Հիսուսի գերեզմանի առեղծվածը
Tue, 01 Sep 2026 22:00:01 +0400

Օրեր առաջ միջազգային մամուլում տարածվեցին լուրեր, թե Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարի տակ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը։ Չնայած գիտնականները վստահ չեն, որ հայտնաբերված գերեզմանն իրոք պատկանել է Հիսուս Քրիստոսին, սակայն ամերիկյան մամուլը պնդում է այդ թեզը։ Այսօր հետաքրքիր է հատկապես այն, թե մինչեւ 4-րդ դարը ինչ է եղել Սուրբ Հարության տաճարի տեղում, երբ սկսվել է տաճարի շինարարությունը։
Վերջին պեղումներից տաճարի հատակի տակ բազմաշերտ ու հարուստ հնագիտական նյութ է հայտնաբերվել, որը վերագրվում է առնվազն Քարի դարի ժամանակներից մինչեւ Հռոմեական ժամանակաշրջանին։ Այստեղ եղել են ավերածություններ, հրդեհներ։ Սուրբ Հարության տաճարի կամ Քրիստոսի Գերեզմանի համակարգված պեղումները սկսվել են դեռ 19-րդ դարում։ Գերմանացի ճարտարապետ եւ հետազոտող Քոնրադ Շիկը 1860-ականներին զբաղվել է տաճարի եւ հարակից տարածքների քարտեզագրությամբ։ Նրա աշխատանքներն էլ դրվել են հետագա հնագիտական պեղումների եւ ուսումնասիրությունների հիմքում։ 1960-70 թթ․ ֆրանսիացի հնագետ Վիրժիլիո Կորբոն է կատարել պեղումներ։ 1963 թվականից սկսած՝ տաճարի համար պատասխանատու երեք քրիստոնեական համայնք, այդ թվում՝ նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, նրան են վստահել հնագիտական պեղումների ղեկավարումը։ Աշխատանքները շարունակվել են երկար տարիներ։ 1970-80-ական թվականներին պեղումներն իրականացվել են Սբ Հեղինեի մատուռի տարածքում, եւ պարզել են, որ ի սկզբանե Սուրբ Հարության տաճարի տեղում որեւէ սրբավայր կամ գերեզմանոց չի եղել։ Տարածքի տակ հայտնաբերվել են հին քարհանքի հետքեր։ Պարզվել է, որ քարհանքը հետո մասամբ լցվել է հողով։ Ժամանակի ընթացքում շահագործվել որպես պարտեզ կամ այգի։ Հայտնաբերվել են խաղողի եւ ձիթապտղի մշակման հետքեր։
2025 թվականին արդեն իտալացի մասնագետ Ֆրանչեսկա Ռոմանա Ստասոլայի ղեկավարած խմբի պեղումներն էլ բացահայտել են, որ նախքան տաճարի կառուցումը՝ Ավետարաններում ներկայացված պատմությունների ժամանակաշրջանում այս տարածքը եղել է գերեզմանոց, եւ այս բացահայտումն էլ պատճառ է դարձել, որ միջազգային ուշադրությունը սեւեռվի, քանի որ բացահայտումները, որոնք արվել են հնագիտական պեղումների արդյունքում, հաստատել են այն, ինչը նկարագրված է Հովհաննու Ավետարանում։ Հենց սա է թերեւս առիթ տվել, որ հայտարարվի, թե հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր