Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Բերդում տեղյակ չեն եղել օրենքի դրույթից

«Հրապարակ»․ Բերդում տեղյակ չեն եղել օրենքի դրույթից

Sat, 12 Sep 2026 11:45:16 +0400


Բերդ համայնքի ավագանու նախորդ՝ մայիսի 21-ի եւ հունիսի 18-ի հերթական նիստերին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն մասնակցել։ Այդ նիստերին մասնակցել է ավագանու 11 անդամ, բոլորն էլ՝ ավագանու «Զորավոր համայնք» խմբակցության անդամներ, որոնց թվում՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։ «Արժանապատիվ սերունդ» խմբակցության անդամները նույնպես չեն մասնակցել 2 նիստերին։ ՔՊ խմբակցությունը համայնքի ավագանու 2 նիստերն ինչո՞ւ է բոյկոտել, ո՞րն է պատճառը։
Ըստ իրազեկ աղբյուրների՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իր կուսակիցներին հայտարարել է, որ Բերդ համայնքում ՔՊ-ի եւ «Զորավոր համայնքի» կոալիցիան պետք է քանդվի։ Բերդում իշխանափոխություն անելու ջատագով է նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, որի մտերիմ ընկերը Բերդ համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Փոխմարզպետը հույս ուներ, որ իր ընկերը կընտրվի Բերդ համայնքի ղեկավար։ Նախկինում գրել եմ, որ մարզպետի եւ փոխմարզպետի այդ ծրագիրն իրականություն չի դառնալու, քանի որ Բերդ համայնքի ավագանու ՔՊ խմբակցության մեջ միասնականություն չկա, թե իրենցից ով պետք է դառնա համայնքի ղեկավար։

Սեպտեմբերի 8-ին կայացել է ավագանու հերթական նիստը, որին մասնակցել է ավագանու ՔՊ խմբակցության անդամների մի մասը։ Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երեք տասնյակ հարցեր, որոնցից ամենակարեւորները համայնքի ավագանու որոշմամբ «Բերդի ջրամատակարարման ծառայություն», «Բերդի ճանապարհների սպասարկում եւ լուսավորում», «Բերդի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծումն էր։ Նախկինում նշված ծառայություններն իրականացնում էր համայնքապետարանի ենթա­կայությամբ գործող «Բերդի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը։ «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ն ավելի քան 300 միլիոն դրամի տուգանքի եւ տույժի է ենթարկվել այն բանի համար, որ այդ հիմնարկի տարեկան շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, ուստի հիմնարկը պետք է ավելացված արժեքի հարկ վճարեր, սակայն չի վճարել։

Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին հարցրինք՝ ինչպե՞ս է եղել, որ իրենք տեղյակ չեն եղել հարկային օրենսդրության այդ դրույթի վերաբերյալ։ Նա հայտնեց, որ հարկային այդ դրույթը գործում է 2019-ից, ինքը Բերդ համայնքը ղեկավարում է 2022- ից, սակայն համայնքապետարանում այդ մասին տեղյակ չեն եղել։ Նա նշեց, որ Հայաստանում բազմաթիվ համայնքներ եւս այդ մասին տեղյակ չեն եղել։ Համայնքի ղեկավարը հայտնեց, որ Բերդի կոմունալ ծառայության աշխատողները կընդգրկվեն նորաստեղծ ՀՈԱԿ-ներում եւ կիրականացնեն Բերդ համայնքի համար այդքան կարեւոր գործառույթները։ Ա․ Հակոբյանին հարցրինք ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում Նավուր համայնքի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արամ Նիգոյանի քննադատական ելույթի մասին, որ ավելի քան 2 միլիարդ դրամ բյուջե ունեցող Բերդի համայնքապետարանը բավարար աշխատանքներ չի կատարում համայնքի գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկայով աջակցելու համար։ Ա․ Հակոբյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, 2 օրից «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից Բերդ համայնքին գյուղատնտեսական տարատեսակ տեխնիկա է նվիրաբերվելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին…

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին… Fri, 11 Sep 2026 18:48:49 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով