Մեր քաղաքական նպատակը միայն իշխանափոխությունը չէ
Thu, 04 Jun 2026 14:23:25 +0400

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել քաղաքական ուղերձով՝ ընդգծելով երկրի վերականգնման և պետական կառավարման բարեփոխման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է անցնի արագ վերականգնման փուլ, որը կփոխարինի վերջին տարիների, իր գնահատմամբ, դժվարություններով և ճգնաժամերով լի շրջանին՝ վերականգնելով հասարակության արժանապատվությունն ու պետական ներուժը։
Քոչարյանը նշել է, որ ներկա բարդ պայմաններում հնարավոր է հասնել իրական արդյունքների, եթե պետությունը կենտրոնանա համակարգային փոփոխությունների վրա։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիներն են որոշում երկրի ապագան, և ընտրական գործընթացը պետք է ծառայի այդ նպատակին։
Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական նպատակը միայն իշխանափոխությունը չէ, այլ պետական կառավարման որակի վերականգնումը՝ այնպիսի համակարգի ձևավորումը, որը կարող է արդյունավետորեն պաշտպանել քաղաքացիներին և ապահովել միջազգային հարաբերությունների հավասարակշռված զարգացում։
Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա պահպանել գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ՝ առանց արտաքին ուժերի հակասությունների մեջ ներքաշվելու։
Նա նաև հայտարարել է, որ իր համոզմամբ՝ իր ընտրվելու դեպքում հնարավոր կլինի կանխել պատերազմի, տարածաշրջանային լարվածության և դաշնակիցների հետ հակասությունների սրացման ռիսկերը՝ ապահովելով երկրի կայուն զարգացումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր