Ասում եք՝ Սահմանադրությունն է այդ իրավասությունը տալիս ինձ, ասացեք՝ ո՞ր հոդվածը
Wed, 26 Aug 2026 18:45:37 +0400

Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես կարելի է կոնկրետ հարցին պատասխանելու փոխարեն ստեղծել պատասխանելու տպավորություն։ Պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցն իր էությամբ շատ պարզ էր. եթե վարչապետը պատրաստվում է խոսել ՀՀ սահմանադրական փոփոխության, «չորրորդ հանրապետության» եւ պետության քաղաքական-իրավական վերաձեւակերպումների մասին, ո՞րն է դրանց կոնկրետ իրավական հիմքը։ Ղազարյանը չհարցրեց՝ «Դուք ժողովրդի մանդատ ունե՞ք», ոչ էլ՝ «Դուք վարչապե՞տ եք», այլ՝«ո՞ր իրավական նորմն է Ձեզ տալիս հենց այդ գործողությունն անելու իրավասությունը»։ Փաշինյանն «իր ամպլուայի մեջ» էր՝ խոսեց ժողովրդի տված մանդատի, իր ընտրության, քաղաքական ծրագրի, «երրորդ հանրապետություն» ձեւակերպման մասին, խոսեց երկար, վստահ… Մինչդեռ հարցն այդ ամենի մասին չէր։
Քաղաքական բանավեճի արդյունավետ հնարքներից մեկը հարցը չմերժելն է, այլ՝ փոխարինելը։ Նա չի ասում. «Ես այդ հարցին չեմ պատասխանի», որովհետեւ դա շատ տեսանելի կլինի։ Նա անում է ավելի նուրբ բան. վերցնում է հարցի մեկ բառը, դրա շուրջ կառուցում իր ուզած պատասխանն ու վերադարձնում հարցը տվողին:
Ղազարյանի հարցն իրավական լիազորություններին էր վերաբերում։ Փաշինյանի պատասխանը. «Եթե Դուք երրորդ հանրապետություն եք ասում, ես ինչո՞ւ չպետք է չորրորդ հանրապետություն ասեմ»։ Սա շատ հարմար շրջադարձ է։ Որովհետեւ այլեւս անհարմար տհաճ հարցին պատասխանելու անհրաժեշտությունը չկա, եւ հարցից էլ բացահայտորեն չի խուսափել։
Ավելին` արդեն ինքն է հարց տալիս ընդդիմախոսին։ Իսկ երբ դու հարց ես տալիս նրան, ով պատասխան է պահանջում, ներկաների մոտ առաջանում է պատրանք, թե պատասխանեցիր։ Դրվագի տրամաբանությունը փոխվում է տրամագծորեն՝ «Ժողովուրդն ինձ է ընտրել»: Մի պահ ընդունենք, որ դա այդպես է (միայն մի պահ), բայց դա ի՞նչ է ապացուցում: Դրանից չի հետեւում, որ ընտրված պաշտոնյան ստանում է ցանկացած գործողություն կատարելու իրավական լիազորություն։
Պարզ օրինակ. եթե ժողովուրդն ընտրում է քաղաքապետ, դա քաղաքապետին չի տալիս քաղաքի ցանկացած շենք քանդելու իրավունք։ Նա կարող է ունենալ քաղաքական մանդատ, բայց շենք քանդելու համար պետք է ունենա օրենքով նախատեսված իրավասություն եւ ընթացակարգ։ Իսկ դրանք խախտելու դեպքում` պատժվի: Դու, Նիկոլ, պետություն ես քանդում, բա չիմանա՞նք՝ ո՞ր օրենքով, ի՞նչ իրավասությամբ: «Ինձ ժողովուրդն է ընտրել» պատասխանը կարող ես հնչեցնել, երբ քեզ հարցնեն. «Որտեղի՞ց է գալիս Ձեր քաղաքական լեգիտիմությունը»։ Բա չիմանա՞նք՝ որտեղից է բխում հենց այս կոնկրետ գործողությունն իրականացնելու Ձեր իրավական իրավասությունը։ Եվ սա քաղաքական ճաշակի հարց չէ։
