Ալտերնատիվներ ենք փնտրում ռուսական մատակարարմանը. գործարար
Thu, 03 Sep 2026 20:18:52 +0400

Այսօր եւ վաղը Երևանում 150 ադրբեջանցի և 120 հայ գործարարների մասնակցությամբ Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի է ունենում ֆորում, որի նպատակը գործարարների միջեւ հարաբերություններ հաստատելն ու բիզնեսի ընդլայնման հնարավորություններ գտնելն է։ Ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաև «Պանո» ընկերության հիմնադիր Արամ Աբրահամյանը։
Մեզ հետ զրույցում Աբրահամյանը նշեց, որ հրավեր ստացել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից․ ««Պանո» ընկերությունը ներկրում է տարբեր տեսակի հումք՝ հացի արտադրության համար և այսօրվա քաջ հայտնի իրականության մեջ մեզ համար հետաքրքիր է նաեւ մեր հարեւան երկրների հետ համագործակցության եզրեր փնտրելը, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր մատակարարման աղբյուրները, այդ իսկ առումով փնտրում ենք նոր մատակարարներ թե մեր արեւմտյան հարեւաններից, թե մեր հարավային հարեւանից, ու թե եվրոպայից, որպեսզի գտնենք ալտերնատիվներ ռուսական մատակարարմանը։ Մենք պատկերացնում ենք, որ կարող է մի օր գալ, որ փաստի առաջ կանգնենք, իսկ հացի արտադրությունը շարունակական պրոցես է, եւ մշտական արտադրություն, եւ կրիտիկական, կարելի է ասել ստրատեգիկ պրոդուկտ է, եւ փաստի առաջ կանգնել եւ մնալ առանց հումքի, մատակարարման օղակների` դա կարող է բերել ոչ միայն մեր ընկերության, այլ նաև ընդհանրապես տնտեսության համար ծանր հետևանքների, մանավանդ մենք խոշոր արտադրող ենք եւ մատակարարում ենք Հայաստանի 3500-ից ավելի կազմակերպությունների»։
Հարցին՝ հասցրե՞լ են թուրք գործարարների հետ համագործակցության եզրեր գտնելու շուրջ բանակցել՝ Աբրահամյանը նշեց․ «Դեռ ոչ, նոր-նոր բանակցային խրամատներում ծանոթանում ենք տարբեր մարդկանց հետ։ Ուղղակի մի քիչ լեզվի խնդիր կա, մարդկային ուղիղ շփումը մեր նման ժողովուրդների համար առաջնային է այս իրավիճակում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր