Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ունենալ գյուղատնտեսության նախարարություն

Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ունենալ գյուղատնտեսության նախարարություն

Tue, 08 Sep 2026 14:45:42 +0400


Գյուղատնտեսությունում եւ գյուղացիների շրջանում վերջերս տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունները մեզ լուրջ խորհելու առիթ են տալիս: Մի կողմից, հայտնի արտահայտությունը՝ մեր միրգն ու բանջարեղենն ուրիշ են, մյուս կողմից՝ հայաստանյան միրգ-բանջարեղենն արտահանելիս մեզ ասում են՝ ֆիտոսանիտարական պահանջներին չի համապատասխանում, այսինքն՝ դրանք մարդու կողմից օգտագործման համար վտանգավոր են:

Փորձենք տեսնել, թե իրականում ինչպիսին է վիճակը գյուղատնտեսությունում եւ գյուղացիների շրջանում, ինչպիսի նյութատեխնիկական միջոցներ (սերմեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ) է օգտագործում գյուղացին: Ոչ ոք այդ մասին չգիտի, ոչ էլ դրանց վերահսկող կա:

Իրականում, պատկերը հետեւյալն է. գյուղացիների մեծ մասն աղքատ է, խրված է տարբեր վարկերի մեջ եւ ձգտում է գնել էժանագին նյութատեխնիկական միջոցներ, գյուղացու ձեռքն ինչ ընկնում է, կամ ճարում է, այն էլ օգտագործում է իր գյուղատնտեսական հողատարածքում:

Գաղտնիք չէ, որ մաքսանենգ, զարտուղի ճանապարհներով, դրսից Հայաստան են ներկրվում էժանագին, անհայտ ծագում ունեցող եւ անորակ բազմաթիվ սերմեր, անհայտ ծագումով, ժամկետանց եւ անորակ թունաքիմիկատներ, պարարտանյութեր, եւ գյուղացին դրանք օգտագործում է իր հողամասի մրգերի, բոստանային եւ բանջարանոցային մշակաբույսեր մշակելիս, որոնք երբեմն սպառողին օգուտ տալու փոխարեն, կարող են հակառակը՝ առողջությանը վնաս պատճառել:

Ճիշտ է, սա չի վերաբերում բոլոր գյուղացիներին կամ տնտեսվարողներին: Իրականում, կան նաեւ որոշ տնտեսվարողներ, որոնց հնարավորությունները թույլ են տալիս գնել եւ օգտագործել լավագույն, ստուգված սերմեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ:
Մեր ժողովուրդը սիրում է ասել՝ մեր միրգը, բանջարեղենը ուրիշ են, անտեղյակ լինելով, թե տվյալ միրգը կամ բանջարեղենը մշակելիս գյուղացին ինչպիսի թունաքիմիկատ է օգտագործել, եւ քանի անգամ է մշակաբույսը սրսկվել:

Մեկ ուրիշ կարեւոր հանգամանք: Նախկինում, երբ գյուղատնտեսության նախարարություն գոյություն ուներ, գոյություն ուներ նաեւ ագրոքիմիայի ինստիտուտ, որտեղ տարբեր մարզերի գյուղական համայնքներից հողանմուշ էին բերում եւ ստուգում դրանց կազմն ու պիտանելիությունը: Գյուղնախարարության եւ ագրոքիմիայի ինստիտուտի փակվելուց հետո, երկար ժամանակ է, ինչ հողի կազմը չի ստուգվում, իսկ հանրապետությունում բազմաթիվ գյուղատնտեսական հողեր վարակված են բազմաթիվ հիվանդություններով եւ վնասատուներով:

Այսպիսի պայմաններում են ստացվում հայկական միրգն ու բանջարեղենը, որոնք կարող են բազմաթիվ վտանգներ ներկայացնել բնակչության համար:

Տարիներ շարունակ մեր երկրում իրականացվել եւ իրականացվում է ոչ արդյունավետ եւ անհեռատես ագրարային քաղաքականություն: Ապրելու եւ աշխատելու նորմալ պայմանների բացակայության պատճառով, այսօր բազմաթիվ գյուղացիներ հողերը չեն մշակում կամ ոչ լիարժեք են մշակում, տարեցտարի պակասել են ցանքատարածությունները:

Կառավարության կողմից հիմնականում իրականացվում են կիսատ-պռատ գյուղատնտեսական ծրագրեր: Գոյություն չունի արդյունավետ եւ նպատակային մշակված գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն: Կարծում եմ, որ պետությունն առաջնահերթ պետք է մտահոգվի ոչ թե նրա համար, թե ինչու մեր միրգն ու բանջարեղենը չեն արտահանվում, այլ՝ ինչպես անել, որ հայ մարդը, հայ սպառողն իր հայրենիքում օգտագործի անվտագ, որակյալ միրգ եւ բանջարեղեն:

Գյուղատնտեսության նախարարության գոյությունը նշանակում է կառավարության կողմից գյուղացիների հանդեպ փոխադարձ, որոշակի պարտականությունների եւ պատասխանատվության ստանձնում, պետք է աշխատի կառավարություն-գյուղացիություն փոխադարձ կապը: Չբացելով գյուղատնտեսության նախարարությունը՝ այսօր կառավարությունը փորձում է իր վրայից գցել գյուղացիների նկատմամբ ունեցած պարտականությունները: Չէ՞ որ լավ գյուղատնտեսություն ունենալը երկրի պարենային անվտանգության հարցի լուծում է:

Պետությունը պետք է վերահսկի, որ հանրապետություն ներկրվեն բացառապես որակյալ նյութատեխնիկական միջոցներ, մարզերում գյուղատնտեսության նախարարության մասնագետները գյուղացիներին սովորեցնեն, խորհուրդներ տան, թե որ նյութատեխնիկական միջոցն է ավելի ձեռնտու օգտագործելու համար, եւ ինչպես միաժամանակ օգնեն սուբսիդավորել գյուղատնտեսական նյութատեխնիկական որոշ միջոցներ, որից հետո միայն ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը մեր գյուղատնտեսական արտադրանքին չեն կարողանա ասել, որ վատն է, իսկ հայ մարդն էլ, վստահաբար, կօգտագործի անվտանգ եւ որակյալ հայկական միրգ-բանջարեղեն:

Սարգիս Սեդրակյան
Ֆերմերային շարժման նախագահ,
Ռազմավարական ծրագրերի
քաղաքացիական համագոր­ծակցության ցանցի նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»

Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ» Mon, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով