Պետությունը Նիկոլն է
Mon, 07 Sep 2026 18:15:19 +0400

2019 թ.-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին, որ հաջորդ օրը գնան եւ արգելափակեն հանրապետության բոլոր դատարանների մուտքերը: Հաջորդ օրը հրավիրած խորհրդակցությանը վերը նշված անձը նաեւ բարձրաձայնեց դատավորների վեթինգի գաղափարը:
Հայտարարվեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի: Բայց երևի եվրոպական հովանավորների կողմից այն հավանության չարժանացավ՝ հաշվի առնելով 2016-ին սկսված ու այդ ժամանակ դեռևս ընթացող (ավարտվել է 2026-ին)՝ ալբանական անհաջող գործընթացի փորձը: Այդ պատճառով վեթինգը մոռացվեց, ու փոխարինվեց օրենսդրական փոփոխություններով ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների բարեվարքության, գույքի և քաղաքական կապերի ստուգման մեխանիզմներով: Ասեմ, որ քաղաքական կապերի ստուգումը հատկապես արդյունավետ է ընթանում նախկինների առումով:
Յոթ տարի անց՝ կրկին Քոչարյանին կալանքի առումով, Փաշինյանը հիշեց վեթինգի մասին ու կրկին հայտարարեց, որ դատական համակարգը պետք է ենթարկվի վեթինգի: Սակայն 2026 թ.-ի սեպտեմբերին իրադրության կոմիզմը կայանում է նրանում, որ դատավորների 70 տոկոսը նշանակվել է գործող իշխանության կողմից: Եվ եթե ինքը ճանաչեր բոլոր իրավաբաններին, ապա վստահաբար նրանք բոլորը կնշանակվեին անձամբ իր կողմից: Ինչն, ի դեպ, բնորոշում է իր վերաբերմունքն «իրական» Հայաստանում պետական ինստիտուցիոնալիզացման երևույթին: Բայց եթե վերհիշենք նրա արտահայտությունը, որ կառավարությունն ինքն է, ապա այդ վերաբերմունքն էլ ստիպված ենք դիտարկել որպես նորմալ: Ու հերթական անգամ արձանագրել, որ մերինի նման երկրում աննորմալ բոլոր երևույթները պետք է համարվեն լիովին նորմալ:
Ինչևէ, եթե դատավորների մնացած մասն էլ բաժանենք «50-50»-ի՝ դեռևս անկախ մնացածների ու նախկիններին ծառայած ու նրանցից իրեն ժառանգված «մացոների», ապա տակը կմնա վեթինգի ենթակա 15 տոկոս: Կամ ընդհանուր 300-330 դատավորներից՝ 45-50 հոգի: Իհարկե, Փաշինյանի նման անձի համար դժվար է պատկերացնելը, որ կարող են լինել դատավորներ, ովքեր որոշում են կայացնում օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Եվ ոչ թե ինչ-ինչ առնչություններ ունեն նախկինների հետ՝ էլ չասած ուղղակի «գնվելու» մասին: Նույն ձևով չէր պատկերացնում, որ «Ուժեղ Հայաստան»-ին, «Հայաստան»-ին ու «Բարգավաճ Հայաստան»-ին մարդիկ ձայն են տվել ոչ թե ընտրակաշառքի, այլ, մի դեպքում, սկզբունքների և մյուս դեպքում՝ մարդկային երախտագիտության շնորհիվ: Ու ինձ ու ինձ նմաններին և կամ Ծառուկյանին երախտապարտ մարդկանց 100 տոկոսանոց ընտրակեղծարար էր հռչակում՝ խախտելով օրենսդրությունը: Ինչի համար ևս ապագայում կանգնելու է դատարանի առջև:
Ինչ մնում է «50-50»-ի երևույթին՝ դա էլ է, չէ՞, Սերժ Սարգսյանի եղբորն առնչվող՝ Նիկոլին նախկիններց մնացած ժառանգությունը: Եվ, ինչն ավելի կարևոր է, ժամանակին նրա կողմից անընդհատ օգտագործվող թվային, ինչպես հետո պարզվեց, առասպելը: Ինչևէ, եթե հաշվի ենք առնում, որ թշնամու առաջ խեղճացված ու կզած իշխանությունը երկրի ներսում առյուծի սիրտ է ստանում, ապա 45-50 հոգին էլ չպետք է լինեն: Այսինքն, բոլոր դատավորները՝ մեկ մարդու նման, պետք է կատարեն միակ մարդու կամքը: Ով ոչ միայն վարչապետ է և կառավարություն, այլև քննիչ է, դատախազ ու դատավոր: Մի ժամանակ, հիշենք, նաև «չշշկռվելիք» գերագույն հրամանատար էր, բայց դա արդեն իր համար մոռացված անցյալ է: Մոռացված ճիշտ այնպես, ինչպես հայոց հայրենիքի մաս կազմող Արցախն ու նրա հետ կապակցված յուրաքանչյուր բան:
Վերադառնալով վեթինգին՝ արձանագրենք, որ դա վերը նշված միակ մարդուն (ով միաժամանակ կառավարություն է, քննիչ, դատախազ ու դատավոր) անհրաժեշտ է, որպեսզի կյանքի կոչվի նախկիններին «պեռաշկի»-ի մակարդակին ունեզրկելու գործընթացը: Որովհետև կյանքը ցույց տվեց, որ նույնիսկ իր ընդունած օրենքով դա կատարելը բարդ է և ժամանակատար: Ութուկես տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի գիտակցում, որ օրենքը սահմանափակումներ է դնում ոչ միայն և ոչ այնքան շարքային քաղաքացիների, որքան իշխանության առջև: Ու հենց դրանում է յուրաքանչյուր օրենսդրական ակտի էությունը, այլապես գործող իշխանության ղեկավարը չէր բավարարվի հայտարարելով, թե կառավարությունն ինքն է: Այլև ֆրանսիացի միապետ Լուի 14-րդի նման առաջ կգնար՝ ասելով, թե պետությունն ինքն է: Չնայած, եթե օբյեկտիվ դիտարկենք հայաստանյան իրականությունը, ապա ստիպված ենք ընդունել, որ մեր դեպքում պետությունն իսկապես ինքն է: Ուրիշ հարց, որ իր ապաշնորհության շնորհիվ իր հետ միասին անդունդ է տանում նաև հայոց երկիրը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր