Թույլ բռնապետությունը ծնում է անարխիա
Sun, 13 Sep 2026 19:15:33 +0400

Ինչ էլ ասվի Փաշինյանի մասին, բայց մի բան ակնհայտ է. նա լավ է ճանաչում մեր ժողովրդին: Նա հասկանում է, որ հայ մարդն իր ամբողջության մեջ, մեծ հաշվով, անտարբեր է հայրենիքի ճակատագրի հանդեպ: Ժամանակին ապրել է մահմեդական թուրքերի ու պարսիկների տիրապետության ներքո, իրեն վատ չի զգացել քրիստոնյա ռուսների ենթակայության տակ: Առաջին հայկական հանրապետությունն ընկավ թե՛ արտաքին ուժի՝ արևմուտքից թուրքերի հարվածի և թե՛ ներքին թուրքերի (Նժդեհի բնորոշմամբ) գեներացրած քաոսի պատճառով: Երրորդ հանրապետությունը բռնել է այդ ճանապարհը՝ ընդամենը գործոններն են տեղերով փոխվել: Ներքին թուրքերն մղվեցին առաջին պլան, ինչից օգտվեց ու շարունակում է օգտվել այս անգամ արևելքից թշնամին:
Այդ ամենը գալիս է պատմական ճակատագրով պայմանավորված՝ պետական մտածողության բացակայությունից: Պատմական հայրենիքից դուրս գտնվող Կիլիկիայի հայոց թագավորության կարճատև և կիսանկախ Խամսայի մելիքությունների գոյությունը մի կողմ դնելու դեպքում այս տարածքում ունենում ենք հայկական անկախ պետականության՝ շուրջ ինը հարյուր տարվա բացակայության ժամանակաշրջան: Ինչն առավել քան բավարար էր, որպեսզի ժողովրդի հիշողությունից դուրս մղվեր ազգային իշխանության ներքո ապրելու դրական կողմերը: Եվ օտարի ու սեփական իշխանության միջև մտածողության մեջ դրվեր հավասարության նշան: Բնական է, բացասական ուղղվածությամբ:
Դրան գումարենք պատմականորեն ժողովրդի ծոցից ելած ազնվականության վերացումը օտար նվաճողների կողմից: Այսինքն, այն խավի, որը թե՛ տեղական կառավարում էր իրականացնում և թե՛ ստորին խավերի մեջ, իրենից անկախ, վարքի ու մտածողության ընդունելի ձևատիպարներ էր սերմանում: Այսինքն, ստորին խավերի ներկայացուցիչներն ամենօրյա կտրվածքով իրենց աչքի առջև ունենում էին ընդօրինակման արժանի կերպար: Այնպես չէ, որ կոնկրետ այս կամ այն ազնվականը միշտ ու բոլոր հարցերում արժանի էր ընդօրինակման, բայց այդ մեխանիզմն ընդհանուր առմամբ գործում էր: Այնինչ, թագավորական ընտանիքի ու ազնվականության բացակայության և օտարների կողմից սահմանված բարձր հարկերի ու այլ բնույթի ճնշումների առկայության պայմաններում հայ տանուտերերը կամ քյոխվաները (ժամանակակից լեզվով՝ գյուղապետերը) ոչ թե ընդօրինակման արժանի մարդիկ էին, այլ լրացուցիչ շահագործողներ:
Ու այդքանն իմանալով՝ մանիպուլյացիոն քարոզչության մեջ Նիկոլն առաջին հերթին շեշտը դնում է սոցիալական արդարության խնդիրների վրա: Այն է՝ նախկինների ունեզրկում, թոշակների բարձրացում և առողջապահության «անվճար» ծառայության մատուցում: Անվճարը չակերտավոր, քանի որ ընտրություններից հետո այդ խաբեությունը ևս հոդս ցնդեց: Բայց մնացին առաջինը և թոշակների բարձրացումը: Միջին վիճակագրական թոշակառուն շնորհակալ է նրան, քանի որ նախքան ընտրությունները թոշակը բարձրացավ 20 հազար դրամով (10 հազար դրամով և դրան հավասար 20 տոկոսանոց «հետվերադարձով): Նախկինների ունեզրկումից ինքը ոչինչ չի ստացել ու չի ստանալու, բայց դրա հույսը պահպանվում է: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, ,եւտեղ բերվեց 44-օրյա պատերազմի ծանր ու խայտառակ պարտությունից հետո շոկի մեջ ընկած ժողովրդին նոր ավերիչ պատերազմով վախեցնելու հանգամանքը: Այսինքն, մի կողմից գործի է դրվում ժողովրդի մասին իբրև թե մտածելու հանգամանքը, իսկ մյուս կողմից՝ նոր պատերազմի սարսափը: Ինչի արդյունքում, օրինակ, հունիսի 7-ին ՔՊ-ն ստացավ շուրջ 727 հազար քվե:
Բայց բռնապետությունը՝ եթե այն կատարյալ չէ, ծնում է անարխիա: Որովհետև մարդկային մտածողությունը կառուցվում է «Եթե կարելի է, ասենք, Պողոսին, ինչո՞ւ չի կարելի ինձ» բնույթի մտածողության վրա: Տվյալ դեպքում Պողոսը հենց Նիկոլն է՝ միայն այն տարբերությամբ, որ Նիկոլին օգտին գործում է օրենքը: Օրենքի տակ էլ, բնականաբար, հասկացվում են իրավապահները: Իսկ Պողոսը գործում է իր կարողությունների չափով՝ ֆիզիկական ուժ, զենք, փող, ընկերներ և այլն: Անարխիսյի օրինակները բազմաթիվ են՝ բանակային ու փողոցային «ռազբորկաները», նույնիսկ ներընտանեկան բռնությունները: Օրինակ վերջինը՝ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանության ծագումը, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Ինչն էլ ավարտվել է 57-ամյա տղամարդու և նրա 26-ամյա որդու դանակահարությամբ: Արդյունքում մահացել է մասնագիտությամբ բժիշկ որդին:
Թույլ բռնապետության կամ դրա հետևանք անարխիայի ամենատիպական դրսևորումը իրավապահ կառույցների միջև ծագող կոնֆլիկտներն են: Ինչը տեղի ունեցավ մեկ-երկու շաբաթ առաջ Հայաստանում: Նման երևույթ վերջերս արձանագրվեց նաև Ուկրաինայում: ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն, իհարկե, կցանկանար հաստատել ուժեղ բռնապետություն: Սակայն խնդիրն այն է, որ դրա համար մեզանում առկա չեն օբյեկտիվ գործոններ: Ինչպես նաև բացակայում են դրա համար անհրաժեշտ սուբյեկտիվ գործոնները ժամանակին «չշշկռվելիք» հայտարարված «գերագույնի» մոտ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր