«Հրապարակ»․ Կնոջը փողոցում զուգընկերն ու նրա եղբայրը դաժան ծեծի են ենթարկել
Fri, 11 Sep 2026 10:25:35 +0400

Օգոստոսի 29-ի երեկոյան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տղամարդն իր եղբոր հետ ծեծի է ենթարկել զուգընկերուհուն։ Կինը մարմնական վնասվածքներ է ստացել, նրան օգնել են անցորդները։ Միջադեպի վերաբերյալ օրեր առաջ հարցում էինք արել ՆԳՆ ոստիկանություն։ Հարցման պատասխանը միայն երեկ ենք ստացել, որն էլ ներկայացնում ենք։ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 22:36-ին, ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ք. Երեւան, Պ. Սեւակի 1 հասցեի մոտակայքում մի տղամարդ ծեծում է մի աղջկա։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջներին համապատասխան՝ ք. Երեւան, Պ. Սեւակի 8 հասցեից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխվել եղբայրներ Ա. եւ Ա. Շ.-երը։ Ոստիկանության բաժին է տեղափոխվել նաեւ Ա. Ո.-ն, որն էլ ներկայացրել է հաղորդում դեպքի վերաբերյալ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հավանաբար, նույն դեպքի վերաբերյալ էր օրերս ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արել՝ հայտնելով, որ օգոստոսի 29-ի գիշերը փողոցում իր քույրը մի կնոջ է փրկել, որի զուգընկերը (կնոջ խոսքով) ծեծում էր՝ ոտքով ու ձեռքով հարվածներ հասցնելով: Դա քիչ է, տղամարդուն միացել է նաեւ նրա բարեկամը՝ փորձելով օգնել այդ հարցում, այսինքն՝ հարձակումը խմբակային է եղել: Բաթոյանի պատմելով, քույրը նախ անձամբ է միջամտել, հետո նաեւ ոստիկանություն է կանչել։ Մենք կապ հաստատեցինք Զարուհի Բաթոյանի հետ եւ խնդրեցինք դեպքի մասին տեղեկություններ տրամադրել, օրինակ՝ որտեղ է տեղի ունեցել, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե իրավապահները գործին ինչ ընթացք են տվել, արդյո՞ք բռնարարը հայտնաբերվել է, եւ կինն ապահով ու պաշտպանված վայրում է։ Սակայն Բաթոյանը հրաժարվեց տեղեկություն տրամադրելուց՝ նշելով, որ գրածից ավելի որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է պատգամավորը քրոջ մասին գրում ֆեյսբուքյան էջում, սակայն չի տրամադրում տեղեկություն, որպեսզի հնարավոր լինի տուժածի վիճակով ու բռնարարի հետագա ճակատագրով հետաքրքրվենք։ Ի դեպ, Բաթոյանն այն պատգամավորներից է, որ միացել է Աննա Հակոբյանի՝ կանանց հանդեպ իրականացվող բռնության դեմ արշավին եւ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ Քրեական օրենսգրքում եւ այլ օրենքներում ընտանեկան բռնության հետ կապված հատուկ հոդվածներ ներառելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր