Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Գազը կտրում են, իսկ Ազգային ժողովում թատրոն է բեմադրվում․․․

Գազը կտրում են, իսկ Ազգային ժողովում թատրոն է բեմադրվում․․․

Mon, 14 Sep 2026 13:45:09 +0400


Ազգային ժողովին ուղղակի կասեմ՝ թատրոնը թող մնա թատրոնում։ Ազգային ժողովը թատրոն չէ։ Որովհետև այնպիսի տպավորություն է, թե երկրի գլխավոր խնդիրը հերթական քաղաքական ներկայացման լավագույն դերակատարին որոշելն է։ Բարձր ձայներ, փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, հռետորական մենամարտեր․․․ Մի խոսքով՝ ամեն ինչ կա, բացի ամենակարևորից՝ պետական լրջությունից։

Ու մինչ խորհրդարանում հերթական ներկայացման վարագույրն է բացվում, իրական կյանքում հարցերը ոչ թե բեմադրվում, այլ առաջանում են։ Եվ հենց այդ ֆոնին հատկապես ուշագրավ է «Գազպրոմ Արմենիայի» հայտարարությունը․ Ռուսաստանի տարածքում պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես դադարեցվելու է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Մեզ, իհարկե, հանգստացնում են․ անհանգստանալու պատճառ չկա, սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող գազի լրացուցիչ ծավալների հաշվին։ Հենց այստեղ է, որ քաղաքական թատրոնը պետք է ավարտվի, իսկ պետական հաշվարկը՝ սկսվի։
Որովհետև այս լարված տարածաշրջանային իրավիճակում գազը պարզապես խողովակով եկող վառելիք չէ։ Գազը էներգետիկ անվտանգություն է, տնտեսական կայունություն , իսկ մեր տարածաշրջանում՝ նաև քաղաքական գործոն։ Ու եթե տասը օր շարունակ օգտագործվելու են ներքին պաշարները, պարզ հարց է առաջանում․ իսկ դրանից հետո ի՞նչ է մնալու մեզ։

Այս հարցը խուճապ տարածելու համար չէ։ Սա պետության պարտականությունն է՝ այսօր հաշվարկել վաղվա ռիսկերը։ Որովհետև «ժամանակավոր» բառը անվտանգության երաշխիք չէ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես կարող է «ժամանակավորը» երկարաձգվել, իսկ դրա հետևանքները՝ մնալ։ Մեր գյուղմթերքների և այլ ապրանքների ժամանակավոր չընդունման, սահմանափակումների ու մատակարարման խնդիրների ժամանակ էլ, ասվում էր՝ ժամանակավոր է, կանցնի։ Բայց տեսանք՝ ինչ եղավ այդ «ժամանակավորի» և մեր տնտեսության հետ։ Հիմա գազի ժամանակավոր դադարեցումը ձեզ ոչինչ չի՞ հուշում։

Գուցե հենց այստեղ է պետք մի պահ դադարեցնել ԱԺ-ի անվերջ քաղաքական ներկայացումը և սկսել խոսել այն հարցերից, որոնք կարող են վաղը ուղղակիորեն մտնել յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր արտադրողի, յուրաքանչյուր քաղաքացու կյանք։ Որքա՞ն են մեր ներքին պաշարները։ Որքա՞ն ենք ծախսելու։ Որքա՞ն է լրացնելու Իրանը։ Եվ ի՞նչ է լինելու, եթե այդ «ժամանակավորը» հանկարծ ժամանակավոր չմնա։

Տա Աստված՝ ամեն ինչ լավ լինի։ Բայց պետությունը չի կարող իր անվտանգությունը կառուցել միայն «տա Աստված»-ի վրա։ Պետք չէ խաբվել «մենք ինքնիշխան ենք» բառերով։ Ինքնիշխանությունը հայտարարություն չէ։ Ինքնիշխանությունը սեփական ռեսուրսը հաշվելու, ռիսկը կանխատեսելու և վաղվա օրը պաշտպանելու կարողությունն է։
Գազը կարող է տասը օրով, գուցե շատ ավելի երկար ժամանակով, չգալ։
Բայց պետական մտածողությունը ոչ մի օր չպետք է բացակայի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի փոխնախագահին մերժել են․ Ավստրիա չի կարող այցելել

Իրանի փոխնախագահին մերժել են․ Ավստրիա չի կարող այցելել Mon, 14 Sep 2026 11:00:09 +0400 Իրանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով