«Հրապարակ». Տաքսիների եւ միկրոավտոբուսների անհավասար մրցակցությունից բոլորն են տուժում
Wed, 09 Sep 2026 12:15:54 +0400

Երեւանից Տավուշի մարզ եւ հակառակ ուղղությամբ աշխատող հասարակական տրանսպորտով ես շատ եմ երթեւեկում, սակայն երբեք դրանցում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց չեմ տեսել։ Չեմ տեսել նաեւ պարբերաբար միջպետական մայրուղով հեծանիվ քշող, ցուցադրաբար Երեւանում մետրո, ավտոբուս նստող, ժողովրդի ծոցից ելած հասարակ տղա ներկայացող Նիկոլ Փաշինյանին։ Բարձրաստիճան պաշտոնյաները ժողովրդի կյանքին նայում են իրենց ծառայողական թանկ ավտոմեքենաներից եւ, բնականաբար, չեն տեսնում հասարակական տրանսպորտում տարիներ շարունակ գոյություն ունեցող, սակայն այդպես էլ չլուծվող հիմնախնդիրները։ Այլապես նրանք կտեսնեին Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում կառուցվող, այդպես էլ չգործարկվող հետիոտն վերգետնյա անցումը։
Հյուսիսային կողմից մայրաքաղաք մտնող եւ Երեւանից հեռացող ավտոմեքենաները Հյուսիսային ավտոկայարանի մոտ երթեւեկում են մեծ արագությամբ։ Այդտեղ հետիոտնի վերգետնյա անցում, կամուրջ պետք է գործարկվեր դեռեւս 2025 թվականի դեկտեմբերին, սակայն այդպես էլ չի գործարկվել, շինարարությունը կիսատ է։ Իսկ այդ ժամանակաընթացքում Հյուսիսային ավտոկայարանի մոտ շատ բանուկ փողոցը հատող հետիոտներ են եղել, որոնք զոհվել են ավտոմեքենաների անիվների տակ։ Հայաստանի շատ համայնքների հետ Երեւանի տրանսպորտային կապն ապահովում են հին, մաշված «Գազել»-ները, որոնք վտանգ են ներկայացնում ուղեւորների առողջության, կյանքի համար։
Օրերս մրցույթ է հայտարարվել Իջեւան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ գործող միկրոավտոբուսային երթուղու սպասարկման համար, այդ ուղերթը տարիներ շարունակ սպասարկող անհատ ձեռներեցը մրցույթը շահելու համար նոր արտադրված «Գազել»-ներ է ներկայացրել մրցույթին։ Այդ «գծում» այժմ աշխատող հին, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված, երբեմն ճանապարհին խափանվող «Գազել»-ների համեմատ դրանք մի քայլ առաջ են, սակայն ռուսական «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները վտանգավոր են ուղեւորների կյանքի եւ առողջության համար, վթարների դեպքում դրանցից տուժած ուղեւորների, ստացած վնասվածքների թիվը, մարդկային կորուստները շատ են լինում։ Երեւանի Հյուսիսային ավտոկայարանից մարզերի հետ տրանսպորտային կապն ապահովող միկրոավտոբուսների վարորդներին մտահոգող շատ բան կա։ Այդ ուղերթներում հասարակական տրանսպորտին զուգահետ աշխատում, դրա հետ մրցակցում են մասնավոր տաքսիները, ինչի հետեւանքով հասարակական տրանսպորտը թերբեռնված է գործում։
«Գազել» միկրոավտոբուսներից մեկի վարորդը մեզ հայտնեց, որ ինքը նախկինում Երեւան-Ճամբարակ ուղղությամբ գործող երթուղում է աշխատել։ Նրա խոսքով՝ ոչ մեծ Ճամբարակ քաղաքից ամեն օր Երեւան են գալիս եւ հակառակ ուղղությամբ գնում է 7 տեղանոց 15 մարդատար ավտոմեքենա՝ տաքսիներ։ Սակայն նրանք հարկային դաշտում չեն աշխատում, հարկեր չեն մուծում եւ անհավասար մրցակցության մեջ են նույն ուղերթում աշխատող հասարակական տրանսպորտի հետ։ Վարորդն ասաց, որ նման վիճակ է նաեւ Դիլիջան-Երեւան երթուղում, որտեղ 7 տեղանոց 22 տաքսի ավտոմեքենա է գործում, նաեւ՝ 2 տաքսի ծառայություն։ Վարորդի խոսքով՝ իրենք ունեն D կատեգորիայի վարորդական իրավունքի վկայական, վարորդական աշխատանքի մեծ փորձառություն, ամեն առավոտ ավտոկայարանում առողջական վիճակի զննություն են անցնում։ Իսկ մարզերից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տաքսի ավտոմեքենաների վարորդներից շատերն անփորձ են, տաքսի են վարում, որովհետեւ այլ աշխատանք չունեն։ Նրանք առողջական վիճակի բժշկական զննության չեն ենթարկվում։ Այդ պատճառով տեղով մեկ «շառ» են` անփորձ, վարորդական հմտություններ չունեցող տաքսիստներով: Ուստի այդքան հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետեւանքով զոհերն ու վիրավորները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր