haqqin.az-ը Նիկոլ Փաշինյանին ավելի շատ տեղ է հատկացնում, քան Ալիեւին
Tue, 01 Sep 2026 21:47:37 +0400

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մինչ ՀՀ Կառավարության կայքէջը Նիկոլ Փաշինյանի խեղճուկրակ կեցվածքն ու պրոադրբեջանական հայտարարությունները փորձում է այլ կոնտեքստով ներկայացնել, ադրբեջանական լրատվամիջոցները նրա հայտարարությունները մեծ ջանասիրությամբ տարածում են: Ադրբեջանական haqqin.az-ը մասնավորապես այս առնչությամբ գրել է.
«Միջազգային հանրության շրջանում կա լայն ըմբռնում, որ աշխարհը պետք է լինի բազմաբևեռ, և որ հենց բազմաբևեռությունն է քիչ թե շատ հուսալի միջոցy՝ հավասարակշռության, հետևաբար՝ կայունություն և խաղաղություն ապահովելու համար։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը՝ նման փոքր պետությունը, նպաստել բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը։ Մենք այս հարցին գործնական պատասխան ենք տալիս՝ վարելով, ըստ էության, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության «ՇՕՍ+» ձևաչափով հանդիպման ժամանակ։
Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով. «Այս քաղաքականության իմաստը հետևյալն է. երբ որևէ աշխարհաքաղաքական բևեռի ձգողական ուժն այնքան է մեծանում, որ կարող է խախտել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք հարաբերությունները մեկ այլ բևեռի հետ, որն այդ պահին ունի բավարար ձգողական ուժ՝ հավասարակշռությունը պահպանելու համար՝ մեր ինքնիշխանության և անկախության ամրապնդման՝ դժվարություններով լի ճանապարհին»։
Նման քաղաքականության գլխավոր նպատակը, ըստ Փաշինյանի, «Ինքնիշխանության և անկախության պահպանումն ու ամրապնդումն է։ Այս ռազմավարությունները մշակելիս մենք եկանք այն եզրակացության, որ հնարավոր չէ ունենալ անկախություն և ինքնիշխանություն՝ ապրելով հակամարտության պայմաններում։ Եվ բազմաբևեռությունն այս իմաստով առաջին հերթին պետք է դրսևորվի այն տարածաշրջանում, որտեղ դու ապրում ես»։
Հայաստանի վարչապետի կարծիքով՝ ամրապնդելով հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ. «Մենք ուղիներ ենք փնտրում մեր մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու համար։ Իհարկե, սա առավել առարկայական բնույթ է ստանում անցյալ տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ»։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այժմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում է «միջպետական հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP ծրագրի իրականացման միջոցով։ Դրա իրականացման գործնական աշխատանքները տեղում կսկսվեն առաջիկա ամիսներին։ Սա նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի ոչ միայն արևելքից արևմուտք՝ այսինքն Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլև հյուսիսից հարավ՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Այսպիսով, ծրագրի իրականացումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»։
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ «վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և Եվրոպական միության հետ։ Հնդկաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ են կրում։ Այժմ աշխատում ենք դրանք փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ»»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր