Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու

Fri, 23 Oct 2026 11:45:18 +0400


Հարցազրույց ռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ

– Ընդդիմադիր ուժերը ՏԻՄ ընտրություններին գրեթե չեն մասնակցում, երկրում վախի մթնոլորտ է, շանտաժի եւ սպառնալիքի միջոցով իշխանությունը չեզոքացնում է մրցակիցներին: Որտեղ էլ մասնակցում են` կալանավորվում են կամ աշխատանքից ազատվում:

– Հայաստանում գործում է նեոբոլշեւիկյան ռեժիմ՝ իր բոլոր բաղադրիչներով: Ֆաշիստներից եւ նեոբոլշեւիկներից կազմված ռեժիմի հետ գործ ունենք, որը քաղաքական պայքարը հասկանում է բացառապես հակառակորդներին բռնել-փակելով կամ, եթե անհրաժեշտ է` սպանելով, ինչպես, օրինակ, եղավ Փարաքարի համայնքապետի դեպքում: Այսպիսի դրսեւորումներ անկախության շրջանում երբեք չեն եղել, սակայն պատմությունից գիտենք, որ կոմունիստական ռեժիմը միակուսակցական էր, եւ ոչ ոք ռիսկ չէր անում կոմունիստների դեմ դուրս գալ։ Մենք քիչ-քիչ հասնում ենք դրան, շուտով կգա մի շրջան, երբ ընտրապայքար ընդհանրապես չի լինի, միանգամից նշանակումներ կարվեն, եւ վերջ: Ոչ մի կուսակցություն չի առաջադրվի այլեւս, կմնա միայն ՔՊ-ն, բայց վստահ եմ, որ, ինչպես կոմունիստների վերջը եկավ, այնպես էլ սրանց վերջն է գալու, ուղղակի սրանց վերջը շատ ավելի շուտ է գալու, որովհետեւ սրանք ավելի մանր են: Այն ժամանակ բոլշեւիկների հենարանն Աթաթուրքն էր, հիմա էլ այս նեոբոլշեւիկյան ուժերը համագործակցում են Թուրքիայի հետ։ Օրինակ` մեր գլխավոր դատախազը զեկույց է ներկայացնում, թե ինչ «բարեփոխումներ» են կատարել այս ընթացքում, բայց այդ ամենն իրականում չարեփոխում է, մարդկանց անտեղի դատում են, որպեսզի հաճոյանան իրենց ղեկավարին: Այսօր էլ սուտասան Արման Սարոյանը, որը Եկեղեցու դեմ դատական պրոցես էր սկսել, կանգնեց փաստի առաջ, գործը կարճվեց, բայց 6 ամիս պահանջվեց, որպեսզի բացահայտ անօրինականությունն ապացուցվի: Հիմա էդ դատավորին ծափահարում են, ասում են` կեցցես, բայց ինչի՞ համար. 6 ամի՞ս էր հարկավոր նրան, որ այդ պարզ ճշմարտությունն ընկալեր: Անգամ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը գիտեր, որ այդ գործում հիմքեր չկային: Քննելու գործ չէր նույնիսկ:

– Բայց, ի՞նչ եք կարծում` դատական համակարգն առողջացման պրոցեսի մե՞ջ է: Դատավորն ամեն դեպքում օրենքի սահմաններում է գործել:

– Ես չեմ կարծում, որ առողջացման գործընթաց կա: Ուղղակի դատավորները սկսել են գիտակցել, թե ինչ անեծքի տակ են ընկնում իշխանության հրահանգները կատարելով: Վեհափառին դատող դատավորն իր ողջ ազգով-տակով, ցեղով, սերունդներով, ծոռներով անեծքի տակ է: Այդ պրոցեսը հո միայն կաթողիկոսի դեմ չէ, դա մեր ընդհանուր հավատքի, Աստծո դեմ է: Հավանաբար, այդ դատավորներն ընտանիք, կին, երեխա ունեն, նրանք են ասում` էս ի՞նչ եք անում, ուզում եք սատկեք, գնացեք սատկեք, ինչի՞ եք մեզ էլ անեծքի տակ գցում: Օրինակ, ես չեմ պատկերացնում, որ սատանայական դրսեւորումներով հանդես եկող իմ հարազատին արդարացնեմ, ուզում է հարազատ եղբայրս լինի, ես կդադարեցնեմ իմ հարաբերությունները նրա հետ: Իրենց սերունդներին անեծքի տակ են գցում, հետո հավանաբար գիտակցում են, թե ինչի տակ են, զղջում են, թեպետ ես չեմ էլ հավատում, որ հոգին սատանային վաճառած կամակատարները կարող են մի օր ուշքի գալ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մարդիկ իրենց բնավորությունը 1-2 օրում կարո՞ղ են փոխել` դառնալ ավելի կայուն

«Հրապարակ»․ Մարդիկ իրենց բնավորությունը 1-2 օրում կարո՞ղ են փոխել` դառնալ ավելի կայուն Fri, 23 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով