Պուտին-Թրամփ-Զելենսկի գագաթնաժողովը հնարավոր է, բայց․․.Կրեմլի արձագանքը
Mon, 31 Aug 2026 12:00:23 +0400

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն «պայմանավորվածությունների արձանագրման համար», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այդպես է նա մեկնաբանել Axios-ի հաղորդագրությունն այն մասին, թե ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը Մոսկվա կատարած այցի ժամանակ առաջարկել է Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպում անցկացնել։
«Վաղուց են առաջարկում անցկացնել Պուտին-Թրամփ-Զելենսկի գագաթնաժողով։ Եվ դուք լավ գիտեք մեր պետության ղեկավարի դիրքորոշումը. նման հանդիպումը հնարավոր է միայն պայմանավորվածությունների պաշտոնականացման համար։ Դրանք պարզունակ գործարք չեն», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Կրեմլի խոսնակը նշել է, որ սա շատ բարդ կարգավորող գործընթաց է, որը բաղկացած է բազմաթիվ մանրամասներից։ «Բնականաբար, նախագահների համար բացարձակապես անօգուտ է հանդիպել այս ամենը քննարկելու համար։ Նրանք կարող են հանդիպել միայն համաձայնագրերի վերջնականացման համար։ Սակայն կիևյան կողմը չի ցանկանում մասնակցել իրական կարգավորմանը», – պնդել է Պեսկովը։
Հիշեցնենք, նախորդ շաբաթվա սկզբին Մոսկվա կատարած իր անակնկալ այցի ժամանակ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև՝ պատերազմը դադարեցնելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Ռատկլիֆի այցը մասամբ նպատակ ուներ պարզել, թե արդյոք Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարները կարող են օգնել համոզել Պուտինին քայլ կատարել Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր