Բայրամովի հայտարարությունը ԱՄՆ-ին ճնշելու փորձ էր
Sun, 13 Sep 2026 14:15:13 +0400

Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ ԹՐԻՓՓ-ը բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է, սակայն շտապեց հավելել, որ առանց Ադրբեջանի այս նախագիծը չի կարող կյանքի կոչվել:
«Հրապարակ»-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ասաց, որ Բաքուն հիմա փորձում է փոխել TRIPP-ի շուրջ ձևավորված բանակցային ուժերի դասավորությունն ու տրամաբանությունը։ «Ի՞նչ է իրականում ասում Բայրամովը: Այն, որ ԹՐԻՓՓ-ի մասով հիմնական բանակցություններն ընթանում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, բայց առանց Ադրբեջանի մասնակցության նախագիծը ֆիզիկապես և քաղաքականապես չի կարող իրականացվել։ Ու սա պարզապես հայտարարություն չէ, սրանով Ադրբեջանը փորձում է իրեն «անփոխարինելի կողմ» ներկայացնել։ Բաքուն հասկանում է, որ եթե նախագիծը տեխնիկապես առաջ գնա Երևան–Վաշինգտոն ձևաչափով, ապա Ադրբեջանը կարող է հայտնվել այնպիսի վիճակում, որտեղ իր դերը սահմանափակվում է միայն Նախիջևանի ուղղությամբ կապ ապահովելով։ Ուստի Բայրամովի ուղերձը փաստացի հետևյալն է՝ մի կառուցեք TRIPP-ի այնպիսի մոդել, որտեղ Ադրբեջանը պարզապես վերջնական շահառու է. մենք պետք է լինենք դրա որոշումների կայացման կողմերից մեկը»։
Կարապետյանը կարծում է, որ այս հայտարարությունը կարող ենք դիտարկել նաև որպես ճնշում ԱՄՆ-ի վրա։ Վաշինգտոնը TRIPP-ը ներկայացնում է որպես տարածաշրջանային տնտեսական և ռազմավարական նախագիծ, իսկ Ադրբեջանը փորձում է ասել, որ եթե ԱՄՆ-ն ուզում է արագ իրականացնել նախագիծը, ապա պետք է հաշվի նստի Բաքվի պայմանների հետ։ Ստացվում է, որ Բաքուն փորձում է իր համար բանակցային լրացուցիչ լծակներ ապահովել։
«Բայց կա ավելի խորքային հանգամանք. օգոստոսին ԱՄՆ–Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ Ադրբեջանը նույնիսկ միակողմանիորեն վերացրել է Հայաստանի հետ տարանցիկ սահմանափակումները, և արդեն իրականացվել է որոշակի բեռնափոխադրում Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանը դրանով փորձում է ցույց տալ, թե այ տեսեք, մենք կարող ենք տարածաշրջանային կապուղիների բացումը իրականում ապահովել։ Դրանով Բաքուն TRIPP-ը փորձում է ներկայացնել ոչ թե որպես միայն Հայաստանի տարածքով անցնող ամերիկյան նախագիծ, այլ որպես ավելի մեծ` Ադրբեջան–Հայաստան–Նախիջևան–Թուրքիա տարածաշրջանային տրանսպորտային համակարգ։ Եվ այստեղ է թաքնված Բայրամովի հայտարարության ամենահետաքրքիր մասը: Բաքուն փորձում է կանխել TRIPP-ի նկատմամբ ամերիկյան չափազանց մեծ վերահսկողությունը, քանի որ նախագիծը ԱՄՆ-ի համար միայն ճանապարհ չէ։ Այն ունի տրանսպորտային, տնտեսական, ենթակառուցվածքային, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ազդեցության բաղադրիչ։ TRIPP-ի միջոցով ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում, իսկ դա նվազեցնում է Ռուսաստանի և մասամբ` Իրանի ազդեցությունը։ Ադրբեջանը, բնականաբար, ցանկանում է, որ այդ նոր համակարգում ԱՄՆ-ի ներկայությունը չվերածվի Ադրբեջանի վրա ազդեցության մեխանիզմի։ Իմ կարծիքով, սրանք են Բայրամովի հայտարարության իրական ուղերձները։ Եթե շատ պարզ ձևակերպեմ՝ Բաքուն ասում է՝ TRIPP-ը կարող եք նախագծել Երևանում և Վաշինգտոնում, բայց առանց Բաքվի համաձայնության այն չի աշխատի։ Ուստի մեզ պետք է ներգրավել ոչ թե որպես դիտորդ, այլ որպես որոշիչ կողմ: Սա նաև կարող է լինել նախապատրաստում առաջիկա Հայաստան–Ադրբեջան բանակցությունների համար»,-նկատում է միջազգայնագետը: Եթե Երևանը համաձայնի, որ TRIPP-ի բոլոր կարևոր որոշումները պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ, ապա Ադրբեջանը կարող է ստանալ վետոյի նմանվող քաղաքական լծակ։ Եթե Հայաստանը կարողանա պահպանել սկզբունքը, որ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքի կառավարումը և իրավական ռեժիմը որոշում է Հայաստանը, իսկ Ադրբեջանը ստանում է միայն իր կապի ապահովման երաշխիքներ, ապա TRIPP-ը կարող է դառնալ Հայաստանի համար բավական ուժեղ աշխարհաքաղաքական ակտիվ։ Հետևաբար, միջազգայնագետը կարծում է, որ սա պետք է դիտարկել ոչ թե որպես պարզապես Բայրամովի հերթական հայտարարություն, այլ որպես TRIPP-ի շուրջ ազդեցության համար սկսվող նոր փուլ։
«Իմ գնահատմամբ՝ Բաքվի հիմնական նպատակները հետևալն են՝ չթողնել, որ TRIPP-ը դառնա բացառապես Հայաստան–ԱՄՆ նախագիծ։ Հայաստանն ու ԱՄՆ-ն արդեն առանձին աշխատում են TRIPP-ի իրականացման վրա, իսկ Հայաստանի և ԱՄՆ-ի հրապարակած շրջանակային փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը պահպանում է ենթակառուցվածքի անվտանգության պլանները հաստատելու իրավունքը։ Բաքուն դրան հակադրում է իր դիրքորոշումը՝ Ադրբեջանը նույնպես պետք է լինի գործընթացի ներսում. Բայրամովի խոսքը պետք է դիտարկել նաև որպես նախազգուշացում Վաշինգտոնին՝ Հայաստանի տարածքում նախագիծ եք անում, բայց դրա ռազմավարական նպատակն Ադրբեջանի հետ կապն է, հետևաբար մենք պետք է ունենանք որոշակի դեր: Ադրբեջանը փորձում է TRIPP-ը կապել իր մյուս պահանջների հետ: Բաքուն TRIPP-ը չի դիտարկում միայն որպես ճանապարհ, այլ փորձում է այն դարձնել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների ամբողջ փաթեթի մաս։ Եվ դրա համար էլ Բաքուն ցանկանում է հնարավորինս շատ հարցեր կապել միմյանց հետ։ Բայց այստեղ Բաքվի համար կա խնդիր, ԱՄՆ-ն TRIPP-ի միջոցով ստանում է ուղղակի երկարաժամկետ ներկայություն Հարավային Կովկասում։ Եվ սա արդեն միայն Հայաստան–Ադրբեջան հարց չէ։ Վաշինգտոնի համար TRIPP-ը հնարավորություն է ամրապնդելու կապը Կենտրոնական Ասիայի հետ, շրջանցելու Ռուսաստանի ավանդական ազդեցության մի մասը, նվազեցնելու Իրանի ազդեցությունը, և ԱՄՆ-ին դարձնելու տարածաշրջանային ենթակառուցվածքների կարևոր դերակատար»,-շեշտեց Կարապետյանը:
Հետևաբար Բաքուն ուզում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում լինի նաև իր համար շահավետ և կանխատեսելի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր