Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Նուբարաշենը, որ 10 հազար բնակիչ ունի, կարող է ունենալ թաղապետ, Սարի թաղը, որ 25 հազար բնակիչ ունի` ո՞չ

«Հրապարակ». Նուբարաշենը, որ 10 հազար բնակիչ ունի, կարող է ունենալ թաղապետ, Սարի թաղը, որ 25 հազար բնակիչ ունի` ո՞չ

Thu, 10 Sep 2026 13:45:54 +0400


Հարցազրույց Կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքաշինարար Վիկտոր Մնացականյանի հետ

– Այսօր Կոնդում կա՞ն մարդկային տարրական պայմաններ, որ բնակիչները կարողանան ամենապարզունակ, անհրաժեշտ կենցաղով ու մշակույթով ապրել:

– Կոնդը գրադարան ուներ, հիմա սեփականաշնորհված է եւ ավերակ տեսք ունի: Կոնդեցին չունի այգի, գրադարան, բաղնիք, զուգարան, չունի դեղատուն, մանկապարտեզ, դպրոցը փակվել է: Զուրկ է հասարակական տարածքներից, երեխաները խաղահրապարակ չունեն, եւ սա Երեւանի կենտրոնն է: Հիմա երեխաները խաղալու համար պիտի գնան, փողոցն անցնեն, մի այգի գտնեն: Բայց ժամանակին հաշվի են առել, չէ՞, դպրոց են կառուցել, մանկապարտեզ: Կոնդի ամենաբարձր մասից Արարատը հստակ երեւում է, բայց Լեո-Սարյան հատվածում շենք կառուցեցին` համարյա 20 հարկ, եւ էլի ուրիշ շենքեր, որոնք կոնդեցիների տեսարանը փակեցին, բացի այդ՝ մի քանի տասնյակ սեփականատերերի տան գինը գցեցին: Այսինքն, քաղաքապետարանի սխալ որոշման պատճառով մարդիկ զրկվեցին, իրենց գույքի շուկայական արժեքն ընկավ, ինչ է թե՝ քաղաքապետարանում ինչ-որ մեկը որոշեց, որ էս կառուցապատողն էստեղ պիտի շենք կառուցի:

– Բայց, հակառակ այդ ամենին, վերջին տարիներին Կոնդում նոր տներ են կառուցվում, վերանորոգվում են որոշ հները: Կարո՞ղ ենք համարել, որ այդպես բնակիչները ե՛ւ իրենց, ե՛ւ Կոնդի գլխի ճարն են տեսնում:

– Հիմա ով ինչպես կարողանում է, այնպես էլ կառուցապատում է՝ իր ճաշակով, բայց գոնե այնպես կառուցեին, որ հնին մոտիկ լիներ` քարերի ընտրությունը, տների բարձրությունը: Այսինքն, քարի ու տուֆի մի տեսակից օգտվեին կամ սվաղի մի ձեւ ընտրեին, ոչ թե՝ ով ինչ ուզենա, այն էլ անի: Կոնդի էս նեղլիկ փողոցներն են հենց Կոնդի ինքնության մաս կազմում: Ինչպես «տոկատունը», «Նվագախմբի տղաների» պատը, ինչպես այս խաղողի թարման: Հիմա ո՞նց է անելու դա քաղաքապետարանը, ես չգիտեմ: Ուզում են օրենք ընդունեն, դա լավ է, բայց մենք գիտենք, որ տասնյակ օրենքներ են ընդունվել եւ չեն աշխատել, տասնյակ հանձնաժողովներ ենք տեսել, որ չեն աշխատել, կենսունակ չեն եղել: Ինչո՞ւ․ որովհետեւ առաջին հերթին մասնակցային կառավարում չենք իրականացրել: Այսինքն՝ բնակիչը, նաեւ այն երեւանցիները, որոնք սրտացավ են` չեն ապրում Կոնդում, բայց Կոնդն իրենց համար քաղաքի ինքնության մաս է, ինքը ճարտարապետ է, շինարար է, ասում է` գամ, օգտագործեք իմ հնարավորությունները:

– Տեսնում ենք՝ Կոնդի շուրջբոլորը բարձրահարկ շենքեր են կառուցվում: Կարելի՞ է այդպես «շրջափակել» հիմնականում միհարկանի Կոնդը:

– Կոնդի հասցեներից է Մոլլայի բակը: Այս բակում Կոնդի առաջին սրճարանն է բացվել, եւ հենց առաջին հարցազրույցն էլ ես եմ տվել «Հրապարակ» օրաթերթին` Զառային, 2023 թվականին: Այն ժամանակ մի սեղան էր, հետո եղավ 2-3 սեղան, իսկ անցյալ տարվանից ավելի են մեծացրել, որովհետեւ սրա պահանջը կա: Երբ այստեղից նայում ենք, բարձրահարկ շենքերով ամբողջ տեսարանը փակել են եւ շատ գեշ են փակել: Իսկ նախկինում այստեղից շատ սիրուն Երեւան էր երեւում` Կենտրոնը: Կարող էին տրամաբանված կառուցել, գոնե կասկադաձեւ, որ տեսարանը չփակվեր: Հիմա այստեղի բնակիչների հողի գինն է ընկել, հողն առնեն` ի՞նչ անեն, նայեն դիմացը փակած բարձրահարկ շենքի պատի՞ն: Դրա համար կա քաղաքաշինական պատասխանատվության հարց, քաղաքապետերը, գլխավոր ճարտարապետները նման բաները պետք է հաշվի առնեն:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Կոնդի վերակառուցման ծրագիրը: Ինչպե՞ս պետք է մոտենալ, որ ե՛ւ Կոնդի հինը պահպանվի, ե՛ւ նորանա:

– Տիպիկ Կոնդի բակ է, երբ դարպասից ներս ես մտնում եւ տեսնում, որ բակում ապրում է 6-7 ընտանիք: Հնարավորության դեպքում մարդիկ այսպես կարող են շարունակել ապրել, ինչպես, օրինակ, Հունաստանում է: Բակում փոքրիկ խոհանոց կարող է լինել` ռեստորանչիկ, թեկուզ վարձով տրվող տներ: Հարեւաններից ով ուզում է, թող վաճառի, մյուսն առնի, սարքի, վերանորոգի: Ամենակարեւորն այն է, որ պահպանվեն այսպիսի բակերը, որովհետեւ սրանք էլ են Կոնդի, Երեւանի ինքնության մաս: Վերակառուցման ծրագիրը պետք է այնպիսին լինի, որ Կոնդի ինքնատիպությունը պահպանվի եւ շատ բալանսավորված լինի, այսինքն` ե՛ւ բնակիչների խնդիրները հաշվի առնվեն, ե՛ւ հետագա տնտեսական խնդիրները: Օրինակ, այս հրապարակը, որի անունը դրել ենք Չինոյի հրապարակ, այդպես Կոնդում պետք է լինեն տարբեր հասարակական վայրեր, ե՛ւ հրապարակ, ե՛ւ խաղահրապարակ: Նաեւ այգի ունենալու հնարավորություն պետք է ստեղծել, շատրվաններ լինեն, փոքրիկ ջրավազաններ: Բնակիչների ցանկությունն է, որ սրճարաններ լինեն, ծառեր, կանաչապատ տարածքներ, որ զբոսաշրջիկներ գան, տարածքը գեղեցկանա, գրավիչ լինի։ Այ, սա է կարեւորը: Բայց նորից եմ ասում` պետք է վերակառուցումը բալանսավորված լինի, չպետք է ամեն ինչ թողնել կոնդեցիների ճաշակին: Կարող է այդ մարդիկ սխալվեն, հարեւաններից մեկը տան պատերը երեսպատի մի գույնի սալիկով, մյուսը` մեկ այլ գույնի, եւ նորից կորցնենք Կոնդը: Դրա համար կարծում եմ, որ չպետք է շտապել, նախ տեսնենք, հասկանանք, թե իշխանությունն ինչ է անում:
– Կարո՞ղ ենք վստահել, տարիներ շարունակ խոստանում են վերակառուցել, բայց աչքներիս առաջ քանդուքարափ են անում:
– Մինչեւ Կոնդը պատասխանատու չունենա, որեւէ բան տեղից չի շարժվի: Դրա համար Կոնդը պետք է ունենա թաղապետ, եւ էլի պատմական տարածքներ ունենք, որոնցում ուղղակի պատասխանատու է պետք: Ասենք, Նուբարաշենը, որ 10 հազար բնակիչ ունի, կարող է ունենալ թաղապետ, իսկ Սարի թաղը` ոչ, որ 25 հազար բնակիչ ունի: Երեւանի հիմնական խնդիրներն առաջանում են հենց այդ անպատասխանատվությունից: Օրինակ, Օղակաձեւ այգին չունի տնօրեն կամ՝ Մոնումենտի այգին: Այստեղ նաեւ կարեւոր է, որ կոնդեցին չտուժի: Այն բնակիչը, որն ուզում է վաճառել իր տունը, թող վաճառի եւ գնա, բայց հանրային գերակա շահ չլինի, որ զոռով ստիպեն մարդուն վաճառի, եւ գնեն, ինչպես Նորագյուղում եղավ կամ Ֆիրդուսում:

– Դուք տեսնո՞ւմ եք այն մոտեցումը, որ, այնուամենայնիվ, Կոնդը կպահպանվի հիմնականում իր ինքնությամբ, իր կոլորիտով:

– Այո, ես հուսով եմ: Բնակիչներից շատերը երկար տարիներ պայքարել են Կոնդի համար, իսկ հիմա ավելի են հետաքրքրված: Առաջ չէին հավատում, ասում էին, որ հեսա Կոնդը քանդելու են, գոնե մեզ մի բան տան: Իսկ ես ասում էի` ոչ, Կոնդը չեն քանդելու: Լավ է, որ կա պետական կամք, բայց ես չգիտեմ, թե դա ինչին կբերի: Եթե նույնը ժամանակին հասկանային եւ Ֆիրդուսում անեին, որ ընդամենը մի 10 կառուցապատող գերշահույթ ու եկամուտներ ստացան, եւ փոխարենը կորցրինք այդ կարեւոր, պատմական թաղամասը: Այդպես գնալով՝ էլի շատ տեղեր կարող ենք կորցնել: Բայց Կոնդը Երեւանի ինքնության համար շատ կարեւոր է, Կոնդը եզակի է, թաղ է: Երբ ասում ենք թաղ, մարդիկ միանգամից հասկանում են Կոնդ: Այստեղ շատ կարեւոր է, որ կառավարությունը եւ քաղաքային իշխանությունը կոնդեցիներին լսեն, կոնդեցիների ցանկությունները, պահանջները եւ այդպես դիմելով համապատասխան քաղաքաշինական կամ գեղագիտական խորհրդին` գան լավագույն լուծման:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել Sat, 03 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով