Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել

Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել

Fri, 11 Sep 2026 13:15:40 +0400


Թումանյանն իր «Սուտլիկ որսկանը» Փաշինյանի համար է գրել։ Հանճարեղ հեքիաթասացը, եթե այսօր կենդանի լիներ, իր հերոսի պարզունակ ստերի վրա երևի ոչ միայն կծիծաղեր, այլև նոր հեքիաթ կգրեր։
«Հորս կնունքով,
մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․

…Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի»։
Թումանյանի ժամանակներում ստերը գոնե լճի չափի էին։ Հիմա արդեն տիեզերական են։ Փաշինյանի հետ Փարիզ գնացած Հադին, Հյուդին, Չատին, Մատին՝ նրա գլխավորությամբ, լիճ չեն գնում, տիեզերք են գնում։ Ու գլխավոր հերոսը Փարիզից պատմում է՝ Հայաստանը մտել է տիեզերք։ Իր իսկ բառերով՝ «Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»։

Ի դեպ, 2022-ին էլ էր ասում, որ Հայաստանը տիեզերական նոր փուլ է մտել։ Հինգ տարվա մեջ այդ «նոր փուլը» չհնացա՞վ։ Թե՞ մեր տիեզերական կարողություններն էլ են փուլերով՝ ամեն անգամ նորից «նոր փուլ»։

Ինչևէ, հանգիստ մնացեք, ժողովուրդ։ Մենք արդեն տիեզերքից ենք հսկում մեր սահմանները։ Տիեզերքից են հատուկ ստեղծված արբանյակների միջոցով ապահովում մեր խաղաղությունը։ Ադրբեջանը թող գետնի վրա զենքեր գնի, բանակը զինի, իսկ մենք տիեզերքից «հաղթելու ենք», Արծրունը վկա։

Միայն մի փոքրիկ հարց է բաց մնում․ տիեզերական այդ բոլոր հաղթանակների արդյունքը երկրի վրա ո՞վ է տեսնելու։ Որովհետև քաղաքականության մեջ կա մի հին, ճշմարտություն․ երկիրը ոչ թե հայտարարություններով է զարգանում, այլ այն բանով, ինչ քաղաքացին ամեն օր տեսնում է իր շուրջը՝ անվտանգություն, տնտեսություն, աշխատանք, ճանապարհ, արտադրություն, իրական ներդրում, իրական արդյունք։

Իսկ երբ իրական արդյունքի փոխարեն անընդհատ նոր «փուլեր» են հայտարարվում, այն էլ՝ տիեզերական, մի պահ մարդ սկսում է կասկածել՝ մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ պետական կառավարման մասին ֆանտաստիկ սերիալ ենք նկարում։
Բայց գուցե տիեզերքը հենց դրա համար էլ հարմար վայր է։ Այնտեղ կարելի է ամեն ինչ կառուցել՝ առանց հողի, առանց շենքի, առանց գործարանի, առանց նավահանգստի։

Այդպես գուցե նույնիսկ վաղուց հայտարարված ազատ ու անկախ Արցախն էլ տեղավորվեր տիեզերական տարածության մեջ։ Ակադեմիական քաղաքն էլ կարելի էր այնտեղ կառուցել, չոր նավահանգիստներն էլ՝ չորությունից վերջնականապես ազատել, գործարաններն էլ՝ տիեզերական արտադրության վերածել։ Կառավարության շենքն էլ կարելի էր տեղափոխել ուղեծիր, իսկ ժողովրդի հետ հաղորդակցվել արբանյակային կապով։
Այդպես և՛ ժողովուրդը հանգիստ կլիներ, և՛ իշխանությունը՝ ավելի ապահով։
Միայն մի խնդիր կա․ տիեզերքում կառուցած ամեն ինչի համար դեռ պետք է երկրի վրա հարկատու, տնտեսություն ու ժողովուրդ ունենալ։
Թումանյանի «Սուտլիկ որսկանն» այդքանով չէր սահմանափակվում․ նրա հերոսը գոնե վերջում հասկացնում էր, որ պատմածը հեքիաթ է։
Մեր ժամանակների խնդիրն այն է, որ հեքիաթասացը փոխվել է, բայց ունկնդիրը նույն ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը, ի տարբերություն հեքիաթի բադերի, դեռ կենդանի է և երբեմն էլ հարցեր է տալիս։

Ու ամենաանհարմար հարցը մնում է նույնը․ այս ամենից ի վերջո ի՞նչն է լինելու երկրի վրա, ոչ թե տիեզերքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վայր իջիր երկիր

Վայր իջիր երկիր Fri, 11 Sep 2026 09:00:28 +0400 Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ` իր յուրաքանչյուր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով