Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Փաշինյանը շարունակում է գործածել գոյություն չունեցող երեվույթը

Փաշինյանը շարունակում է գործածել գոյություն չունեցող երեվույթը

Tue, 01 Sep 2026 18:45:43 +0400


Բարեփոխումների իրականացումը երկրի ներսում սովորաբար բախվում է հակազդեցության, ինչը բնական է, քանի որ հանգեցնում է այս կամ այն խավի կենսամակարդակի վատթարացմանը՝ մշտապես կամ ժամանակավորապես: Դրան գումարած այն հանգամանքը, որ մարդկանց մեծ մասը ծանր է տանում փոփոխությունները, թե՛ հոգեբանորեն եւ թե՛ բարեփոխումների առաջադրած նոր պահանջներին «տեխնիկապես» հարմարվելու տեսակետից:

Առկա է նաեւ բարեփոխումների կազմակերպման մասնագիտական մակարդակի խնդիրը: Այն է՝ հայեցակարգի մշակում, նպատակներին ու դրանց հասնելու խնդիրների առաջադրում, խնդիրների լուծման եղանակներ ու դրանց համար անհրաժեշտ միջոցների հայթայթում եւ, վերջապես՝ ամեն խնդրի լուծման եւ ընդհանրապես գործընթացի ավարտի ժամկետների առաջադրում: Այդ ամենի պահպանման արդյունքում ինչ-որ ժամանակ հետո մարդիկ վայելում են ստացված արդյունքները, եւ շատ արագ մոռացվում է, որ հենց նույն մարդիկ սկզբնական շրջանում դեմ էին բոլոր այդ փոփոխություններին:

Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, եւ դրանցից մեկ-երկուսն իրենց ժամանակ կարելի էր համարել հաջողված: Բայց երեք տասնամյակի գործունեության պրիզմայով դիտարկելով ստացված պատկերը՝ ստիպված ենք արձանագրել, որ անհաջողություն է գրանցվել համարյա բոլոր ուղղություններով: Այն է՝ պետության տնտեսական, քաղաքական, ռազմական, իրավական եւ, որ ամենակարեւորն է՝ անվտանգային առումով:

Վերցնենք ամենավերջին ռազմավարական բարեփոխումը՝ երկրի կառավարման համակարգի փոփոխությունը: Երբ կյանքի էր կոչվում խորհրդարանական հանրապետություն ձեւավորելու միջոցով Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու որոշումը, իշխանության ուշադրությունը սեւեռվել էր Հանրապետական կուսակցության իշխող դիրքի պահպանության վրա: Հաշվի չէր առնվել, նախ, այն հանգամանքը, թե որքանով են հայաստանյան ընտրողները պատրաստ ներառվելու այդ համակարգում: Եվ երկրորդ․ հաշվի չէր առնվել ընդդիմության դերակատարման խնդիրը, քանի որ իշխող կուսակցության անդամների մոտ չէր ծագում այն միտքը, թե իրենք մեկ տարի չանցած զիջելու են իրենց իշխող դիրքը ու, ըստ այդմ, ինչպես են գործելու որպես ընդդիմություն: Դա վերաբերում էր թե՛ ընդհանրապես Սահմանադրություն, թե՛ ընտրական եւ բազմաթիվ այլ սահմանադրական օրենքներ մշակելուն:

Այդ հարցում որեւէ դեր չկատարեց նաեւ այդ օրերի ընդդիմությունը, որը որոշեց «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: Իսկ նման մոտեցման դեպքում, բնականաբար, բովանդակության քննարկման մասին խոսք լինել չէր կարող: Բացառիկ ընդդիմադիրներից մեկը, որը պոզիտիվ մոտեցում ցուցաբերեց հանրաքվեի անցկացմանը, տողերիս հեղինակն էր: Ես՝ որպես հասարակական կազմակերպության անդամ, մի խումբ մարդկանց հետ քարոզում էի հետընտրական դաշինք թույլատրելու անհրաժեշտությունը, ինչը չկար նախագծում: Այդ քարոզարշավի շնորհիվ այն ներառվեց, ու այսօր Գյումրիում տեղական իշխանությունն ընդդիմության ձեռքում է հենց այդ դրույթի շնորհիվ: Ինչեւէ, եթե ժամանակին ՀՀԿ-ն ավելի լայնախոհ լիներ փոփոխությունների հանդեպ, այսօր այս վիճակի մեջ չէինք լինի, եւ մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ օրենսդրական մեխանիզմով հրաժարական պարտադրել մեկ անձին, որը ժողովրդավարության կայացման կեղծ արձանագրման ներքո բռնել է լիակատար բռնապետություն հաստատելու ճանապարհը:
Այո, դեռեւս դրա ճանապարհին է, քանի որ, ինչպես ինքն է անընդհատ կրկնում, շաբաթը մեկական ժամով լրագրողներին թույլ է տալիս «սուր հարցեր» ուղղել իրեն ու դա համարում է Հայաստանում «ժողովրդավարության» հաստատման հիմնական հիմնավորումը, չնայած հիանալի գիտակցում է, որ դա մարդկանց մանիպուլացնելու լավագույն միջոցներից է: Հարցեր տալ թույլատրում է, բայց պատասխանում է ոչ թե ըստ էության, այլ ինչպես ինքն է ցանկանում: Մի դեպքում հարցի պատասխանը տանում է մեկ այլ հարթությու, մեկ այլ դեպքում ուղղակի ջուր է ծեծում, ռուսերեն ասած, «вокруг да около» ֆռռալով: Եվ ինչ հարց էլ լինի՝ բոլոր դեպքերում այն օգտագործում է նախկիններին (անցյալ տարվանից` գումարած «կալուգացի օլիգարխին») հերթական անգամ մեղադրելու համար, թեկուզ հարցը վերաբերի, ասենք, սեփական պարգեւավճարներին: Երեւի միակ թեման, որին փորձում է նման ձեւով չարձագանքել, վերաբերում է Աննա Հակոբյանի բաժանվելուն եւ կրկին միավորվելուն:

ՀԳ. Ի դեպ, Սամվել Կարապետյանը չի կարող համարվել օլիգարխ, քանի որ «օլիգարխների» ինստիտուտը ՌԴ նախագահը վաղուց վերացրել է: Բացի դրանից, հետելցինյան Ռուսաստանում ազգությամբ հայ մեծահարուստ գործարարին ոչ ոք չէր թույլատրի ձեռք բերել օլիգարխի կարգավիճակ: Ի գիտություն` օլիգարխն այն մեծահարուստն է, որը որեւէ երկրում ներառված է քաղաքականության մեջ որոշում կայացնողների շրջանակում: Ենթադրում եմ, որ երեւույթների ինստիտուցիոնալիզացման ջատագով վարչապետը պետք է տեղյակ լինի դրանից: Սակայն քարոզչական նպատակով շարունակում է օգտագործել գոյություն չունեցող երեւույթը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականների վտանգների մասին

ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականների վտանգների մասին Wed, 02 Sep 2026 10:24:56 +0400 Սամվել դպիր Գրիգորյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով