«Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք
Wed, 09 Sep 2026 11:15:52 +0400

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում անցած շաբաթ ներկա էր Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին: Գիրքը 2018 թվականի «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» մասին է: Հեղինակն անձնական փորձով եւ հիշողություններով ներկայացրել է, թե ինչպես է իրենց թիմն իրականացրել հեղափոխությունը։ Գրքում մանրամասն ներկայացված են փողոցի պայքարի մարտավարությունը, քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման դժվարություններն ու հաղթանակի հասնելու որոշիչ հանգամանքները։ Նիկոլ Փաշինյանը շնորհանդեսի ժամանակ հանդես է եկել ելույթով եւ անդրադարձել 2018-ի դեպքերին:Նա մեջբերել է Մաո Ցզե Դունի խոսքերը, երբ նրան հարցնում են Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին, եւ նա ասում է. «Այդ մասին վաղ է հետեւություն անելը»:
«2018 թվականին, հեղափոխությունից հետո, իմ հետեւությունները հեղափոխության վերաբերյալ ամեն շաբաթ փոխվում են: Արմեն Գրիգորյանի գրքի ընթերցումը, ի դեպ, մինչեւ վերջ չեմ կարդացել, նորից իմ առաջ բերեց հարցը՝ իսկ ես ի՞նչ կարծիքի եմ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին: Իսկապես, հիմա արդեն լիովին համաձայն եմ Մաո Ցզե Դունի հետ՝ այդ մասին դեռ վաղ է հետեւություններ անելը»,- ասել է նա: Փաշինյանի խոսքով՝ հետեւություն անել ընդհանրապես պետք չէ, որովհետեւ ցանկացած հեղափոխություն հնարավորություն է. «Ընդ որում՝ հնարավորություն է բոլորի համար: Այստեղ հարցը հետեւյալն է, թե մեզնից յուրաքանչյուրն այդ հնարավորությունից ինչպես է օգտվում եւ ինչպես է օգտվել: Այսօր էլ է հեղափոխությունը հնարավորություն», իսկ իրենց հեղափոխությունը «հաջողության պատմություն է», քանի որ քաղաքացուն կապել է կյանքի, իրականության հետ: «Հեղափոխությունը կյանքի հետ ամենօրյա առնչություն ունենալու մասին է, որովհետեւ, երբ ասում ենք՝ ժողովրդավարություն, նկատի ունենք, որ ցանկացած քաղաքացի ամեն օր առնչվում է կյանքի հետ: Ոչ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարությունը սրանով են տարբերվում, ինչքան մարդն ավելի հաճախ է կյանքի հետ առնչվում, այնքան երկիրն ավելի ժողովրդավար է, ինչքան քիչ է կյանքի հետ առնչվում, այնքան ավելի պակաս ժողովրդավար է»,- ասել է երկրի ղեկավարը: Նա հատուկ շեշտել է, որ մենք նոր հեղափոխության կարիք ունենք, եւ ինքը նոր հեղափոխություն է նախաձեռնելու:
Փաստաբան, ողջ կյանքում իշխանությունների դեմ պայքարած ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կրկին հեղափոխություն անելու Փաշինյանի մտքին, նկատեց. «Եթե Փաշինյանի շուրթերից է նման միտք հնչել, ապա դա նշանակում է, որ նման բան անելու կարիք չկա: Նա ասում է` էլի հեղափոխություն է պետք, «էլի» բառն էլ օգտագործել է, սակայն Հայաստանում երբեք հեղափոխություն տեղի չի ունեցել, հեղափոխություն ասվածը ես չգիտեմ, թե Փաշինյանն ինչպես է ընկալում եւ ինչպես է տալիս դրա բանաձեւումը, սակայն մի բան է հստակ, որ այս մարդն անկարող է տրամաբանված եւ հավասարակշիռ հայտարարություններ անել: Եթե նա ասում է մի բան, նշանակում է` ճիշտը դրա հակառակն է: Հայաստանին հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք»:
Իսկ 2018-ի գործողություններն ի՞նչ էին, ըստ Ձեզ, եթե ոչ հեղափոխություն՝ նկատեցինք մենք։ «2018 թվականին ես ուզում էի խոսել, սակայն հիշում եք, չէ՞, թե ինչ ասեց ինձ Աննա Հակոբյանը: Նա ասում էր, որ Արցախը սիրում է եւ այլն, սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ ամեն ինչն արեցին, որպեսզի հանձնեին Արցախը, եւ հանձնեցին: Հիմա էլ ի՞նչ ունեն հանձնելու, գուցե դրա համար է նոր հեղափոխություն պետք, տրամաբանությունը դա է հուշում: Բացի այս խմբակից, որեւէ մարդու կյանքում 2018-ից հետո բարելավում տեղի չի ունեցել»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր