Ինչո՞ւ էին զինվորներին պատժել, ինչ էր նախորդել ողբերգական դեպքին
Thu, 20 Aug 2026 14:33:28 +0400

Այսօր գրել էինք Ճամբարակի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի հետևանքով զինծառայողներից մեկը զոհվել է, ևս մի քանիսը, ըստ նախնական տեղեկությունների, տուժել են։
«Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչն է նախորդել դեպքին և ինչու էին զինծառայողներին դուրս բերել երեկոյան վազքի։
Մեր տեղեկություններով՝ դեպքից առաջ՝ երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Զինվորները միմյանց քաշքշել, հրել և հարվածել են։ Դրանից հետո, ըստ մեր աղբյուրների, շտաբի պետը որոշել է պատժել նրանց։
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին քնից առաջ դուրս են բերել վազքի, ընդ որում՝ հակագազներ են հագցրել և հրահանգել վազել հակագազներով։
Ըստ աղբյուրների՝ ողբերգական պահին զինվորների դեմքին հենց հակագազներն են եղել, ինչի հետևանքով նրանք չեն նկատել մոտեցող մեքենան։
Ավելի վաղ «Հրապարակին» հայտնի էր դարձել, որ վրաերթի ենթարկված և զոհված զինծառայողը զորակոչվել էր մեկ ամիս առաջ։ Նա գտնվում էր ուսումնական կենտրոնում, որտեղ, մեր տեղեկություններով, զինծառայողները անցնում են խստացված՝ շուրջ վեցամսյա դասընթացներ, որից հետո միայն տեղափոխվում համապատասխան զորամասեր։
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ևս պայմանագրային զինծառայող է։ Այդ օրը նա, ըստ մեր աղբյուրների, ծառայողական նպատակով դիրքեր սնունդ էր տեղափոխել՝ չնայած, որ պաշտոնապես հաղորդվում է, որ նա չուներ վարորդական իրավունք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր