Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Հրապարակ». Հիտլերը, բոլշեւիկներն ի՞նչ լոզունգներով եկան իշխանության եվ հետո ի՞նչ արեցին

«Հրապարակ». Հիտլերը, բոլշեւիկներն ի՞նչ լոզունգներով եկան իշխանության եվ հետո ի՞նչ արեցին

Tue, 03 Mar 2026 09:15:08 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Արտաշես սարկավագ Աջապահյանն է։

– Նիկոլ Փաշինյանն ու իր շրջիկ պատարագասերների խումբն ամեն կիրակի պատարագների էին մասնակցում եւ հանկարծ որոշեցին պատարագը փոխարինել «պերաշկի եւ կուկուռուզ» փարթիներով, սիրային դրամայով ու մարզեր կատարած այցերով։ Այն դեպքում, որ կիրակի օրը մարտի 1-ն էր, եւ շատ ավելի կսազեր, որ այդ օրը զոհերի հիշատակին պատարագի մասնակցեին: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը հե՞տ է կանգնել Եկեղեցին գրոհելու իր դավադիր ծրագրից։

– Հավանաբար, ընտրություններին են պատրաստվում, պերաշկի են ուտում, որպեսզի ժողովրդին հավատացնեն, թե իրենք էլ են պերաշկի ուտում, միլիարդների պարգեւավճարներ են ստանում եւ այդ պարգեւավճարներով պերաշկի են առնում, այ, այդքան «ազնիվ» ու «պարկեշտ» տղաներ են իրենք․․․․ ինչ վերաբերում է պատարագներին, ապա ամեն ինչ հստակ է․ իշխանությունը հասկացել է, որ չի կարողանում մարդ հավաքել, միեւնույն ժամանակ քարոզարշավի հետ կապված հարցեր ունեն, չեն կարող երկուստեք մարդ հավաքել ու իմիտացիա ստեղծել։ Հայ ժողովուրդն իր վերաբերմունքը ցույց տվեց, Փաշինյանն իր աչքով տեսավ, որ ողջ պետական ռեսուրսով չի կարողանում մի եկեղեցի մարդ հավաքել, մինչդեռ իր հավաքած բազմության եռակին հավաքված է յուրաքանչյուր եկեղեցում։ Այս է պատճառը, որ Փաշինյանը կանգ է առել, գիտակցում է, որ այդ պրոցեսներն իրեն խանգարելու են առաջիկա ընտրություններում։ Սակայն, Աստված մի արասցե, եթե նա մնա իշխանության, նոր ուժերով է գրոհելու Եկեղեցու եւ ոչ միայն Եկեղեցու, այլեւ բոլոր ազգային արժեքների վրա։

– Բայց եթե ժողովրդի աջակցությունը չունեն, ի՞նչ կարող են անել։

– Ինչի՞ համար է դիկտատուրան կոչվում դիկտատուրա, հենց նրա համար, որ չկա ժողովրդի կողմից որեւէ աջակցություն, սակայն մեկ անձն իր կամքն է բոլորին թելադրում։ Դիկտատուրան չի լինում ժողովրդի աջակցությամբ։ Սկզբում դիկտատորները գալիս են ժողովրդի աջակցությամբ՝ թաքցնելով իրենց իրական դեմքը, իսկ հետո դուրս են գալիս հենց նույն ժողովրդի դեմ։ Այս մարդը, չունենալով ժողովրդի աջակցությունը, ամեն գնով փորձում է իշխանությունը պահել։

– Ինչո՞ւ եկեղեցում անգամ մարտի 1-ի զոհերի հիշատակը չհարգեցին, հարմար առիթ չէ՞ր՝ վերքը թարմացնելու, նախկինների դեմ խոսելու․․․․ իսկ իշխանությունը սիրում է խաղալ մարդկանց վերքերի հետ։

– Մարտի 1-ն իրենց սարքածն էր։ Մարդկանց հանեցին փողոց, հրահրեցին, կան տեսանյութեր, թե ինչպես է հենց այդ մարդը լրբացած բղավում՝ հարձակվեք, ջարդեք, էս արեք, էն արեք, եւ ինքը թողեց փախավ վախկոտ սրիկայի նման, իսկ ժողովուրդը մնաց մենակ ու անօգնական։ Այդ ամենի միակ պատասխանատուն հենց ինքն է, նա է բռնության քարոզ արել եւ իր պատիժը չի կրել ըստ արժանվույն, դրա համար էլ այսպես երես է առել եւ մտածում է, թե իրեն ամեն ինչ կարելի է։

– Բայց եթե նրան չհաջողվեց Եկեղեցու դեմ պայքարում հասնել անգամ չնչին հաջողության, ի՞նչ եք կարծում՝ կհամարձակվի՞ նորից Եկեղեցու դեմ դուրս գալ։

– Մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը սատանան իր պարտությունը չի ընդունելու։ Նա սատանայի մի մասն է, իր հոգին ծախել է սատանային։ Նա սատանայի առաջարկներն ընդունել է, այդ պատճառով էլ դուրս է եկել Աստծո ծառաների դեմ եւ խոսում է բարեփոխումների մասին։ Սատանան միշտ էլ բարի դեմքով է հայտնվում, երբեք պոզով-պոչով չի լինում, իսկ նպատակը մարդկանց խաբելն է։ Նա բոլորին խաբում է, ընդունելի կերպար է փորձում ստեղծել, սակայն մարդկության պատմությունը վկայում է, որ բոլոր հեղափոխությունները եկել են բարի նպատակների քողի տակ ու վերածվել չարիքի։ Նա էլ եկավ լավ ապագայի խոստումներով, սակայն հայ ժողովրդի գլխին դարձավ պատուհաս։ Օրինակ՝ Հիտլերն ի՞նչ լոզունգներով եկավ իշխանության, ի՞նչ լոզունգներով եկան բոլշեւիկները, կոմունիստները եւ հետո ի՞նչ արեցին․․․․ սատանան միշտ էլ Եկեղեցու դեմ պայքարելու է, մենք չպետք է մեր զգոնությունը կորցնենք։ Նրանք ոչ մի կերպ իրենց նպատակներից հետ չեն կանգնելու, ուղղակի հիմա այլ առաջնային խնդիրներ ունեն, օրինակ՝ իշխանությունը պահելու խնդիր, ինչից հետո իրենց չարագործությունները հասցնելու են նպատակին։ Իհարկե, ոչինչ չի հաջողվելու նրանց, որովհետեւ սատանան չի կարող հաղթել Աստծուն։

– Բայց Եկեղեցին նույն տիրադավներին պարբերաբար դարձի գալու կոչեր է անում, հնարավո՞ր է մի օր էլ Փաշինյանին ներեն։

– Եթե մարդն իրոք զղջում է, հասկանում է իր սխալի խորությունը, ապա Եկեղեցին անպայման ներում է, բայց տեսնելով այս մարդու ունակությունները, քայլերը՝ ես գրեթե վստահ եմ, որ նա երբեք չի կարող զղջալ, զղջալու համար էլ մարդուն որոշակի ինտելեկտ է պետք, հոգեւոր արժեքներ, սակայն այդ ամենը ես չեմ տեսնում այս մարդու մեջ։ Նա ավելի շատ Հուդայի ճակատագրին կարող է արժանանալ՝ կործանվել ու կորչել։ Ինձ համար նախընտրելի է, որ մարդը դարձի գա՝ իր փոքր ձագերի հետ միասին, որոնք փոքր դեւերի են վերածվել։ Եկեղեցին աստվածային կառույց է, ներում է բոլոր նրանց, ովքեր ունեն հոգեւոր հասունություն, սակայն, իմ կարծիքով, նրանք չունեն այդ հասունությունը, իսկ եթե մի օր զղջան էլ, ապա դա անելու են իրենց խղճուկ գոյությունը պահելու համար, ինչն իրական զղջում չէ, այն պետք է լինի հոգու խորքից, այլ ոչ թե խղճուկ գոյությունը փրկելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունները վայնասուն են բարձրացրել

Իշխանությունները վայնասուն են բարձրացրել Tue, 05 May 2026 16:42:49 +0400 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ …