համարում է եվրոպացի ու ձգտում է իր երկիրը տեսնել Եվրամիությունում: Սակայն չի պատկերացնում, որ արևելյան տածողությամբ ԵՄ-ում անելիք չի ունենա ո՛չ ինքը և ո՛չ էլ իր երկիրը:

Ինչ մնում է Եվրամիությանը, ապա ներկայացնեմ ասվածի մյուս կողմը՝ ԵՄ-ի վերջին աննորմալ երևույթներից մեկը: Ավելի ճիշտ, ոչ թե ԵՄ-ի, այլ դրա անդամ Ֆրանսիայի: Բայց չմոռանանք, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ ԵՄ-ում եղանակ ստեղծող երկյակի անդամներից մեկն է: Ինչևէ, նախորդ օրվա տելեգրամյան ալիքներից մեկը մի այսպիսի տեղեկատվություն էր տարածել: «Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը վերացրել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը: Խոսքը,- ասված էր հրապարակման մեջ,- անչափահասների պաշտպանության մասին օրենքի համապատասխան դրույթի մասին է: Այդ կարգավորումը Խորհուրդը համարել է չափից մեծ՝ նշելով, որ այն «արտահայտվելու և տեղեկատվության տարածման ազատության անհամաչափ ոտնձգություն է»»: Պատկերացնո՞ւմ եք, թե մինչև 15 տարեկան երեխանների տեղեկացված լինելու իրավունքի առումով ինչպիսի «հոգատար» վերաբերմունք է առկա բարձրագույն սահմանադրական վերահսկողության մարմնում: Ինչ մնում է օրենքին, ապա այն միտված է հենց երեխաների ֆիզիկական և մտավոր առողջության պահպանմանը: Ու այդ պատճառով էլ դրա ընդունումը տեղի է ունենում աշխարհի բազմաթիվ՝ զարգացած և զարգացող երկրներում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը

«Հրապարակ». Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը Sat, 15 Aug 2026 13:15:00 +0400 Հինգշաբթի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով