Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

3-րդ տարին անընդմեջ տապալված դասագրքեր և էլեկտրոնային անորոշություն

3-րդ տարին անընդմեջ տապալված դասագրքեր և էլեկտրոնային անորոշություն

Wed, 09 Sep 2026 14:45:30 +0400


​«Հրապարակ»-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Վանո Կարապետյանը։

– Ինչպե՞ս եք գնահատում նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցներում։

​- Այս ուսումնական տարին, ցավոք, մեկնարկել է ինչպես նախկինից եկող, այնպես էլ նոր կազմակերպչական ու բովանդակային խնդիրներով։​Տարվա մեկնարկից ընդամենը երկու օր առաջ նախկին ԴԿՏՀ համակարգը փակվել է, և դպրոցներին փաստացի կանգնեցրել են անորոշության առջև։ Նոր՝ my.emis.am հարթակին անցումը կատարվում է առանց ադապտացիոն ժամանակ տրամադրելու, ինչը լրացուցիչ քաոս է ստեղծում վարչակազմի ու ուսուցիչների համար:

​- Ինչո՞վ է նոր համակարգը բարդացնում դպրոցների աշխատանքը:

​- Նախկինում դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) ամեն դպրոց ուներ իր հստակ, ամբողջական էջը։ Այժմ վարչակազմը ստիպված է նորից, զրոյից մուտքագրել հսկայական ծավալի տվյալներ։ Քանի որ նոր համակարգի մոդուլները դեռևս վերջնական հղկված ու իրար հետ ինտեգրված չեն, առաջանում են լուրջ անհամապատասխանություններ դասաբաշխման, ուսպլանի ու դասացուցակի միջև։

​- Ինչպե՞ս է սա ազդում դպրոցների ղեկավարության և դասապրոցեսի վրա:

​- Փոխանակ տարվա սկզբում տնօրեններն ու փոխտնօրենները զբաղվեն կրթական գործընթացի կազմակերպմամբ, օրերով փորձում են հասկանալ նոր հարթակի տրամաբանությունը, կապ հաստատել ԿՏԱԿ-ի հետ և ուղղել տեխնիկական սխալները։ Արդյունքում, ուսումնական տարվա առաջին օրերին դպրոցներում ստեղծվել է անհարկի լարվածություն ու կառավարչական քաոս, որը էականորեն ազդում է դասապրոցեսի բնականոն մեկնարկի վրա։

– Ի՞նչ իրավիճակ է դասագրքերի ապահովման հարցում:

​- Դասագրքերի հարցը նույնպես համակարգային լուրջ բացթողում է․ նախարարությունն արդեն 3-րդ տարին անընդմեջ տապալում է դասագրքաստեղծման գործընթացը, ինչի պատճառով նոր առարկաներ մտցվում են դպրոց՝ առանց բազային ուսումնական նյութի։
Օրինակ, ​«Առողջ ապրելակերպ» առարկան նախկինում պարտադիր խմբակ էր և չուներ դասագիրք (միայն ուսուցչի ձեռնարկ էր)։ Հիմա այն դարձրել են պարտադիր առարկա, բայց դարձյալ առանց դասագրքի։ 21-րդ դարում դասագիրքը գիտելիքի ամենահավաստի ու փորձաքննված աղբյուրն է։ Առանց դրա՝ ամեն ուսուցիչ նյութը մատուցելու է յուրովի, ինչը խաթարելու է կրթության միասնական մակարդակն ու խորացնելու անհամաչափությունը դպրոցների միջև։
Իսկ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի համար դասագրքի փոխարեն աշակերտներին առաջարկվում են միայն վճարովի աշխատանքային տետրեր, իսկ ուսուցիչներին՝ մեթոդական ձեռնարկներ։

​- Ի՞նչ լուծումներ են առաջարկվում ուսուցիչներին ստեղծված իրավիճակում:

​- Վերապատրաստումների ժամանակ ուսուցիչներին բանավոր ակնարկում են առարկայի դասավանդումը թողնել 2-րդ կիսամյակին՝ հույսով, թե մինչ այդ դասագիրք կունենան։ Սա ուղղակի վկայում է պլանավորման բացակայության մասին․ փոխանակ նախորդ տարիների սխալներից դասեր քաղելու, նախարարությունը կրկին դասապրոցեսը սկսում է ֆորսմաժորային ռեժիմով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ Ալիևը կանգ չի առնելու․ Աբրահամյան

Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ Ալիևը կանգ չի առնելու․ Աբրահամյան Sun, 27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով