Պետությունը Նիկոլն է

Պետությունը Նիկոլն է

Mon, 07 Sep 2026 18:15:19 +0400


2019 թ.-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին, որ հաջորդ օրը գնան եւ արգելափակեն հանրապետության բոլոր դատարանների մուտքերը: Հաջորդ օրը հրավիրած խորհրդակցությանը վերը նշված անձը նաեւ բարձրաձայնեց դատավորների վեթինգի գաղափարը:

Հայտարարվեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի: Բայց երևի եվրոպական հովանավորների կողմից այն հավանության չարժանացավ՝ հաշվի առնելով 2016-ին սկսված ու այդ ժամանակ դեռևս ընթացող (ավարտվել է 2026-ին)՝ ալբանական անհաջող գործընթացի փորձը: Այդ պատճառով վեթինգը մոռացվեց, ու փոխարինվեց օրենսդրական փոփոխություններով ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների բարեվարքության, գույքի և քաղաքական կապերի ստուգման մեխանիզմներով: Ասեմ, որ քաղաքական կապերի ստուգումը հատկապես արդյունավետ է ընթանում նախկինների առումով:
Յոթ տարի անց՝ կրկին Քոչարյանին կալանքի առումով, Փաշինյանը հիշեց վեթինգի մասին ու կրկին հայտարարեց, որ դատական համակարգը պետք է ենթարկվի վեթինգի: Սակայն 2026 թ.-ի սեպտեմբերին իրադրության կոմիզմը կայանում է նրանում, որ դատավորների 70 տոկոսը նշանակվել է գործող իշխանության կողմից: Եվ եթե ինքը ճանաչեր բոլոր իրավաբաններին, ապա վստահաբար նրանք բոլորը կնշանակվեին անձամբ իր կողմից: Ինչն, ի դեպ, բնորոշում է իր վերաբերմունքն «իրական» Հայաստանում պետական ինստիտուցիոնալիզացման երևույթին: Բայց եթե վերհիշենք նրա արտահայտությունը, որ կառավարությունն ինքն է, ապա այդ վերաբերմունքն էլ ստիպված ենք դիտարկել որպես նորմալ: Ու հերթական անգամ արձանագրել, որ մերինի նման երկրում աննորմալ բոլոր երևույթները պետք է համարվեն լիովին նորմալ:

Ինչևէ, եթե դատավորների մնացած մասն էլ բաժանենք «50-50»-ի՝ դեռևս անկախ մնացածների ու նախկիններին ծառայած ու նրանցից իրեն ժառանգված «մացոների», ապա տակը կմնա վեթինգի ենթակա 15 տոկոս: Կամ ընդհանուր 300-330 դատավորներից՝ 45-50 հոգի: Իհարկե, Փաշինյանի նման անձի համար դժվար է պատկերացնելը, որ կարող են լինել դատավորներ, ովքեր որոշում են կայացնում օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Եվ ոչ թե ինչ-ինչ առնչություններ ունեն նախկինների հետ՝ էլ չասած ուղղակի «գնվելու» մասին: Նույն ձևով չէր պատկերացնում, որ «Ուժեղ Հայաստան»-ին, «Հայաստան»-ին ու «Բարգավաճ Հայաստան»-ին մարդիկ ձայն են տվել ոչ թե ընտրակաշառքի, այլ, մի դեպքում, սկզբունքների և մյուս դեպքում՝ մարդկային երախտագիտության շնորհիվ: Ու ինձ ու ինձ նմաններին և կամ Ծառուկյանին երախտապարտ մարդկանց 100 տոկոսանոց ընտրակեղծարար էր հռչակում՝ խախտելով օրենսդրությունը: Ինչի համար ևս ապագայում կանգնելու է դատարանի առջև:

Ինչ մնում է «50-50»-ի երևույթին՝ դա էլ է, չէ՞, Սերժ Սարգսյանի եղբորն առնչվող՝ Նիկոլին նախկիններց մնացած ժառանգությունը: Եվ, ինչն ավելի կարևոր է, ժամանակին նրա կողմից անընդհատ օգտագործվող թվային, ինչպես հետո պարզվեց, առասպելը: Ինչևէ, եթե հաշվի ենք առնում, որ թշնամու առաջ խեղճացված ու կզած իշխանությունը երկրի ներսում առյուծի սիրտ է ստանում, ապա 45-50 հոգին էլ չպետք է լինեն: Այսինքն, բոլոր դատավորները՝ մեկ մարդու նման, պետք է կատարեն միակ մարդու կամքը: Ով ոչ միայն վարչապետ է և կառավարություն, այլև քննիչ է, դատախազ ու դատավոր: Մի ժամանակ, հիշենք, նաև «չշշկռվելիք» գերագույն հրամանատար էր, բայց դա արդեն իր համար մոռացված անցյալ է: Մոռացված ճիշտ այնպես, ինչպես հայոց հայրենիքի մաս կազմող Արցախն ու նրա հետ կապակցված յուրաքանչյուր բան:

Վերադառնալով վեթինգին՝ արձանագրենք, որ դա վերը նշված միակ մարդուն (ով միաժամանակ կառավարություն է, քննիչ, դատախազ ու դատավոր) անհրաժեշտ է, որպեսզի կյանքի կոչվի նախկիններին «պեռաշկի»-ի մակարդակին ունեզրկելու գործընթացը: Որովհետև կյանքը ցույց տվեց, որ նույնիսկ իր ընդունած օրենքով դա կատարելը բարդ է և ժամանակատար: Ութուկես տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի գիտակցում, որ օրենքը սահմանափակումներ է դնում ոչ միայն և ոչ այնքան շարքային քաղաքացիների, որքան իշխանության առջև: Ու հենց դրանում է յուրաքանչյուր օրենսդրական ակտի էությունը, այլապես գործող իշխանության ղեկավարը չէր բավարարվի հայտարարելով, թե կառավարությունն ինքն է: Այլև ֆրանսիացի միապետ Լուի 14-րդի նման առաջ կգնար՝ ասելով, թե պետությունն ինքն է: Չնայած, եթե օբյեկտիվ դիտարկենք հայաստանյան իրականությունը, ապա ստիպված ենք ընդունել, որ մեր դեպքում պետությունն իսկապես ինքն է: Ուրիշ հարց, որ իր ապաշնորհության շնորհիվ իր հետ միասին անդունդ է տանում նաև հայոց երկիրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

47 րոպե ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

49 րոպե ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

59 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

1 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago