«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում
Fri, 23 Oct 2026 13:15:39 +0400

Օրերս գրել էինք, որ Չարենցավանի բնակիչներից մեկը խմելու ջրատարից սատկած ու կիսաքայքայված մուկ էր դուրս բերել։ Այդ դեպքը մեծ վրդովմունք էր առաջացրել: Մենք դիմեցինք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն՝ պարզելու, թե արդյոք այդ ահազանգից տեղյա՞կ են, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ինչին ի պատասխան՝ կենտրոնից նշեցին, որ քաղաքացին պետք է դիմի տեսչական մարմնին։
«Մենք նման դիմում չենք ստացել: Բայց մեր ընթացիկ մոնիտորինգը, որն անկախ մոնիտորինգ է, ընթացիկ իրականացվում է, եւ եթե շեղումներ լինում են, հայտնում ենք տեսչական մարմնին»,- նշեցին ՀՎԿԱԿ-ից՝ առաջարկելով դիմել ՍԱՏՄ: Սակայն ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ խմելու ջրի վերահսկողությունն իրենց տիրույթում չէ։ Դիմեցինք նաեւ Չարենցավանի համայնքապետի մամուլի խոսնակ Սաթենիկ Բալաբեկյանին։ «Ջրի հետ կապված՝ մենք ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չունենք, մեզ ոչ ոք չի ասել ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ էլ այդ բնակիչն անձամբ, որ նման խնդիր կա, չգիտենք՝ այդ ինֆորմացիան արդյոք հավաստի՞ էր, թե՞ ոչ»,- նշեց նա։
Ստացվում է՝ ահազանգի հետքերով որեւէ կառույց չի գնացել, չեն պարզել՝ բնակիչների առողջությանը սպառնացող վտանգը, որի մասին ահազանգել է քաղաքացին, իրակա՞ն է, թե՞ ոչ։ Ոչ մի քայլ չեն ձեռնարկել` սպասում են, որ համաճարակ լինի, նոր ինչ-որ քայլեր կատարեն: Պետական կառույցները, բնակչության առողջության համար պատասխանատուները սպասում են, որ քաղաքացին ու լրատվամիջոցները ոչ միայն լուսաբանեն, դեպքը ներկայացնեն սոցցանցերում, այլեւ հատուկ` անվանական դիմեն իրենց, որ նոր արձանագրեն ու սկսեն զբաղվել դրանով։
Մինչդեռ մեր աչքի առաջ ունենք Բյուրեղավանի մասսայական թունավորումների դեպքերը, երբ մի քանի ամսվա ընթացքում ջրից թունավորման 3 դեպք արձանագրվեց, իսկ տուժածների թիվը մի քանի հարյուրի հասավ։ Պատասխանատուները սպասում են, թե երբ ահազանգողն ուղիղ իրենց կդիմի, որ դիմումը համարեն հասցեական ու փորձեն պարզել պատճառներն ու հնարավոր հետեւանքները։
Ի պատասխան մեր հարցին՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնեցին․ «Մենք մեր ցանցում որեւէ խնդիր չունենք, մարդիկ կարող են տարբեր այդպիսի նկարներ` ափսեի մեջ, բաժակի մեջ նկարել, հրապարակել, տարօրինակ էր նույնիսկ այդ հրապարակումը, բայց մենք մեր ցանցում խնդիր չունենք»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր