ԱՐՄԵԴ-ն արձագանքել է մեր հրապարակմանը
Tue, 25 Aug 2026 19:45:34 +0400

Այսօր մենք հրապարակում ունեինք` ««Հարստացում»՝ համակարգային տառապանքի հաշվին․ ո՞վ է զսպելու մոնոպոլիստի ախորժակը» վերտառությամբ, որտեղ գրել էինք, որ մի շարք բուժհաստատությունների ներկայացուցիչներ և բուժառուներ դժգոհում են ԱՐՄԵԴ համակարգից, դրա խափանումներից, ինչպես նաև բարձր միջնորդավճարներից։ Մեր նյութին արձագանքել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը` «ԱՐՄԵԴ»-ը պարզաբանումներ ներկայացնելով` ի պատասխան մեր հրապարակման մեջ բարցրացված հարցադրումների:
Հարց 1. Ո՞ւմ սեփականությունն է տվյալների բազան, եւ եթե մի օր Արմեդը որոշի «վաճառել» այն, պետությունը կկարողանա՞ նրան զսպել։
Պատասխան-ՀՀ օրենսդրության համաձայն՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազան համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով: ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը չի կարող այն ո՛չ փոխանցել, ո՛չ վաճառել: Ընկերությունն այդ տվյալների պահպանման ու անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ ծառայություն է մատուցում պետությանը և պատասխանատվություն է կրում դրա համար:
Հարց 2. Որքանո՞վ է պաշտպանված այդ տեղեկատվությունը։
Պատասխան -Տվյալների ժամանակակից և լավագույն պաշտպանությունն «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գլխավոր առաջնահերթությունն է: Դեռևս 2017 թվականից պետությունն ընտրել է էլեկտրոնային առողջապահության ոլորտում մասնագիտացած ընկերության՝ այդ պաշտպանությունը մասնագիտական ռեսուրս ունեցող պրոֆեսիոնալ ընկերության պատվիրակելու համար: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության բարձրակարգ մասնագետները հետևում են անվտանգությանը, ներդնում ժամանակից լուծումներ ու տեխնոլոգիաներ՝ տվյալների պաշտպանությունը մշտապես ամենաբարձր մակարդակի վրա պահելու համար: Ընկերությունը և ԱՐՄԵԴ համակարգն արդեն հինգ տարի է, ինչ սերտիֆիկացվել են ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման հիմնական միջազգային ստանդարտով և պարբերաբար անցնում են պահանջների պահպանման ստուգում և վերասերտիֆիկացվում: Այդ ստանդարտը սահմանում է տվյալների պաշտպանության, ռիսկերի կառավարման և կիբերդիմակայունության ապահովման ամենաբարձր նշաձողն ամբողջ աշխարհում:
Հարց 3- ԱՐՄԵԴ-ին զինում ենք ահռելի ֆինանսական միջոցներով․ օրինակ՝ վերջին վեց ամսվա ընթացքում առնվազն կրկնապատկվել են բուժհաստատությունների կողմից այս համակարգին վճարվող գումարները։
Պատասխան –«Ահռելի միջոցների» մասին խոսք լինել չի կարող: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց սակագները սահմանվում և վերահսկում են պետական լիազոր մարմնի կողմից, և վերջին երկու տարվա ընթացքում որևէ փոփոխության չեն ենթարկվել:
Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված, բնականաբար, աճել է մատուցվող ծառայությունների ծավալը, սակայն աճել են նաև ծախսերը. համակարգում ծրագրային նոր ապահովումներ են ստեղծվել, համակարգի վրա ծանրաբեռնվածությունը հանգեցրել է վերազինման (սերվերային և այլ ռեսուրսների ներգրավման), ուստի նման պնդումներն անհիմն են: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ քանի որ հիվանդանոցային այցերը կտրուկ աճել են, ուստի բուժհաստատությունները ևս «ահռելի» միջոցների են տիրապետում:
Հարց 4 -Տեխնիկական խնդիրների մասին. երբ պացիենտը մեկ այցելության ընթացքում օգտվում է տարբեր ծառայություններից, նրա համար բացվում է երեք առանձին ամբուլատոր քարտ: Արմեդն ամեն բացված քարտի դիմաց գումար է գանձում, թե՜ դա հնարավոր էր իրականացնել մեկ քարտի շրջանակում։
Պատասխան -Այս պնդումը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ըստ ԱՐՄԵԴ-ի կառուցվածքի՝ մեկ ամբուլատոր այցի սահմաններում իրականացվող ցանկացած գործողություն կարող է կազմակերպվել հենց այդ այցի շրջանակում և չի կարող երեք տարբեր այցերի մեջ բաշխվել:
Հարց 5- Վճարովի բժշկական ծառայությունից ԱՐՄԵԴ-ի կողմից գանձվում է 0,25% միջնորդավճար․ թե ինչ ծառայություն է մատուցում օպերատորն այդ վճարի դիմաց, հայտնի չէ։
Պատասխան-Սա նույնպես ապատեղեկատվություն է: ԱՐՄԵԴ համակարգի և բուժհաստատությունների միջև նման որևէ սակագին սահմանված չէ:
Հարց 6 -Համակարգով հնարավոր չէ կատարել նաեւ մասնակի գումարի ընդունում կամ մասնակի գումարի վերադարձ ՀԴՄ կտրոնով։ Ծրագիրն աշխատում է տեխնիկական խափանումներով․ՀԴՄ կտրոնները հաճախ չի արտացոլում:
Պատասխան – Այս պարագայում ԱՐՄԵԴ-ը ծառայություն է մատուցում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխան: ԱՐՄԵԴ համակարգի միջոցով գեներացվող ՀԴՄ-երի դեպքում մասնակի վճարման հնարավորություն առկա է:
Խափանումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ դանդաղությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ այլ գործոններով, այդ թվում՝ համակարգիչների թարմությամբ կամ ինտերնետ կապի որակով:
Հարց 7- Մեկ այլ խնդիր, որը մինչ օրս չի լուծվել, հերթագրման համակարգն է․ թեեւ կառավարության որոշմամբ վաղուց պետք է այն կցվեր Արմեդին, մինչ օրս չի գործում։
Պատասխան – Պետք է հաշվի առնելով, որ ԱՐՄԵԴ-ը էլեկտրոնային հարթակ է տրամադրում առողջապահության ոլորտում գործող բոլոր կազմակերպություններին՝ գործընթացներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար: Հերթագրումների մասով ֆունկցիոնալությունը համակարգում լիարժեք ապահովված է և ակտիվորեն կիրառվում է բուժհաստատությունների մեծ մասի կողմից:
Ինչ վերաբերում է ընտանեկան բժիշկների մոտ հերթագրումներին,ապա դա կախված է պոլիկլինիկաների կողմից իրենց աշխատաժամերը մուտքագրելու հետ: Այնուամենայնիվ, պոլիկլինիկաների մեծ մասը ևս օգտվում է այդ համակարգից:
Հարց 8 -Վճարովի ծառայություններից տոկոս գանձող օպերատորը հրաժարվում կամ անհարկի ձգձգում է ինտեգրել բուժհաստատությունների ներհիվանդանոցային ծրագրերը, ինչի պատճառով աշխատակիցները ստիպված են նույն տվյալները բազմակի անգամ մուտքագրել տարբեր ծրագրերում։
Պատասխան – Բուժհաստատությունների ներհիվանդանոցային ծրագրերի ինտերգրացիաների հարցում հաշվի են առնվում օրենսդրության, էլեկտրոնային առողջապահության համակարգի փոխանցման կոնցեսիոն պայմանագրի պահանջները, ինչպես նաև գործող միջազգային ստանդարտները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր