«Հրապարակ». Չինացի աշխատողները դուրս են մղել տեղացիներին․ ում համար են ստեղծվում նոր աշխատատեղերը

«Հրապարակ». Չինացի աշխատողները դուրս են մղել տեղացիներին․ ում համար են ստեղծվում նոր աշխատատեղերը

Fri, 28 Aug 2026 10:45:16 +0400


Հանքավանի Արտավազ գյուղում գտնվող «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրը տեւական ժամանակ է՝ վարձակալությամբ գտնվում է չինական Sinohydro Corporation ընկերության տրամադրության տակ։ Sinohydro-ն չինական PowerChina հոլդինգի կազմում գտնվող ընկերություն է եւ Հայաստանում ներգրավված է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական ծրագրերում։
Մեր տեղեկություններով, «Անի Ռեզորթն» այս ընկերությունն օգտագործում է իր աշխատակիցների, ինժեներների եւ մասնագիտական խմբերի բնակության ու աշխատանքային կարիքների համար։ Սակայն այս պատմության ուշագրավ կողմը հյուրանոցի վարձակալությունը չէ։ «Հրապարակի» հետ զրույցում Հանքավանի եւ հարակից բնակավայրերի բնակիչները դժգոհեցին` ասելով, որ «Անի Ռեզորթում» այսօր հիմնականում չինացի աշխատակիցներ են բնակվում եւ աշխատում, որոնք իրենց գործազուրկ դառնալու պատճառ են դարձել։

Նրանց խոսքով՝ չինական ընկերությունը Հայաստան է բերել սեփական աշխատուժը, ինչի հետեւանքով տեղի բնակիչների համար հյուրանոցում աշխատելու հնարավորություն չի մնացել։ Հատկանշական է, որ Արտավազ գյուղում գտնվող այս հյուրանոցային համալիրը տարիներ շարունակ կարեւոր նշանակություն է ունեցել նաեւ տեղի բնակիչների համար՝ որպես աշխատատեղ։ Այսօր, տեղացիների պնդմամբ, պատկերը փոխվել է։ Տեղացիները մեզ փոխանցեցին նաեւ մեկ այլ ուշագրավ տեղեկություն։ Նրանց խոսքով՝ «Անի Ռեզորթում» բնակվող չինացի մասնագետների մի մասը ներգրավված է նաեւ Հրազդանում վերջերս բացված Firebird AI-ի արհեստական բանականության կենտրոնի աշխատանքներում։ Խոսքը Հայաստանի վերջին շրջանի ամենախոշոր տեխնոլոգիական նախագծերից մեկի մասին է։

Հիշեցնենք, որ Firebird AI-ի Հրազդանի կենտրոնը պաշտոնապես բացվել է օգոստոսի 8-ին։ Առաջին փուլի ներդրումը կազմում է շուրջ 500 մլն դոլար, իսկ կենտրոնն աշխատում է 6144 NVIDIA Blackwell GPU-ով։ Ընկերությունը հայտարարել է, որ մինչեւ 2027 թվականի վերջը նախատեսում է ընդլայնել ենթակառուցվածքը՝ հասցնելով ավելի քան 70 հազար NVIDIA Blackwell եւ Vera Rubin GPU-ի եւ շուրջ 300 ՄՎտ AI ենթակառուցվածքի հզորության։ Firebird AI-ի նախագիծը ներկայացվում է որպես ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն AI գործարաններից մեկը։ Կենտրոնը հիմնականում ծառայություններ է մատուցելու միջազգային հաճախորդներին․ ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հայտնել է, որ հաճախորդների 95-97 տոկոսը Հայաստանից դուրս է գտնվելու։ Ուշագրավ է նաեւ, որ Firebird AI-ը շարունակում է Հայաստանում մասնագետներ փնտրել։ Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված է թափուր աշխատատեղերի ցանկը, մասնավորապես, Machine Learning Engineer, Monitoring and Observability Engineer, Network Engineer, Storage Engineer, Security Operations Manager եւ այլ հաստիքներ։ Դրանք հիմնականում Երեւանում, ամբողջ դրույքով աշխատանքի համար նախատեսված՝ բարձր մասնագիտացում պահանջող պաշտոններ են։ Օրինակ՝ ընկերությունը փնտրում է մեքենայական ուսուցման ինժեներ, որը պետք է աշխատի մեծ լեզվային մոդելների, GPU-ների եւ բաշխված համակարգերի հետ, ինչպես նաեւ՝ ցանցային եւ տվյալների պահպանման համակարգերի մասնագետներ։

Այս ֆոնին հարց է առաջանում՝ եթե հանքավանցիները պնդում են, որ «Անի Ռեզորթում» իրենց համար աշխատանք գրեթե չի մնացել, իսկ չինական աշխատուժը, նրանց փոխանցմամբ, ներգրավվում է ոչ միայն Հյուսիս-Հարավի, այլ նաեւ Հրազդանի նորաստեղծ AI կենտրոնում, ապա իրականում ո՞ւմ համար են ստեղծվում նոր աշխատատեղերը։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նշված կառույցներից, սակայն մեզ հորդորեցին գրավոր դիմել։ «Հրապարակը» հարցումներ է ուղարկել Firebird AI-ին, Հրազդանի համայնքապետարանին եւ ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարզելու, թե քանի տեղացի եւ քանի օտարերկրյա աշխատակից է ներգրավված այս տարածքում, ինչ ծավալով է նախատեսվում տեղական աշխատուժի ներգրավումը եւ այլն։ Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը մահափո՞րձ է կատարել Թրամփի որդու դեմ

Իրանը մահափո՞րձ է կատարել Թրամփի որդու դեմ Fri, 28 Aug 2026 12:00:59 +0400 Իրանի Ազգային…

20 րոպե ago

Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից

Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից Fri, 28 Aug 2026 11:56:27 +0400 Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին…

25 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները Fri, 28 Aug 2026 11:45:24 +0400…

36 րոպե ago

Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են

Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են Fri, 28 Aug 2026 11:39:32 +0400 Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի…

42 րոպե ago

ԵՄ հայկական ապրանքների մատակարարման ծավալը նվազագույն է․ ՌԴ ԱԳՆ

ԵՄ հայկական ապրանքների մատակարարման ծավալը նվազագույն է․ ՌԴ ԱԳՆ Fri, 28 Aug 2026 11:30:44 +0400…

50 րոպե ago

Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է

Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Fri, 28 Aug 2026 11:20:40 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ…

1 ժամ ago