Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ ԼԳԲՏ համայնքն աջակցում է Աննա Հակոբյանի սկսած պայքարին

«Հրապարակ»․ ԼԳԲՏ համայնքն աջակցում է Աննա Հակոբյանի սկսած պայքարին

Fri, 23 Oct 2026 12:15:09 +0400


Աննա Հակոբյանի կողմից ընտանեկան բռնության դեմ պայքարը նորանոր դրսեւորումներ է ստանում: Հիշեցնենք, որ նա օրենսդրական նախագծերի նախաձեռնությամբ է հանդես եկել, դրանց ընդունման համար մարզերում ստորագրահավաքներ է անցկացնում, հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին, լայվեր է անում եւ կոչ անում աջակցել, որ բռնության դեմ արդյունավետ պայքար կազմակերպեն, եւ մեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը տիրեն: Նրա առաջարկած օրենսդրական փաթեթը թեեւ ներկայացվել էր խորհրդարան, սակայն որոշվել է առայժմ ԱԺ նիստերի օրակարգ չմտցնել: Հավանաբար, մտադիր են հանրային լայն աջակցության արշավ կազմակերպել, որ ընդդիմադիր ուժերն էլ դրանց ընդունմանը մասնակցեն: Աննա Հակոբյանը կարծես թե իր առաջ խնդիր է դրել ապաքաղաքական հանրային շարժում ձեւավորել իր նախաձեռնության շուրջ եւ այս թեմայով հանրային «կոնսենսուսի» հասնել: Այն, ինչն իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը չի անում: Ավելի ստույգ` ճիշտ հակառակն է անում՝ պառակտելով ու տարանջատելով հանրությանը: Բայց անգամ եթե բռնության դեմ պայքարը բոլորի համար ընդունելի գաղափար է, միայն այն փաստը, որ դրա նախաձեռնողը Փաշինյանի կինն է, բավական է, որ այս շարժումը հանրության կողմից մերժվի: Թերեւս դա է պատճառը, որ տիկին Հակոբյանը փորձում է մոբիլիզացնել բոլորին, դիմել, համոզել, խնդրել, որ միանան իր արշավին:

Մենք տեղեկացանք, որ նոյեմբերի 14-15-ը Երեւանում տեղի է ունենալու «Բռնություն վերապրած անձանց հետ աշխատանքի սկզբունքներ․ զգայուն մասնագիտական աջակցություն» թեմայով վերապատրաստում, որը նախատեսված է հոգեբանների, հոգեբան խորհրդատուների, սոցիալական աշխատողների, հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետների, ինչպես նաեւ՝ հոգեբանություն եւ հարակից մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողների համար։ Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվելու բռնության հոգեբանական հետեւանքներին, տրավմա-զգայուն աջակցության սկզբունքներին, հոգեբանական աջակցության գործընթացում հանդիպող մարտահրավերներին եւ մասնագիտական միջամտությունների առանձնահատկություններին։ Հանդիպման կազմակերպիչը Շանա Ասասյանն է, իսկ հանդիպումը վարելու է «Փինք» ընկերության հոգեբան Անետ Շամիրյանը։ Ավելին, վերապատրաստումն իրականացվում է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ։

Նշենք, որ, ըստ «Փինք»-ի պաշտոնական էջի, «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Կազմակերպությունն իր շահառուներին եւ հասարակությանն առավել հայտնի է որպես «Փինք Արմենիա»։ «Փինքը» ԼԳԲՏ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս եւ այլ ոչ հետերոնորմատիվ ինքնություններով անձանց) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում եւ աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաեւ՝ խթանում է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ+ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությունը։

Ստացվում է, որ ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը:

Հիշեցնենք նաեւ, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում քրեականացված է` պատժվում է Քրեական օրենսգրքով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են

«Հրապարակ»․ Անտառից թափուկ վերցնելու քանակը 2 անգամ կրճատել են Sat, 24 Oct 2026 11:25:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով