«Հրապարակ»․ Եթե իշխանությունն ասում է, որ ծախսերն արդարացված են, պետք է փաստերով ցույց տան
Fri, 23 Oct 2026 09:15:46 +0400

«Հրապարակի» զրուցակիցը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն է:
– Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամենաբարձրն է գոռում այն մասին, թե որքան արատավոր եւ անընդունելի երեւույթ է կոռուպցիան, սակայն այս իշխանությունների գործողությունների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը, մեկ անձից գնումները կրկնապատկվել են, եւ պարբերաբար նման տեղեկություններ են հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում: Իշխանությունները մեկ տարվա կտրվածքով տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում ինչ-որ համերգների, ամանորյա եւ այլ միջոցառումների կազմակերպման վրա, տարիներ առաջ էլ Սնուփ Դոգի համերգը տապալած «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը, սեւ ցուցակում հայտնվելու փոխարեն, հիմա էլ շարունակում է տենդերներ շահել եւ սերտորեն համագործակցել օրվա իշխանությունների հետ: Առհասարակ, ակնհայտ է, որ գործող ռեժիմն ունի իր նախընտրելի կազմակերպությունները, որոնք շարունակ կասկածելիորեն մեծ գումարների պատվերներ են ստանում:
– Կարծեմ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգն էլ նույն կազմակերպությունն էր կազմակերպել: Բայց Լոպեսի համերգը, կարծես, չտապալվեց: Սնուփ Դոգի համերգը համընկավ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների` հայաթափման հետ, այդ պատճառով երգիչը չեկավ: ԿԳՄՍ նախարարությունը գումարները հետ պահանջեց, սակայն՝ ապարդյուն: Ես՝ որպես փորձագետ, ուսումնասիրեցի, ընկերությունն արդեն իսկ այդ ընթացքում հասցրել էր նախապատրաստական ծախսեր անել, եւ հենց խոսքը դրա մասին է, իրականում: 70-ից ավելի ենթակապալառուի պայմանագրեր էին կնքել: Բայց դա դրամաշնորհ էր: Մեկ անձից գնումներ կատարել են, ես 70 պայմանագիր հաշվեցի, թիվը հստակ չէ, սակայն մոտավորապես այդքան էր: Նայեցի, ուսումնասիրեցի, զգալի մասը կապված էր ինչ-որ նախապատրաստական աշխատանքների հետ, կային նաեւ հոնորարային փոխանցումներ եւ այլն: Երբ գումարը ծախսված է լինում, հանձնում-ընդունումը կատարվում է, բնականաբար՝ խոսքը Սնուփ Դոգի մասին չէ, հետո որոշակի խնդիրներ են առաջանում: Ֆորսմաժորային իրավիճակներում ենթակապալառուներից փողերը հետ վերցնելը դառնում է գրեթե անհնար: Սնուփ Դոգի գումարի մի մասը մնացել էր, չէին հասցրել ծախսել, հետո դրանով Լոպեսի համերգը կազմակերպեցին: Գումարի մի մասը փակվեց:
– «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն էլ կոռուպցիոն ռիսկեր պարունակող բացահայտումներ է արել՝ COP17-ի կազմակերպման հետ կապված: Մասնավորապես բացահայտել է, որ կրկնակի, եռակի թանկ գնով իշխանավորները բեյջի թելեր, թերմոսներ են գնել, այն պարագայում, երբ կարող էին բավականին մատչելի գներով դրանք գնել: Իշխանությունը, իհարկե, ինչպես միշտ, ունի ինչ-որ արդարացում, հիմա էլ պնդում է, որ COP17-ի շրջանակներում չէին կարող սովորական բեյջի թելեր կամ այլ պարագաներ գնել, քանի որ դրանք պետք է 100 տոկոսով լինեն էկոլոգիապես մաքուր, բնական նյութերից եւ այլն: Իրականում, ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր եք այստեղ տեսնում:
– Եթե իշխանությունն ասում է, որ իր ծախսերն արդարացված են, իսկ, օրինակ, բեյջի թելերն էկոլոգիապես մաքուր են, բարձրակարգ են, ապա դրանք պետք է փաստերով ցույց տան: Մենք ոչ մի ապացույց չտեսանք, խոսքից բացի: Ես հիշում եմ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները փաստարկ բերեցին, որ նույն բեյջերը, թերմոսները տեղական շուկայում անհամեմատ ավելի մատչելի գներով են վաճառվում, բայց դրա համար կա մի պարզ բան: Պետք էր գնման առարկայի բնութագիրը վերցնել, այն գնում էր մեկ անձից, պետք է գտնեին, թե որ պայմանագրի մասին է խոսքը, ինչից հետո պարզ կլիներ, թե ինչն ինչոց է: Պետք է ապրանքագետ գտնեին, որը ծանոթ կլիներ, օրինակ, բեյջերի արժեքներին: Ես առաջնորդվում եմ անմեղության կանխավարկածով եւ չեմ կարող պնդել, որ այդ ապրանքները, որոնք գնվել են թանկ գներով, էժանագին են կամ էկոլոգիապես մաքուր չեն:
– Բայց, ամեն դեպքում, չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր: Պատգամավորները պնդում են, որ անգամ էկոլոգիապես մաքուր եւ բարձրակարգ բեյջի թելը լավագույն դեպքում 700 դրամ արժե:
– Պետք էր հանձնման եւ ընդունման ակտն ունենալ, դա գնումների գործընթացի կարեւորագույն մասն էր: Պայմանագրի` կատարում եւ կառավարում…. պետք է լինի հանձնաժողով, որն ընդունի այդ ծառայությունը, ապրանքը եւ այլն: Պետք էր հանձնում-ընդունման ժամանակ եզրակացություն կազմել` ապրանքը համապատասխանո՞ւմ է գնին` ըստ բնութագրի, թե՞ ոչ, դրանից հետո նոր հստակ պարզ կլինի՝ եղե՞լ է զեղծարարություն, թե՞ ոչ: Եթե եղել է, ապա միանշանակ կոռուպցիայի հետ գործ ունենք: Եթե ապացուցվի, որ հասարակ թերմոս են գնել՝ թանկի անվան տակ, ապա կա խնդիր: Բայց դա պետք է համապատասխան ակտի միջոցով պարզել: Հակառակ պարագայում խորհրդարանից ասել, թե շուկաներում թերմոսներն այս կամ այն գնով են վաճառվում, պրոֆեսիոնալ չէ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր