Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Եթե Սահմանադրությունը մնա ոնց որ է, դա մեզ ուժ կտա Արցախը հետ ուզելու․ դա է կանխում Ալիեւը

«Հրապարակ». Եթե Սահմանադրությունը մնա ոնց որ է, դա մեզ ուժ կտա Արցախը հետ ուզելու․ դա է կանխում Ալիեւը

Tue, 17 Nov 2026 12:15:15 +0400


«Հրապարակ»-ը զրուցել է ամերիկահայ իրավաբան, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր, «Ճշմարտության եւ արդարության կենտրոն» (Center for Truth and Justice) հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Կասյա Աբգարյանի հետ։ Կասյա Աբգարյանին հայ հանրությունը կհիշի 1998 թվականից, երբ նա նշանակվեց Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, եւ առաջին անգամ, նրա հետ կապված, հանրային դաշտում սկսեց կիրառվել «իմիջմեյքեր» տերմինը․ նա զբաղվում էր Ռ․ Քոչարյանի հեղինակության ձեւավորմամբ՝ երկրի ներսում եւ արտերկրում։

– Ադրբեջանը Հայաստանին նորանոր պահանջներ է ներկայացնում, ինչի՞ կարելի է հասնել, ի՞նչ գործիքակազմ կարելի է կիրառել միջազգային ատյաններում, սփյուռքը կարո՞ղ է որոշակի դերակատարում ունենալ այս հարցում:

– Սփյուռքահայությունն այս հարցով շատ բան չի կարող անել՝ փաստաբանները, փորձագետները, անկախ նրանից՝ սփյուռքահայեր են կամ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, կարող են օգտակար լինել, բայց ճանապարհները շատ չեն: Արցախահայերի իրավունքները պաշտպանելու մասով՝ նախ իրենց իրավունքները պիտի պաշտպանվեն հենց իրենց պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության։ Բայց քաղաքական պատճառներով դա չի արվում հիմա, որը շատ բարդացնում է այս խնդիը: Բայց կա ICC-ի (International Criminal Court) ճանապարհը, կա ICJ-ի (International Court of Justice or World Court) ճանապարհը, որ կիրառվում է: Կա երրորդ երկրի միջոցով հարց բարձրացնելու ճանապարհը։ Հարցն այն է, որ այսօրվա արցախահայերի պրոբլեմները հետեւյալն են․ նախ՝ իրենք անմիջական հարցեր ունեն լուծելու Հայաստանում՝ դպրոցների, ուսման, աշխատանքի, տան, ապագայի, կարգավիճակի ապահովումը: Այդ հարցերը միջազգային դատարանների միջոցով չի կարելի լուծել, դրանք պիտի լուծվեն այստեղ։ Դա՝ մեկ: Երկարատեւ հարցը, որ ունի արցախահայը՝ հետվերադարձի հարցն է: Իրավունք ունե՞ն իրավաբանորեն, միջազգային օրենքի համաձայն՝ այո, իրավունք ունեն: Բայց իրավունք եթե ունես, դա չի նշանակում, որ այդ իրավունքը որեւէ մեկը պիտի քեզ տա, այլ ոնց պետք է կիրառվի իրավունքը:

– Ինչպե՞ս կյանքի կոչել այդ իրավունքը, եթե արցախցիներին փաստացի սպառնում է ֆիզիկական բնաջնջում՝ Ադրբեջանի տիրապետության տակ, հետ վերադառնալու դեպքում:

– Ադրբեջանն ասում է՝ ուզում են հետ գան, թող գան, չէ՞, բայց պրակտիկորեն եթե մտածենք՝ ո՞վ կգնա: Դու պիտի կարողանաս ապահովել իրենց կենցաղը, իրենց կյանքը, իրենց ամեն ինչը, եւ այդ ապահովությունները չկան: Դրա համար եմ ասում՝ իրենք հետ գնալու իրավունք ունե՞ն՝ այո, անպայման։ Դա իրականությո՞ւն է՝ ոչ, իրականություն չէ, այսօրվա վիճակով իրականություն չէ: Եվ որքան շատ ժամանակ անցնի, այդքան այդ իրավունքի ուժը կսկսի թուլանալ: Կիպրոսի պարագան դա է ցույց տալիս՝ դատարանները 40 տարի հետո որոշեցին, որ՝ այո, կիպրացիները, որոնց իրենց տնից ու հողից հանել էին, կարող են հետ գնալ: Բայց ո՞ւր գնան, այնտեղ արդեն սերունդներ են մեծացել, այդ տներում ապրել են, ուրեմն իրենց ու բռնագաղթած կիպրացիների իրավունքներն իրար հակասում են, ուրեմն ժամանակը շատ մեծ խնդիր է արցախահայերի հետվերադարձի իրավունքի իրականացման համար:

– Այսինքն՝ իրավական լուծում չկա, ու ուժայի՞ն լուծում պետք է լինի:

– Ոչ, դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով դա պետք է լուծվի, այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դա պետք է լուծվի։ Բայց չի լուծվելու, քանի որ Ադրբեջանը երբեք նման բան թույլ չի տա: Ուրեմն հարցը մնում է այն, որ արցախահայը հետ վերադառնալու իրավունք ունի՝ այո, բայց ամեն տարին, որ չի վերադառնա, այդ իրավունքը կհալվի, կթուլանա, եւ 15, 20, 30 տարի հետո դատարանները որոշում կկայացնեն արցախահայերի հետ վերադառնալու իրավունք ունենալու մասին, բայց այդ ժամանակ արդեն անկարելի կլինի իրենց վերադառնալը: Քանի որ ժամանակ կանցնի, Արցախի տարածքներում նոր հաստատվածների սերունդները կաճեն։ Ասածս այն է, որ իրավունք ունենալը բավարար չէ: Պարզ քայլեր պիտի արվեն դրա համար, որոնք շատ մեծ քաղաքականություն են ուզում:

– Որո՞նք են այդ քայլերը:

– Չգիտեմ, դա քաղաքականություն է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

– Այսինքն, իրավական ոչ մի պրոցես կամ գործիք չկա՝ հետվերադարձի իրավունքի ապահովման համար:

– Պատկերացնենք՝ այստեղ ձեզ տնից հանել են, եւ 10, 20 տարի դատարաններով անընդհատ այդ տունն ես ուզում հետ ստանալ: 20-25 տարի հետո դատարանն ասում է, որ՝ այո, իրավունք ունես այդ տուն վերադառնալու, բայց այդ տունը ռեմոնտ արված է, նոր ընտանիք ստեղծված է, երեխա ծնված է, ո՞վ իրավունք ունի՝ դո՞ւք, թե՞ ինքը: Ժամանակի ընթացքում իրավունքը թուլանում է, անհետանում է: Դրա համար է, որ հետվերադարձի հարցը երազային մի բան է, այսինքն, դժբախտաբար, չեմ կարող ասել, որ այո, իրավունք ունեն վերադառնալ, դա սուտ բան է, դա չի ստացվելու:

– Մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար Ադրբեջանին հնարավո՞ր է որոշակի պատասխանատվության ենթարկել:

– Այդ մասով՝ այո, շատ հնարավոր է, եւ կհասնենք, սակայն մանրամասները չեմ կարող բարձրաձայնել:

– Դա պետական մակարդակո՞վ է արվում, թե՞ Ձեզ նման անհատների:

– Ալիեւը պնդում է, որ Հայաստանը պետք է հետ քաշվի միջազգային ատյաններից, Հայաստանն ասել է՝ այո, հետ կքաշվենք, բայց ասելը քիչ է, քանի որ երբ մտնում ես այդ միջազգային դատարանները, չես կարող հենց այնպես հետ քաշել քո հայցերը՝ նման բան չկա: Դրա համար ես միշտ ասում եմ՝ սա քաղաքականություն է արդեն, քանի որ ձեր իշխանությունն ասում է «այո» Ալիեւին, բայց ոչինչ էլ հետ չեն քաշել, 2 տարի է՝ ասում են՝ պիտի հետ քաշենք: Հետ չեն քաշել, ու կասկածում եմ, որ իրավաբանորեն կկարողանան հետ քաշել։ Այդպիսի հարցեր կան:

– Դրանից մեզ ի՞նչ դրական արդյունք կլինի:

– Եթե Ալիեւը խաղաղության համար դա պայման է դնում, նշանակում է, որ դա իր համար մեծ պրոբլեմ է, թե չէ՝ ինքն այդ պայմանը չէր դնի, ուրեմն դրանից չպիտի հետ քաշվենք: Կարող է պետությունը բերանացի ասում է՝ այո, այո, հետ կքաշվենք, բայց իրականությունը մինչ այսօր այն է, որ հետ չենք քաշվել: Եվ այդ ընթացքին մեզ նման մասնավոր փաստաբանների, իրավաբանների խմբեր իրենց միջոցներով նաեւ այդ գործը տանում են՝ դա Ադրբեջանի իշխանությունների համար կոշմար է, եթե այդպիսի բան իսկապես ստացվի: Դրա համար է, որ իրենք այդքան խիստ պայքարում են եւ ասում են, որ պայման են դնում, որ այդ ամբողջը հետ պիտի քաշվի: Բայց իշխանությունը կարո՞ղ է հետ քաշել՝ կասկածում եմ, չեն կարողանա, բայց անկախ, մասնավոր փաստաբաններին ու իրավաբաններին չի կարող պարտադրել, որ իրենք էլ հետ քաշվեն: Ես միշտ ասել եմ՝ պետք է անել այն, ինչն իշխանությունները չեն կարող անել:

– Ալիեւը պահանջում է Սահմանադրությունը փոխել:

– Ինչո՞ւ է Ալիեւը պնդում, որ Սահմանադրությունը փոխվի․ որպեսզի վերջնականապես Արցախի հարցը ոչ մի ձեւով չբարձրացվի: Դա իրավաբանական հարց չէ՝ դա արդեն ազգային հարց է: Այսօրվա իշխանությունը կարող է հատուկ քաղաքականություն վարել, որպեսզի խաղաղություն լինի Հայաստանում, ժամանակի ընթացքում իշխանությունը կարող է փոխվել թե՛ այստեղ եւ թե՛ Ադրբեջանում, եթե այդ կետը մնա Սահմանադրության մեջ, մեր ազգը, ինչպես ամեն ազգ, իր հիշողության ու իր սրտի մեջ ունի իր հողի պահանջը: Հետեւաբար, եթե Սահմանադրությունը մնա ոնց որ է, դա միշտ մեզ ուժ կտա՝ Արցախը հետ ուզելու, եւ դրա համար է Ալիեւն ուզում, որ դա փոխվի: Ես մեկ բան գիտեմ, որ իրավաբանորեն իրականությունը քաղաքականության մեջ չի, քաղաքականությունը ճիշտ օդի պես ամեն օր փոխվում է, եւ այն իրողությունը, որ այսօր կա, վաղը չի լինելու, դրա համար իրավաբանական հետապնդում, հետազոտություն, դատարաններ… այս ամբողջը շարունակաբար պետք է առաջ գնա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով