«Արմեդի» խնդիրները՝ հերքումներից մինչև առաջընթաց. ինչո՞ւ է սայլը դանդաղ շարժվում
Thu, 10 Sep 2026 17:45:58 +0400

Վերջերս անդրադարձել էինք էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր «Արմեդ» համակարգի խնդիրներին. հարցումներ էինք ուղարկել Առողջապահության նախարարություն (ԱՆ): Մեր հրապարակումից հետո «Արմեդն» արձագանքել էր` պարզաբանել, տեղ-տեղ` հերքել էր մեր հրապարակումը: Սակայն հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին նաև բազմաթիվ այլ բուժհաստատություններ ու բժիշկներ՝ հաղորդելով նոր տեղեկություններ:
Նրաք ասում են, որ թեև մեր հանրայնացրած խնդիրները «Արմեդը» հերքում էր, սակայն հրապարակումն ինչ որ դեր խաղացել է եւ կարծես սայլը տեղից շարժվում է: Համակարգում արդեն ներդրվել է մասնակի գումարի ընդունման և վերադարձի հնարավորություն: Մնում է, որ գործընթացն ավտոմատացվի, ինչը, թերեւս, ժամանակի հարց է: Բայց մի շարք առանցքային խնդիրներ դեռևս մնում են չլուծված. 0.25% միջնորդավճարի առեղծվածը․ Վճարովի ծառայություններից 0.25% միջնորդավճար պահելու մեր տեղեկությունը «Արմեդը» հերքել էր՝ պնդելով, թե բուժհաստատությունների հետ նման սակագին սահմանված չէ: Իրականում, սակայն, այդ 0.25%-ը «Արմեդը» գանձում է վճարահաշվարկային կազմակերպություններից, որոնք էլ այդ ֆինանսական բեռը փոխանցում են բուժհաստատությունների վրա: Մեկ այց՝ 3 առանձին քարտով և հավելյալ ծախսերով: Հաջորդ խնդիրը պացիենտի մեկ այցելության ընթացքում տարբեր ծառայություններից օգտվելիս մի քանի առանձին ամբուլատոր քարտ բացելն է: Թե՛ նախարարությունը, թե՛ «Արմեդը» սա համառորեն հերքում են: Մինչդեռ իրականությունն այն է, որ երբ քաղաքացին այցելում է բուժհաստատություն և, օրինակ, անցնում լաբորատոր ու գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ստանում խորհրդատվություն, դա արտացոլվում է 3 առանձին ամբուլատոր քարտով: Այսինքն՝ յուրաքանչյուր նոր բժիշկ ընտրելիս ստեղծվում է նոր քարտ: Ի դեպ, բացված յուրաքանչյուր քարտի համար «Արմեդը» ստանում է 50, 250 կամ 1000 դրամ՝ կախված ծառայության տեսակից: Դրանց ավելանում է նաև 20% ԱԱՀ-ն, ինչի արդյունքում գումարը կազմում է համապատասխանաբար 60, 300 և 1200 դրամ: Ստացվում է՝ բժիշկները, հիվանդանոցներն ու քաղաքացիները շարունակում են հարստացնել «Արմեդին», մինչդեռ վերջինս խոչընդոտում է բուժհաստատությունների աշխատանքին՝ առաջացնելով անհարմարություններ, ահռելի ծախսեր և թանկացումներ:
Հերթագրման համակարգի բացակայություն. արդիական է մնում նաև հիվանդանոցներում հերթագրման համակարգի բացակայությունը: Այն արդեն մի քանի տարի գործում է պոլիկլինիկաներում, սակայն հիվանդանոցներում գրեթե չկա: Քաղաքացին ինչպես կարողանում է նախապես հերթ ամրագրել բանկում, Կադաստրում կամ Սոցապում, նույն կերպ չի կարողանում պլանավորել իր այցը հիվանդանոց:
Խնդիրների խնդիրը՝ ծրագրերի ինտեգրում․ ամենաառանցքային հարցը ներհիվանդանոցային ծրագրերի ինտեգրումն է, որի իրականացման դեպքում առկա խնդիրների թերևս 99%-ը կլուծվի: Սակայն այս ուղղությամբ «Արմեդն» անհարկի ձգձգումներ է թույլ տալիս: Այժմ էլ ընկերություններից պահանջում են լիցենզիա ունենալ՝ հաշվի չառնելով, որ ինտեգրումը տարիներով ձգձգվում է, իսկ լիցենզավորման պահանջը նոր է, և դեռևս առկա չեն հստակ կառուցակարգեր, թե ով և ինչպես պետք է լիցենզավորի այդ ընկերություններին:
Մեկ բան միանշանակ է. եթե նպատակն իսկապես էլեկտրոնային առողջապահական համակարգին լիարժեք անցնելն է, Առողջապահության նախարարությունը պետք է ամենօրյա հետևողական աշխատանք տանի ծրագրերի ինտեգրումն արագ և անխոչընդոտ կազմակերպելու համար: Մանավանդ որ ԱՆ-ն իր պատասխանում վստահեցրել էր, թե «Արմեդ» համակարգի ինտեգրումն այլ ծրագրերի հետ հանդիսանում է նախարարության ընթացիկ աշխատանքների առաջնահերթությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր