«Հրապարակ»․ Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն
Fri, 02 Oct 2026 08:45:17 +0400

Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում կրկին «վատացել» է կաթողիկոսի մասին հարցադրումներից՝ վիրավորել, սպառնացել է Գարեգին Բ-ին։
Դարձյալ ասել է, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է, եւ ինքը ձեռնարկելու է օրենսդրական եւ իրավական բոլոր միջոցները՝ Եկեղեցու կառավարման ավանդույթը վերականգնելու եւ Գարեգին Բ-ին (իր խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանին) պաշտոնից հեռացնելու համար։ «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա, եւ պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է դրա համար… Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ եւ եկեղեցին բռնազավթած մեկն է եւ ինքը պետք է հեռանա։ Որպես վարչապետ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու եմ… եւ ոչ միայն որպես վարչապետ, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ»,- ասել է նա եւ տեղեկացրել, որ Ազգային ժողովում ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, ապա նախատեսում են օրենսդրական փոփոխություններ։ Զրուցել ենք Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի հետ։
– Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը հերթական անգամ դատարկ սպառնալիքնե՞ր է հնչեցնում, թե՞ կարող է օրենսդրական ճանապարհով կաթողիկոս հեռացնել եւ ինչպե՞ս։
– Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ, որ ասում է, թե իբր ուզում է, որ Եկեղեցին բարենորոգվի, բարեկարգվի: Իր նպատակը Հայ առաքելական եկեղեցին պառակտելն է, 1700-ամյա ինստիտուտի մասնատումը, քանդումը։ Երբ իրեն հաջողվի կաթողիկոսին փոխել, ասել է, չէ՞, օրենսդրական նախաձեռնություններ կընդունի, ընդհուպ մինչեւ կհասնի կաթողիկոսի կալանավորման, հետո իր ուզած մարդուն կնշանակի, բնականաբար՝ Հայաստանից դուրս գտնվող եկեղեցիները, թեմերը չեն ճանաչի այդ գործընթացը եւ իրենք էլ իրենց կաթողիկոսին կընտրեն։ Հետեւաբար, Եկեղեցին որպես կուռ կառույց կպառակտվի, եւ ինքն էլ իր ցնորական գաղափարի՝ «չորրորդ հանրապետության» համար կձեւավորի Հայաստանյայց առաքելական եկեղեցի։
– Ինչո՞ւ եք կարծում, որ թեմերը չեն ճանաչի նոր կաթողիկոսին։
– Վստահ եմ, որովհետեւ այդ ճանապարհն իրենց համար ընդունելի չի լինի, իրենք անընդունելի կհամարեն Եկեղեցու ներքին գործերին խառնվելը, ու այդպիսով կմասնատվի, ու կյանքի կկոչվի Փաշինյանի նպատակը։ Եվ հետեւաբար նրանք, ովքեր գտնում են, որ այս գործընթացն ապօրինի է, ու չեն ընդունում այն, չպետք է ձեռքներս ծալած նստենք, քայլեր է պետք անել, որ Փաշինյանը չհասնի դրան։ Իմ առաջարկը, օրինակ, հետեւյալն է․ այն վտանգավոր է, բայց կարծում եմ՝ կօգնի այդ ծրագրի դեմն առնել. Եկեղեցին պետք է ինքը համախմբվի, համապատասխան ժողով հրավիրի եւ իր միջից նոր կաթողիկոս ընտրի, որ առնի էս հեղեղի դեմը: Հակառակ դեպքում Փաշինյանը եթե մնաց իշխանության, հասնելու է իմ ասած հանգրվանին։
– Եթե կարողանար հասնել, մեկ տարուց ավելի է՝ պայքարում է Եկեղեցու դեմ, ապարդյուն, ինչո՞ւ եք վստահ, որ հիմա կհաջողի։
– Մինչեւ հիմա Փաշինյանն ուզում էր հեղափոխական ճանապարհով իր ծրագիրն իրականացնել, բայց ի պատիվ կաթողիկոսի` վերջինս չհանձնվեց, մնաց իր դիրքերում։ Հիմա Փաշինյանն ուզում է ինստիտուցիոնալ ճանապարհով հասնել դրան, օրենքներ ընդունել, որոնցով, ըստ էության, պետք է միջամտի Եկեղեցու գործերին։ Իսկ եթե Եկեղեցին պառակտվեց, Հայաստանի եւ հայության համար շատ վատ է լինելու, մենք պետք է ամեն գնով դրա դեմն առնենք։
– Եվ այս մտքերն ասում է Ձեզ պես անհավատը։
– Այո, ես հավատացյալ չեմ, բայց Եկեղեցին համարել եմ մեր պետականության, իմ հայ լինելու կարեւորագույն էլեմենտներից մեկը։ 1700-ամյա ինստիտուտը թուլացնելը լավ տեղ չի տանելու։
– Ի դեպ, խորհրդարանում է նաեւ ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը, կարծում եք՝ դա է՞լ է անշրջելի։
– Ոչ, այստեղ հնարավորություն կա, եւ այդ հնարավորությունը կարելի է տալ հենց իշխանությանը՝ մանեւրի համար։ Նախ՝ ես գտնում եմ, որ եթե այդ ծրագրին մասնակցեին նաեւ Իրանը, Ռուսաստանը` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ապա դա շատ-շատ դրական նախագիծ կլիներ Հայաստանի համար, ոչ թե տնտեսական, նյութական իմաստով, որովհետեւ մեր շահն այդտեղ չնչին է լինելու, ավելի կարճ ճանապարհներ կան ապաշրջափակելու, Թուրքիա գնալու, բայց դրանով աշխարհաքաղաքական հարց է լուծվելու։ Հակառակ դեպքում ստացվում է, որ այն ընդամենը ԱՄՆ շահերից է բխում, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Հենց այս նկատառումով է պետք ամեն ինչ անել, որ ներգրավվեն Իրանն ու ՌԴ-ն, բայց սա քիչ հավանական տարբերակ է: Մնում է մեկ ուրիշ տարբերակ, ես կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը՝ ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա, խոսքը բաժնետոմսերը երրորդ երկրին վաճառելու մասին է, ներկայում 74 տոկոսը պատկանում է ԱՄՆ-ին, 26-ը` Հայաստանին, բայց համաձայնագրում կա մի վտանգավոր կետ, որ կողմերը կարող են իրենց մասնաբաժինն օտարել երրորդ կողմի: Մենք կարող ենք հասկանալ, որ երրորդ կողմ կլինի կա՛մ Ադրբեջանը, կա՛մ Թուրքիան։ Այստեղ արդեն Իրանի համբերության բաժակը կլցվի, ուստի ընդդիմությունը պետք է առաջարկի, որ այդ կետը հանվի, եւ կողմերն իրավունք չունենան իրենց մասնաբաժինն օտարել, եթե ԱՄՆ-ն ուզում է օտարել, պիտի տա Հայաստանին եւ ճիշտ հակառակը: Հակառակ դեպքում սա ական է լինելու մեր պետականության տակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր