Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Գարիկ Սարգսյանին փոխարինողը երդվել է, բայց քվորում չի ապահովվել

Գարիկ Սարգսյանին փոխարինողը երդվել է, բայց քվորում չի ապահովվել

Mon, 17 Aug 2026 15:14:21 +0400


«Կոկորդիլոսագետ» ՔՊ-ական Գարիկ Սարգսյանից հետո Վեդի համայնքի կառավարումն անցել է մեկ այլ ՔՊ-ականի՝ Ռաֆայել Հակոբյանի ձեռքը, ով օգոստոսի 7-ին ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել, եւ քվեարկության արդյունքում՝ 15 կողմ ձայնով ընտրվել է Վեդի համայնքի ղեկավար: Հակոբյանը օգոստոսի 14-ին եւս ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ երդմնակալության արարողությունն է կայացել։ Նա Վեդի համայնքի համայնքի բնակիչներին երդում է տվել, որ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս կպահպանի ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի համայնքի ղեկավարի պարտականությունները, կծառայի համայնքի բարգավաճմանը, կգործի ի բարօրություն բնակիչների․․․անմնացորդ նվիրումով կսատարի ժողովրդի հավատին, կնպաստի նրա նյութական և հոգևոր վերելքին:

Իհարկե՝ երդվելը մի բան է, երդումը պահելը՝ մեկ այլ բան: Համայնքապետի երդմնակալության օրը, հրավիրված ավագանու արտահերթ նիստին «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու 11 անդամները ներկա չէին, իսկ ՔՊ-ի 16 ավագանու անդամներից ներկա էին 11-ը: Օրենքն ասում է՝ համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է, կամ գրանցվել է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին Գարիկ Սարգսյանի երդմնակալության օրը հրավիրված ավագանու նիստին ներկա էին ՔՊ-ական 16 ավագանու անդամները, եւ քվորումն ապահովվել էր: Այս անգամ ավագանու նիստին ներկա էր Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, ում «քավորությամբ»՝ առանց քվորում ապահովելու տեղի ունեցավ ավագանու նիստը: Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանին հարցրինք՝ որքանո՞վ էր իրավաչափ օգոստոսի 14-ին կայացած նիստը, երբ 27 ավագանու անդամներից նիստին ներկա էին ընդամենը 11-ը. «Դա օրենքի ուժով հրավիրվող նիստ է, սովորական նիստ չի, որ մի հատ էլ նայեք իրավազորության հետ կապված: Մի հատ իրավիճակ ներկայացնեմ Ձեզ՝ ՏԻՄ օրենքի 74 հոդվածի 1 կետն ասում է, որ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո 3-րդ օրը համայնքի ղեկավարը երդման արարողությամբ ստանձնում է լիազորությունները: Այլ բացառություններ օրենսդրությունը, կամ այլ կարգավորումներ չի նախատեսել, հետեւաբար պարտավոր էր 3-րդ օրը, որը օրենքի ուժով հրավիրվել էր, երդումը տար ու պաշտոնապես ստանձներ իր լիազորությունները, հակառակ դեպքում՝ ենթադրենք լիազոր չի լինում նիստը, ի՞նչ ա ստացվում՝ պետք է երդվի եւ իր լիազորությունները չստանձի՞»:

Ըստ ՏԻմ օրենքի 74 հոդվածի 2 կետի՝ համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով, դա նշանակում է, որ պետք է քվորում ապահովվի: Օգոստոսի 7-ին ավագանու արտահերթ նիստին, երբ համայնքի ղեկավար էր ընտրվում, քվորում ապահովվել էր, այս դեպքում՝ չի ապահովվել, եթե այդ օրը ներկա լիներ ավագանում ոչ թե 11անդամ, այլ՝ 2-ը, այդ դեպքում էլ՝ նիստն իրավաչա՞փ կհամարեիք. «Դա օրենքի ուժով հրավիրված չի եղել, դա համայնքի ղեկավարի պարտականություները կատարողի նախաձեռնությամբ հրավիրված նիստ է եղել: Այս դեպքում Ձեր ասած իրավաչափության խնդիրը ճիշտ է, պետք է պարտադիր քվորումը ապահովվեր: Իսկ այս դեպքում օրենսդիրը ՏԻՄ-ին, ավագանուն այլ իրավունք չի վերապահել՝ իրավազոր չլինելու հիմքով տեղափոխել նիստի օրը, կամ այլ ժամկետ նշանակել: Ենթադրում եմ, որ օրենսդրական բաց կա այս մասով, կարծում եմ լիազոր մարմինը հետագայում հաշվի կառնի, համապատասխան փոփոխություն կկատարեն:

Օրենքով տրված է, որ 3-րդ օրը մենք պարտավոր էինք օրենքով այդ գործընթացը ապահովել, հակառակ դեպքում՝ ունենք ընտրված համայնքի ղեկավար, բայց վերջինս իր պարտավորությունները չի ստանձնում, ինչ ա որ ավագանին իրավազորությո՞ւն չի ապահովում»-ասաց աշխատակազմի քարտուղարը: Ի դեպ՝ խոսակցություններ կան, որ Գարիկ Սարգսյանը, ով 2022.-ից Վեդի համայնքն էր ղեկավարում, ԱԺ գնալու մտադրություն չի ունեցել: Ասում են, նա պլանավորել էր դառնալ «մեգահամայնքապետ»՝ իր ձեռքը վերցնելով Վեդի եւ Արարատ քաղաքների կառավարումը: Իսկ ավագանու նիստին որոշ ՔՊ-ականների չմասնակցելը եւ քվորում չապահովելը կապված է Գարիկ Սարգսյանի վերադարձի հետ: Չի բացառվում, որ երբ ընտրություններ նշանակվեն, Գարիկ Սարգսյանը մասնակցի Արարատ և Վեդի խոշորացված համայնքների ընտրություններին:

Հիշեցնենք, որ առաջիկայում նախատեսվում է միավորել Արարատի մարզի ներկայիս Արարատ և Վեդի խոշորացված համայնքները՝ ձևավորելով մեկ միասնական «Արարատ» մեգահամայնք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի Fri, 16 Oct 2026 10:15:07 …