Կարծում եմ՝ Էդգար Ղազարյանը պետք է կանգնեցներ Նիկոլի խոսքի հեղեղը, բայց նա բաց թողեց ամենակարեւոր պահը` պիտի հնչեցներ ոչ թե նոր մեղադրանք, Նիկոլին «նվեր» մատուցեր նոր թեմա տալով, այլ պիտի հնչեցներ այն նույն միտքը, որը Նիկոլին կզրկեր բադիկի նման ջրից չոր դուրս գալուց: Պիտի պնդեր․ «Պարոն Փաշինյան, ես Ձեզ դա չեմ հարցրել։ Ժողովրդական մանդատի մասին Ձեր պատասխանը հասկացա, խնդրում եմ պատասխանել իմ հարցին՝ Սահմանադրության ո՞ր հոդվածն է Ձեզ տալիս այդ իրավասությունը»։
Եթե Փաշինյանը նորից կշեղվեր, պիտի կրկներ նույն հարցը. «Հոդվածի համարը նշեք, պարոն Փաշինյան»։ Փաշինյանը նորի՞ց կփորձեր շրջել հարցը, Էդգարը պետք է Ղազարյան մնար՝ «պարոն վարչապետ, Ձեր նախկին հայտարարությունը մենք հետո կքննարկենք, հիմա ժամանակն է, որ ասեք հոդվածի համարը»։ Եվ պետք չէ առաջնորդվել կանոնակարգով` քաղաքական բանավեճը պետք է ամեն գնով շարունակել։ Թե չէ, քեզ հարցնում են՝ ինչո՞ւ ես անցնում կարմիր լույսի տակով, իսկ դու պատասխանում ես. «Բա դու էլ անցյալ տարի սխալ կայանեցիր մեքենադ»: Նիկոլն իրականում պարզունակ բանավեճային հնարքներ է կիրառում, որոնք բացահայտելը բարդ չէ:
Այդ բանավեճերի ուժը, իմ գնահատմամբ, երբեք փաստի մեջ չէ, այլ շատ հաճախ այն ռիթմի մեջ է, որով նա վերցնում է հարցը, արագությամբ վերաձեւակերպում, անցնում դեմագոգիայի, թեման փոխում, հիշեցնում նախկինների մասին, խոսում ժողովրդից ստացած կասկածելի մանդատի մասին, հակընդդեմ հարց տալիս եւ ստեղծում պատասխանի զգացողություն։ Սա է «կռուտիտի» ամենահեշտ ձեւը, ոչ թե սուտ ասելը։ Թեեւ մեծ «դոզաներով» սուտն էլ է կիրառվում:
Եթե հարցը կարելի է քաղաքականացնել, եթե հարցը կարելի է վերածել «դուք էլ եք արել» հակադարձման, եթե հարցը կարելի է դարձնել պատմական բանավեճ, եթե հարցը կարելի է դարձնել «ժողովուրդը մեզ ընտրել է», Փաշինյանը շահում է։ Բայց կա հարց, որը դժվար է շրջանցել: Դա է` ցույց տվեք հոդվածը, կետը, իրավական հիմքը։
Այլ ոչ թե. «Դուք ստում եք, մոլորեցնում եք հասարակությանը»։ Որովհետեւ առաջինը նրան ստիպում է պատասխանել, երկրորդը հնարավորություն է տալիս եւս տասը-տասնհինգ րոպե խոսել այն մասին, թե ով է ստախոս, ով` մոլորեցնող։ Եթե կոնկրետ հոդվածը ցույց չի տալիս, անգամ ամենաճարպիկ լողը դրությունը չի փրկի: Որովհետեւ Փաշինյանի համար ամենացավոտ հարցը մնում է նույնը. «Դուք ասում եք՝ Սահմանադրությունն է Ձեզ այդ իրավասությունը տալիս։ Ասացեք՝ մայր օրենքի ո՞ր հոդվածը»։ Չէ՞ որ, եթե քեզ ժողովուրդն է ընտրել, այդ նույն ժողովուրդն է ավելի վաղ մայր օրենքն ընդունել, իսկ օրենքի առաջ բոլորը հավասար են:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր